Գլխավոր Ուսուցողական նյութեր ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈԹՔՈՒՄ

ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈԹՔՈՒՄ

558
Տարածել

«911.Արտակարգ թերթի» սիրելի ընթերցող, այս հոդվածով ամփոփում ենք այս տարվա մի շարք համարներում ձեր ուշադրությանը ներկայացված Հայաստանի պատմական երկրաշարժերի մասին պատմող հոդվածաշարի հրատարակումները՝ ներկայացնելով միջնադարյան Հայաստանի վերջին հզոր իշխանական տան՝ ՄելիքՇահնազարյանների տիրույթները հանդիսացած Սոթք գավառում վերջին տարիներին իրականացված հնագիտական և երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքում նոր լույսի ներքո ներկայացող տարածաշրջանի անցյալի պատմությունը:

Սոթք գյուղը (և համանուն լեռնադաշտը) գտնվում է Գեղարքունիքի մարզի հարավարևելյան հատվածում, որտեղ հնագիտական լայնածավալ ուսումնասիրություններ է կատարում ՀՀ ԳԱԱ հնագիտական-երկրաբանական արշավախումբը: Բարեբեր դաշտավայրը, ռազմավարական կարևոր դիրքը և Մերձավոր Արևելքի ամենամեծ ոսկու հանքի առկայությունը կանխորոշել են բնակավայրի տարածաշրջանային կենտրոն լինելու հանգամանքը հնագույն ժամանակներից մինչ միջնադար: Այդ մասին հաղորդում են ինչպես վիմագրի սկզբնաղբյուրներն ու մատենագրական տեղեկությունները բնակավայրի անցյալի պատմության վերաբերյալ, այլև հնագիտական պեղումների և երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքներով ձեռք բերված տվյալները:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բնակավայրը շարունակաբար բնակեցված է եղել սկսած մ.թ.ա. 3-րդ հազարամյակից:

Սոթքի զարգացմանը մեծապես նպաստել են ոսկու հարուստ պաշարները, որն արտահանվում էր Միջագետք դեռևս շումերների ժամանակներում: Ուրարտական սեպագրերում տարածաշրջանը «Ուշկիանի» անունով է հիշատակվում, որն հնչյունափոխված «Ոսկեշեն» ձևով շարունակվել է կիրառվել մինչ ուշ միջնադար և ուղղակիորեն կապված էր ոսկու արդյունահանման հանգամանքի հետ: Հայտնաբերվել են բազմաթիվ հանքահորեր, որոնք շահագործվել են հնագույն ժամանակներում:

Սոթքը շարունակաբար եղել է Ծավդեից իշխանների, ապա Առանշահիկների և Դոփյանների տիրույթներում: 16-րդ դարում Սոթքը դառնում է Մելիք-Շահնազարյանների իշխանանիստ ավանը, ովքեր ժամանակի ամենաազդեցիկ տոհմն էին և կրում էին Արարատյան մելիքների գահերեց տիտղոսը: Հզորացած Մելիք-Շահնազարյանների տոհմաճյուղերը 17-րդ դարում հաստատվում են նաև Գանձակում և Արցախում՝ հիմք դնելով Ոսկանապատի ու Վարանդայի մելիքություններին:

Սոթքը, հանդիսանալով Ռմբոստյան կիրճով Արցախ մտնող կարևորագույն լեռնանցք բարձրացող ճանապարհի վերջին բնակավայրը, ռազմավարական հանգրվան է եղել միջնադարյան Դվին-Պարտավ առևտրական ճանապարհին: «Սոթք-1» պայմանական անունն ստացած վաղմիջնադարյան ամրոցի պեղումները ցույց տվեցին, որ այն ունեցել է այդ ճանապարհը վերահսկող ֆունկցիա և մոտակա «Նորաբակ-1» ամրոցի հետ կազմել Սևանի հարավարևելյան ավազանի պաշտպանությունն իրականացնող ամրաշինական համակարգի մի օղակը:

Արշավախումբը հայտնաբերեց նաև այդ ճանապարհին գտնվող և միջնադարյան արաբ աշխարհագիրների կողմից հիշատակված Զաութիս քարավանատունը՝ կիսավեր վիճակում, որի պեղումները նախատեսվում են առաջիկայում:

Ցավոք, մեր օրեր չեն հասել Սոթքի երբեմնի իշխանական պալատները, և անցյալի կառույցներից միայն Ս. Աստվածածին եկեղեցին է, որ կանգուն է այժմ: Եկեղեցին ունի շինարարական մի քանի հորիզոններ, որոնցից ամենակարևոր հիմնանորոգումը կատարվել է 1276 թվականին՝ համաձայն հարավային պատին գտնվող արձանագրության:

Թեև մինչ օրս չունենք վիմագրական կամ մատենագրական որևէ տվյալ՝ երկրաշարժերի հետևանքով Սոթքում տեղի ունեցած վնասների վերաբերյալ, սակայն պետք է ենթադրել, որ գյուղն ընկած է եղել Գանձակի 1139 թ. 10-բալանոց ուժեղ երկրաշարժի ավերածության գոտում՝ պայմանավորված էպիկենտրոնի՝ գյուղին չափազանց մոտ գտնվելու հանգամանքով: Եկեղեցու եթե ոչ այս, ապա այլ նորոգումներից մեկը, անպայմանորեն, պիտի կատարված լինի այս երկրաշարժի հետևանքներով պայմանավորված:

Հուսանք, որ առաջիկա տարիներին նախատեսված ուսումնասիրությունները նոր տվյալներ ի հայտ կբերեն այս, նաև այլ երկրաշարժերի հետևանքների վերաբերյալ, որոնք պատահել են Սոթքի տարածաշրջանում՝ պատմության անհիշելի ժամանակներից սկսած:

 

Ավետիս ԳՐԻԳՈՐՅԱՆ

«ՍՊԱրմԾ» ՊՈԱԿի ԲՏԱԿի առաջին կարգի մասնագետ,

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայցորդ

 

Հեղ. կողմից.- «911.Արտակարգ թերթի» մի շարք համարներում «Վիմագրություն և երկրաշարժեր» խորագիրը կրող հոդվածաշարի հրատարակության ընթացքին աջակցելու և օգտակար քննարկումների համար իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Եղյանին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Հրաչ Պետրոսյանին և «ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Սոս Մարգարյանին: