Գլխավոր Նորություններ ՏՈՆ ՕՐԵՐԸ ԵՐԵՔՈՎ ԿՊԱԿԱՍԵՆ

ՏՈՆ ՕՐԵՐԸ ԵՐԵՔՈՎ ԿՊԱԿԱՍԵՆ

493
Տարածել

ՀՀ կառավարությունը առաջարկում է փոփոխել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և տոնական ու ոչ աշխատանքային օրերի ցանկից հանել հունվարի 3-ը, 4-ը, 5-ը:

Այսինքն՝ տարեվերջ-տարեսկզբին՝ Ծննդյան տոներին կունենանք չորս ոչ աշխատանքային օր. դեկտեմբերի 31, հունվարի 1, 2, 6:

Կառավարության դրական եզրակացություն ստացած նախագիծը կներկայացվի Ազգային ժողովին:

Կառավարության առաջարկի համաձայն՝ փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2018-ի հունիսի 1-ից:

Կառավարությունում վստահ են, որ այս փոփոխությունը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը և պետական մակարդակով նշելուն  և կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը:

Ըստ նախագծի հիմնավորման, մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստում է, որ «տոն»-ը բուն հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր: Հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածներին մատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որևէ հանդիսության նվիրված խնջույքը: Ժամանակների հետ տոնի իմաստը սեղմվել է, կայունացել և ստացել նշանավոր դեպքի կամ իրադարձության առիթով տեղի ունեցող հանդիսություն կամ հանդիսավոր օր իմաստը:

Հայաստանի Հանրաապետությունում,  համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացուցային օր է՝ այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Գումարած 15 ոչ աշխատանքային օր՝ ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան:

Աշխարհի ամենազարգացած երկրներից մեկում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատողներն ընդհանրապես չունեն վճարվող արձակուրդ, եթե չհաշվենք ընդհանուր առմամբ մոտ 10 օր ոչ աշխատանքային ազգային տոները: Բրազիլիայում շարքային աշխատողները տարեկան ստանում են 30 օր վճարվող արձակուրդ՝ գումարած 11 ոչ աշխատանքային ազգային տոները, Մեծ Բրիտանիայում ազգային տոները կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ: Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում դրանք 25-ն են: Ավստրիացիները նաև ունեն 13 տոնական օր, այնպես որ արձակուրդի ընդհանուր ժամկետը կազմում է 38 օր: Հնդկաստանում՝12 օր (գումարած 28 տոնական օր), Չինաստանում` 10 օր (տոների հետ՝ 21), Թայլանդում՝ 6 օր (ընդհանուր՝ 22) և Ֆիլիպիններում՝ 5 օր (տոների հետ միասին՝ 20):