Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՍՊԻՏԱԿԻ ՀՓՋ-Ի ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ՍՊԻՏԱԿԻ ՀՓՋ-Ի ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

1181
Տարածել

Նրան «գեներալ»՝ գլխավոր փրկարար են ասում

Սպիտակում ամեն ինչ նոր է: Երկրաշարժից հետո Փամբակի լեռնաշղթան գրկած հարթավայրում փռված քաղաքում ամեն ինչ կարծես սպիտակի՝ ճեփ-ճերմակի մեջ է՝ տարվա բոլոր եղանակներին: Սպիտակ գույնն այստեղ չեն նկատում: 28 տարի է անցել կործանարար աղետից, մարդիկ կորցրածի ցավով են ապրում՝ Սպիտակի հին հուշերում: «Օր չի լինում, որ երկրաշարժի մասին չխոսենք, չհիշենք ահավոր օրը՝ դեկտեմբերի 7-ը»,- հուշերի մեջ՝ տխրամած ասում է Սպիտակի ՀՓՋ-ի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը, որի գլխավորած հրշեջ- մասն այսօր տեղակայված է Օձի ձորի պռնկին, Վանաձոր տանող ճանապարհին:

Երկրաշարժի ժամանակ Սերոբ Գաբրիելյանը քաղաքում էր: Բանակային էր: Ծառայությունն անցկացնում էր Բաքվում: Նոյեմբերի 25-ին թույլտվություն ստացավ գալ Սպիտակ՝ մասնակցելու եղբոր հարսանիքին: Պատմում է. «Ղարաբաղյան շարժում, Սումգայիթյան ջարդեր, Բաքվում հակահայկական տրամադրություններ: Զորամասը տագնապի ռեժիմով էր ապրում: Եկա կայարան: Մոտեցա վագոնի թուրք ուղեկցողին: Հարցրեց՝ «Էրմանի՞, ի՞նչ ես անում էս կողմերում», զգուշացրեց, որ գնացքը չի հասնելու Իջևան, վերջին կանգառը Ղազախին՝ հայկական սահմանին մոտ է լինելու: Նստեցրեց իր «կուպեն» ու պատվիրեց, որ՝ ով ինչ հարցնի, ոչինչ չասեմ: Դուռը փակում էր ու գնում իր պարտականություններին: Իջա Ղազախում: Մնացել եմ մենակ, ասացի ինքս ինձ՝ ինչ լինելու է, թող լինի, ու ոտքով բռնեցի սահմանի ճանապարհը: «Մոսկվիչ» էր գալիս, ձեռքս բարձրացրի՝ կանգնեց: Հարցրեցի՝ սահման կտանե՞ս, ասաց՝ ոչ: Քշեց մեքենան առաջ, հետո ետընթաց եկավ կողքիս կանգնեց, թե՝ նստիր: Սահմանին ռուսական զինվորներ էին կանգնած: Էդպես հասա տուն: Վա՜յ էն հարսանիքին՝ ոնց որ պատերազմի դաշտից տուն եկած լինեի»,- հիշում է Սերոբ Գաբրիելյանը: Հետո նորից վերհիշում անցածը, պատմում. «Հաջորդ շաբաթ երկրաշարժը եղավ: Մեր տունը փլվեց, բայց ընտանիքի անդամներից ոչ ոք չտուժեց»: Այսօր հին տան տեղում փոքրիկ «դոմիկ» է դրված: Տունը Սպիտակի ՀՓՋ-ի հարևանությամբ է՝ նույն փողոցում: Հիմա այնտեղ ոչ ոք չի բնակվում՝ «ուզբեկական» ճերմակ թաղամասում են ապրում: Իսկ տանը կից ավտոտնակը ՀՓՋ-ի համար լրացուցիչ պահեստարան է ծառայում: Ավտոտնակի բանալու տեղը բոլոր ջոկատայինները գիտեն:

Երկրաշարժի օրվա վաղ առավոտյան Սերոբ Գաբրիելյանը հոր հետ զինկոմիսարիատում էր: Որոշել էր՝ պիտի հետ գնար Բաքու՝ ծառայությունը շարունակելու: Ծնողները չէին թողնում: Բայց հարգեցին նրա որոշումը: Հոր հետ գնաց զինկոմին խնդրելու, որ զորամասի հրամանատարությանը հեռագրով տեղյակ պահի իր ուշանալու մասին: Հեռագիրն ուղարկելու պահին՝ 11:41-ին, երկրաշարժը եղավ: Սկզբում չհասկացան, թե ինչ կատարվեց: Դուրս եկան ավերված շենքից, քաղաքը փոշու ու հրդեհի մեջ տեսան: Հիշում է. «Օձի ձորում «նեֆտոբազան» էր: Բենզինն ու կերոսինը գետի պես թափվել էին հողի մակերեսին: Այդ պահին թե մի կայծ լիներ՝ Սպիտակը կջնջվեր երկրի երեսից»: Ամենուրեք հրդեհներ էին, բայց, բարեբախտաբար, այդ կայծը չեղավ:

Ավերակներում փրկարարական աշխատանքներին մասնակցեց, ուզում էր մնալ, օգնել քաղաքին, բայց կարգ ու կանոնի մարդ էր, պիտի գնար Բաքու՝ ծառայությունը շարունակելու: Քաղաքացիական հագուստով Թբիլիսիով գնաց: Բարեհաջող հասավ զորամաս, ու զարմացան նրա վերադարձից: Նրան հուշեցին, որ կարող է նամակ գրել Անդրկովկասյան զինվորական օկրուգ, խնդրել, որ իրեն տեղափոխեն Հայաստան: Խնդրանքը չմերժվեց: Որպես սպիտակցի՝ 20-ամյա բանակայինը ծառայությունը շարունակեց հայրենի քաղաքում:

Կիրովականի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղում էր սովորում՝ մեխանիկ-ինժեների մասնագիտությամբ: Բանակից հետո որոշեց հեռակայել: Դժվարությունները շատ էին: «Դոմիկում» էին ապրում: Աշխատել էր պետք, ավերից կորցրածը վերականգնել էր պետք: Ուսումն ավարտեց 1992-ին: Սպիտակում շինարարությունը եռում էր: Սկզբում աշղեկ էր, հետո՝ տեղամասի պետ: 1994-ին՝ որպես տեսուչ աշխատանքի անցավ հայրենի քաղաքի հրշեջ-մասում, դարձավ ավագ տեսուչ, հետո՝ հրշեջ-մասի պետի տեղակալ: Ավագ սերժանտի կոչումով էր զորացրվել բանակից, նոր ծառայությունում լեյտենանտի կոչում ստացավ: 2005-ի հուլիսի 15-ին նշանակվեց Սպիտակի հրշեջ-մասի պետ: Մինչև երկրաշարժը Սպիտակի հրշեջ-մասը սովետական նորմատիվներով կառուցված տիպային շենք էր՝ կանգնած այսօրվա անգարի տեղում: Երկրաշարժին շենքն ավերվեց: 6 հրշեջ, նրանց թվում՝ 1 կին, մնացին փլատակներում: «Որոշեցի, եթե պետը ես եմ, ուրեմն ծառայությունն այլ կերպ պետք է լինի: Պետք էր այնպիսի պայմաններ ստեղծել, որ հերթափոխը հաճույքով աշխատեր: Առաջին հերթին պիտի բարելավեի աշխատանքային պայմանները, հետո նոր կարող էի պահանջել լավ աշխատանք: Մարդը հրդեհաշիջումից վերադառնում էր մրոտ, ցեխոտ, մաքրվելու, լողանալու հնարավորություն չկար: Հրշեջ-«դոմիկում» վառարանի կողքին խեղճ ու կրակ կանգնած՝ սրտիս չէր տալիս: Պիտի փոխվեր ամեն ինչ, և փոխեցի»,- պատմում է ջոկատի հրամանատարը:

Նոր շինություն ունենալու հարցը բարձրացրեց ամենուր՝ խորհրդակցությունների, ժողովների ժամանակ, քաղաքային և մարզային իշխանությունների հետ հանդիպումներում: «Զուր: Պատասխանը միշտ նույնն էր՝ միջոցներ չկան,- ասում է ու անկեղծանում,- խոսքս էլ, երևի, որպես երիտասարդի խոսք էր ընկալվում, ու գործը տեղից չէր շարժվում»: Բայց Սերոբ Գաբիրելյանը շարունակում էր պահանջել ու այդպես՝ մի քանի տարի: «Որ տեսնում էի տղաներին «դոմիկի» մեջ, վառարանի կողքին, ես ինձ հրամանատար չէի զգում: Մեղավոր էի զգում: Անգարի մեջ էլ «գարաժ» էինք սարքել, որ մեր երկու մեքենաները ցրտից չսառչեն: Տեսա՝ հույս չկա, խնդրելով ու պահանջելով՝ ոչինչ դուրս չի գա»,- հիշում է հրամանատարը: 2007-ի հոկտեմբեր ամսվա օրերից մեկում որոշեց «դոմիկը» քանդել և համառ ու հաստատակամ գործի անցավ. «Եթե այս գիշեր ֆունդամենտը չկտրեցինք, գործը գլուխ չենք բերի երբեք»: Եվ ցուրտ գիշերով սկսվեց մեծ շինարարություն: Հրշեջ-մեքենաների լուսարձակների լույսով տրակտորը կտրեց այսօրվա շենքի հիմքերը: Սպիտակցի հրշեջներից ո՜վ չգիտեր շինարարական գործը: Հրամանատարն իր ուժերով, անձնական կապերով գտավ, բերեց երկաթբետոնե պանելներ: Եթե հրշեջները հերթափոխով էին աշխատում, ապա հրամանատարն՝ ամեն օր, նրանց հետ հավասար: Կանգնեցրին պատերը, տանիքը կապեցին: Մնաց գաջի գործը, իրենց մեջ գաջ քսող չգտնվեց, իրենք չարեցին, դրկից տներից մեկի հարևանին խնդրեցին՝ օգնեց: Շենքը կառուցվեց: Հրամանատարը հաջողեց հրշեջ-մասն ապահովել նաև գազով, եռաֆազ հոսանքով: Մեքենաները ջրով ապահովելու համար արտեզյան ջրհոր փորեց: Շենքն այսօր հնին նման չէ. ճերմակ պատերով միահարկ կառույց է՝ կումունալ-կենցաղային բոլոր հարմարություններով: Շենքը կառուցվեց, ու առաջին հերթին հիշեցին երկրաշարժից զոհված հրշեջներին: Ծաղկազարդ շինության դիմաց հուշաքար-խաչքար կանգնեցրին: Ամեն օր հերթափոխն իր աշխատանքը սկսում է հենց այդտեղից՝ նրանց հիշատակին լուռ հարգանքի տուրք մատուցելով: Ու թարմ ծաղիկներն հուշաքարին դրված են միշտ, որովհետև առաջնային իրենց ծառայությունն անպատկերացնելի է առանց անցյալի հուշի: Այսօր արդեն հրշեջ-փրկարարական ջոկատի կազմակերպած միջոցառումներին պարտադիր մասնակից են հին ու նոր բոլոր հրշեջները, դրկիցներն ու նաև… հուշաքար-խաչքարի վրա փորագրված վեց անուն հրշեջները: Նրանց ուրախությունը սպիտակցիներինն է: Նոր տարին էլ տոնում են Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ: Կատակում է հրամանատարը. «Մի տարի Ձյունանուշը Վանաձորի պետական թատրոնից մի սիրուն աղջիկ էր: Տղաները հմայված էին նրա տեսքով: Ամեն բան թողել՝ միայն նրան էին նայում»:

Վաստակաշատ փրկարարին դժվար է զրույցի հրավիրել: Համեստորեն լռում է միշտ, ժպիտով դիմավորում հյուրին, օգնության ձեռք մեկնում:

Մարտական բարձր պատրաստվածության համար ջոկատը բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր ունի. դրանցով է զարդարված փրկարար փոխգնդապետի աշխատասենյակը, և նորը կախելու տեղ էլ կարծես թե չի մնացել: Ու դրանց շարքում ամենանվիրականը, թերևս, համարում է շնորհակալագիրը, որին արժանացել են 2014-ի հունվարի 23-ին Սպիտակ քաղաքի փայտյա երկհարկանի հանրակացարանում բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին անձնվեր մասնակցություն ունենալու համար: «Արդեն մտածում էինք թաղամասը տարհանելու, այրվող շենքի մի մասը քանդելով՝ կրակը մեկուսացնելու մասին: Տրակտոր, էքսկավատոր բերեցինք, 4 մարտական հաշվարկ եկավ, քաղաքապետարանի ջրի մեքենան: Հրաշքով կարողացանք թաղամասը փրկել կրակից՝ առանց շենքը քանդելու և տարհանելու: Անձնվեր աշխատանքի համար քաղաքապետարանը 10 հրշեջների դրամական խրախուսանքի արժանացրեց: Բայց տղաների համախմբումն այնքան մեծ էր, որ, իմ որոշմամբ, խրախուսանքի արժանացան բոլորը»,- պատմում է հրամանատարը:

Սպիտակի երկրաշարժից հետո Սերոբ Գաբրիելյանը խոր ցավով է վերաբերվում բոլոր աղետներին: Երբ 2012-ին Տոկիոյում մասնագիտական վերապատրաստման դասընթացներին էր մասնակցում, ականտես եղավ 2011-ի մարտի 11-ին երկրաշարժի և ցունամիի հետևանքով ավերված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի վերացման աշխատանքներին: «Ինձ այնքա՜ն ծանոթ տեսարաններ էին. մենք արդեն Սպիտակի երկրաշարժ էինք տեսել, նույն ավերված, կիսաքանդ շինություններն էին: Այդ տեսարաններից ազդված՝ մտադրվեցի Սպիտակում հուշաքար-խաչքար տեղադրել»,- ասում է փրկարարը: Մտադրվեց ու տեղադրեց: Խաչքարն այսօր դարձել է ճապոնացի զբոսաշրջիկների ուխտավայր: Նրանց համար ուխտավայր է դարձել նաև Սպիտակի ՀՓՋ-ն, գալիս են, հարգանքի տուրք մատուցում զոհված ջոկատայիններին ու հեռանում՝ իրենց հետ տանելով սպիտակցու հայկական ոգուց ամենագլխավորը՝ մարդասիրությունը: Ու շարունակվում է ուխտագնացությունը Սպիտակ… վերջին ժամանակների երկրաշարժերի պատմության մեջ ամենաավերիչ էպիկենտրոնը: «Ճապոն ժողովուրդը յուրահատուկ է, հայկականին մոտ են թե՛ վարք ու բարքով, թե՛ հյուրընկալությամբ»,- նշում է զրուցակիցս: 1988-ը և 2011-ը սգո տարիներ են Հայաստանի և Ճապոնիայի համար: Մեր երկրում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին՝ տիկնոջ հետ, տարին երկու անգամ՝ մարտի 11-ին և դեկտեմբերի 7-ին, ուխտագնացության է գալիս Սպիտակ: Այս տարվա դեկտեմբերի 7-ին էլ հրամանատարի գլխավորությամբ դիմավորեցին դեսպանին: Կարևոր միջոցառումներում փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը Էյջի Տագուչիի ցանկալի հյուրերից է:

Սպիտակի լեռնացքի ոլորաններում ձյուն-ձմեռ է, մառախուղ, մերկասառույց: Սպիտակը պատվել է «մուգ» ճերմակով: Համատարած ճերմակի մեջ ավտոմեքենան զգուշորեն սահում է մերկասառույցով պատած ճանապարհով՝ դեպի ոլորաններ: Ամենուրեք փրկարարներ են. օգնում, ճանապարհում են ընթացքից ետ ընկած ճամփորդներին: Լոռեցի ուղեկիցներիցս մեկը, չիմանալով, որ ճանաչում եմ Գաբրիելյանին, ներկայացրեց նրան. «Այս կողմերում եթե ասեն, որ Գաբրիելյանն ասում է՝ սևը սպիտակ է, ուրեմն՝ հենց էդպես է: Փոխգնդապետի կոչում ունի, բայց փրկարարական գործում էնպիսի համարում, որ նրան «գեներալ»՝ գլխավոր փրկարար են ասում»:

Ու նորից հիշեցի «գեներալի» խոսքը՝ 91-ամյա Սերյոժա Դունամալյանի հետ հանդիպումից (հին հրշեջը դեռ մեզ հետ էր) հետո՝ ինձ ճանապարհելիս. «Ոլորաններից այս կողմ ինչ պատահի, «911»-ի մեր տիրույթն է: Կօգնենք՝ ինչով կարող ենք»:

Եվ օգնում է՝ չխնայելով ոչինչ…