Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

579
Տարածել

Արգելափակումից դուրս է բերվել 15 ավտոմեքենա

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 250 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է 40 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 60 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Կենտրոն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Տարբեր տարածքներում արգելափակված մի շարք մեքենաներ են դուրս բերվել երթևեկելի հատված:

Այլ կանչեր. Էրեբունու փրկարարներն ահազանգ են ստացել, թե Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի մոտակայքում քաղաքացին ընկել է ձորը, ոտքերը սառած են, չի կարողանում ինքնուրույն բարձրանալ: Հրշեջ-փրկարարները տղամարդուն հանել են ձորից, նա շտապօգնության մեքենայով ուղևորվել է հիվանդանոց, սակայն րոպեներ անց բժիշկները ահազանգել են, թե շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: Քանաքեռ-Զեյթունի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Հաղթանակի զբոսայգու «Մայր-Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում թռչող սարքն արգելափակվել է ծառի ճյուղերի արանքում: Հրշեջ-փրկարարները սարքն իջեցրել են ծառից:

Գեղարքունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Սոթք-Քարվաճառ ճանապարհին մեքենաներ են արգելափակվել: Ութ ժամում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա (50 ուղևորով) և շուրջօրյա հերթապահություն սահմանել: