Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՏԱՐԻՆ ՍԿՍԵԼ ՈՒ ԱՎԱՐՏԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՕԳՆԵԼՈՎ

ՏԱՐԻՆ ՍԿՍԵԼ ՈՒ ԱՎԱՐՏԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՕԳՆԵԼՈՎ

491
Տարածել

ՏԱՐԻՆ ՍԿՍԵԼ ՈՒ ԱՎԱՐՏԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՕԳՆԵԼՈՎ

Գուգարքի հրշեջ-փրկարարներն ամենուր են ու ամենահաս օրվա ցանկացած ժամին

«Ջոկատը փոքրաթիվ է, բայց իրար հասնող: Ուր էլ լինեն, երբ դեպքի վայր շտապող հրշեջ մեքենայի ազդանշանն են լսում, անձնական մեքենաներով արագ հասնում են գործընկերներին: Միշտ ասել եմ, որ 25 հրացանակիր ունեմ, մեկը մեկի կողքին կանգնած, պինդ, կոփված, առաջնագծում ծառայած տղաներ են և «Ապրիլյան քառօրյայի» ժամանակ էլ ջոկատս՝ իմ գլխավորությամբ, մեկ մարդու պես ցուցակագրվել էր Արցախ մեկնելու»,- ջոկատով հպարտ՝ Գուգարքի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սեյրան Խաչատրյանն է անկեղծ զրույցի բռնվում: 2014-ից է ստանձնել ջոկատի հրամանատարի պաշտոնը, իսկ մինչ այդ բավականին երկար ու հարուստ աշխատանքային ճանապարհ է անցել: Արմատներով Լոռու Մարց գյուղից է, 8-ամյա դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվում է Թումանյան բանավան, որտեղ էլ ավարտում է Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: Շուտով համալրում է պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի ուսանողության շարքերը, մասնագիտանում «Շինարարական մեքենաներ և սարքավորումներ» բաժնում: Առաջին աշխատանքային փորձը ձեռք է բերում Կիրովականի ճանապարհաշինարարական տեղամասում, այնուհետև տեխնասարքերի գործարանում՝ աշխատում որպես կոնստրուկտոր, բաժնի պետ, իսկ 1995-ից ընդունվում է ներքին գործերի նախարարության Վանաձորի հրշեջ բաժին՝ իբրև պարեկապահակային ծառայության տեսուչ: «1996-ին աշխատել եմ քրեական հետախուզության օպեր-լիազոր, 1998-ին ընդունվել ՆԳ նախարարության հրշեջ պահպանության վարչության Վանաձորի թիվ 21 ենթակա ռազմականացված հրշեջ մաս՝ որպես պահակախմբի պետ: 1999-2003 թթ. աշխատել եմ Վանաձորի թիվ 20 ինքնուրույն ռազմականացված հրշեջ մասում, 2004-ին Վանաձորի հրշեջ զորամասում ստանձնեցի կապի ծառայության պետի պաշտոնը, այնուհետև հրդեհային պետական տեսչության տեսուչի: Իսկ 2005-ին տեղափոխվեցի Լոռու մարզային փրկարարական վարչություն. աշխատել եմ որպես սպա, հրահանգիչ, ավագ հրահանգիչ, բնակչության պաշտպանության բաժնի պետ, մարզային ՃԿԿ-ի ավագ հրահանգիչ, իսկ 2014-ին նշանակվեցի Գուգարքի ՀՓՋ-ի հրամանատար»: Թեև ծառայել է առանց ակնկալիքների, բայց նվիրված ծառայությունը մշտապես գնահատվել է ինչպես ղեկավար կազմի, հասարակության, այնպես էլ մարզային ու տեղական իշխանությունների կողմից: Բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր ունի խնամքով պահած: Նա նաև պատվոգրի է արժանացել ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից՝ մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած ավանդի համար, երբ հրահանգիչ աշխատելու ժամանակ դպրոցներում վարժանքներ էր անցկացրել: 2017-ին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով պարգևատրվել է մեդալով՝ համակարգում 15 տարի անբասիր ծառայության համար: Բազմազբաղ փրկարար հոր գրաֆիկը չի խանգարել ընտանեկան ջերմ մթնոլորտում մեծացնելու և իրենց նպատակին հասցնելու երկու որդիներին՝ Դավիթին ու Անդրանիկին:

«1988-ին ընտանիք կազմեցի, սկզբում վարձով էինք ապրում: Երկրաշարժից հետո մեզ համար մետաղի թիթեղներից տնակ շինեցինք ու տեղափոխվեցինք այնտեղ: Մութ տարիներին ես ու մանկաբույժ կինս՝ Մարինե Ղազարյանը, որն այժմ թիվ 3 պոլիկլինիկայի փոխտնօրենն է, երեխաներին տնակում մեծացրինք, հետո տեղափոխվեցինք հանրակացարան: Հարևանների հետ սիրով ապրում էինք տնակային թաղամասում, ծնողներս էին գյուղից օգնում: Այժմ սեփական բնակարան ունենք, տղաներս բարձրագույն կրթություն են ստացել: Անդրանիկը Վանաձորում ատամնաբույժ է աշխատում, Դավիթը՝ Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղն է ավարտել, ամուսնացել է, կնոջ ու երկու տարեկան որդու՝ Սեյրան Խաչատրյանի հետ Ռուսաստանում է ապրում»,- տարիների հեռվից անցած ուղին է հիշում զրուցակիս ու հպարտ նշում, որ անկախ դժվարություններից, որդիները ջերմությամբ ու սիրով շրջապատված մանկություն են ունեցել, իրենք կատարել են ծնողական ամենակարևոր առաքելությունը՝ հասարակության համար պիտանի ու հայրենասեր որդիներ են մեծացրել:

Գուգարք գյուղի երկհարկանի մասնաշենքում տեղակայված ջոկատը սպասարկում է շուրջ 15 հազար բնակչություն ունեցող 13 համայնք: Ամենահեռավոր անկյունը ջոկատից 31 կմ այն կողմ գտնվող Դսեղ գյուղն է: Համայնքներից կենցաղային կանչեր հազվադեպ են հնչում, այստեղ ավելի շատ դիմում են հրդեհների, ավտովթարների, որոնողափրկարարական աշխատանքների և այլ դեպքերում: Տարին հատկապես աչքի ընկավ հրդեհաշատ սեզոնով: Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատն ավելի քան 40 հրդեհների է արձագանքել սպասարկող համայնքներում:

«Անտառներում չոր խոտածածկույթներ հանգցնելու համար մեր ամենահաս «Ռենո»-ով կարողանում էինք նույնիսկ ամենաբարդ տեղանքները մագլցել: Մասնակցել ենք նաև Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի տարածքներում բռկնված հրդեհների մարմանը: Ամենագնացը ոչ միայն մեր մարզում ու մարզից դուրս է վերելքներ ու վայրէջքներ հաղթահարել, այլև Վրաստանի Բորժոմիի կիրճի անտառներում բռնկված մեծամասշտաբ հրդեհների ժամանակ: «Ռենոն» կարող է ցանկացած տեղից ջուր վերցնել, արագընթաց է, քիչ ծախստար, ամենադժվար տեղանքներում գործը գլուխ բերող»,- ոգևորված պատմում են Գուգարքի ՀՓՋ-ի տղաները, որոնք 2014-ից ամենագնացը ստանալուց հետո բազմիցս են նմանատիպ դեպքերի արձագանքել:

Տարեցտարի ջոկատը երիտասարդանում է, հին կադրերը հերթով վաստակած հանգստի են մեկնում, նրանց տեղը համալրվում է Գուգարքից, Վանաձորից և Թումանյանի տարածաշրջանից ջոկատ ընդունված երիտասարդ տղաներով:

Վանաձորցի Էդգար Գրիգորյանն ավարտել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան՝ «Հրդեհային պաշտպանություն» բաժինը: Հեռակա ուսուցման 3-րդ կուրսից՝ 2012-ի սեպտեմբերից, աշխատանքի է անցել: «Ակադեմիայում սովորելու տարիներին լավ հիմք էին դրել, փորձն էլ այստեղ ձեռք բերեցի: Առաջին լուրջ փորձությունս Փամբակ գյուղի անտառում բռնկված մեծ հրդեհն էր, առաջին հերթափոխում էի ծառայում: Փորձառուների հետ էի աշխատում դեպքի վայրում, կարողացանք մարել հրդեհը, կարևորը՝ ռիսկով էի կպել գործին»,- հիշում է փ/ծ սերժանտ Էդգարը և խոստովանում, որ ամեն դեպքից հետո սովորելու նոր բան է ունենում: Իր կոչումը պատվով կրող փրկարարը մտադիր է երկար տարիներ շարունակել ընտրած ճանապարհը: Ցանկացած լավ ավարտ ունեցող դեպքից հետո կրկին ու կրկին համոզվում է, որ իր ընտրությունը ճիշտ էր:

«2014-ին Գուգարքի վարչական շրջանում երկհարկանի փայտե տուն էր հրդեհվել, ծնողները տանը չէին, 7-8 տարեկան երեխաների ենք փրկել կրակի ճիրաններից: Ճիշտ հրդեհաշիջման արդյունքում էլ կարողացել ենք կանխել կրակի տարածումը դեպի հարևան քոթեջները: Լավ ես զգում, երբ կարողանում ես մարդկանց օգնության ձեռք մեկնել»,- հավելում է 26-ամյա Էդգարը, որը ջոկատի մյուս տղաների պես ծառայում է բարեխղճորեն ու պատրաստ՝ ցանկացած պահի նետվելու դեպքի վայր:

Գուգարքի հրշեջ-փրկարարներն ամենուր են ու ամենահաս օրվա ցանկացած ժամին, նրանց ուղղված շնորհակալական խոսքն ու օրհնանքն անպակաս են: «2016-ի հունիսին ահազանգ ստացանք, որ 84-ամյա մի տատիկ կորել է Եղեգնուտ գյուղի անտառում: Նա Թումանյան քաղաքից Եղեգնուտ էր գնացել քրոջ որդու գերեզմանին այցելելու: Հետո անձրև էր սկսվել, չթրջվելու համար մտել էր անտառ, մութն ընկել էր, և կորցրել էր ճանապարհը: Երկրորդ հերթափոխի տղաները հասան դեպքի վայր: Զանգեցինք տատիկի բջջայինին, պատասխանեց, թե երկու քարի արանքում նստած է: Տղաները գյուղացիներից մեկի հետ երկու ժամ տևած որոնումներից հետո գտան տատիկին՝ իսկապես երկու քարի արանքում նստած: Տատիկին փրկարարները անտառից գրկած ու անվնաս բերեցին տուն: Նա տղաներին շնորհակալություն հայտնեց ու օրհնանքներով ճանապարհեց»,- ժպիտը դեմքներին՝ անցած դեպքն են վերհիշում ջոկատի հրշեջ-փրկարարները, որոնց սպասարկած դեպքերի ցանկը սկիզբ ու վերջ չունի:

«2016-ի դեկտեմբերին Թբիլիսիից 3 աղջիկ եկել էին Երևան՝ Հնդկաստանի դեսպանատանը վիզաներ ստանալու: Հետդարձին Վանաձորի ճանապարհին մերկասառույցի պատճառով չէին կարողացել ամառային անվադողերով շարունակել երթևեկությունը: Զանգահարեցին «911», գիշերը ժամը երեքին տղաները հրելով հանեցին արգելափակված մեքենան, իսկ աղջիկներին ուղեկցեցին ջոկատ, որտեղ տաք թեյ, մեր ունեցած սնունդը հյուրասիրեցինք, գիշերելու տեղ տրամադրեցինք, հաջորդ առավոտ ճանապարհեցինք Դիլիջան»,- պատմում է փ/ծ փոխգնդապետ Սեյրան Խաչատրյանը:

Գուգարքի ՀՓՋ հրամանատարն ուրախությամբ է փաստում, որ երիտասարդ փրկարարների հուսալի թիմ ու թիկունք ունի, տարին սկսել ու ավարտում են մարդկանց օգնելով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ