Գլխավոր Միջոցառումներ ԲԱՐԻ ԵՐԹ, ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

ԲԱՐԻ ԵՐԹ, ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

542
Տարածել

34 շրջանավարտ՝ մագիստրոսի կրթական ծրագրով

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան մագիստրոսի կրթական ծրագրի երկու մասնագիտության գծով՝ «Փրկարարական գործ» և «Ճգնաժամային կառավարում», տվեց 34 շրջանավարտ, ովքեր ձեռք են բերել արտակարգ իրավիճակներում գործելու մասնագիտական գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ: ՃԿՊԱ-ն մագիստրոսի որոկավորմամբ շրջանավարտ առաջին անգամ տվել է 2009 թվականին, սա 9-րդ անգամն էր:

34 շրջանավարտից 23-ն աշխատում են ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում, 2-ը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերում, 7-ը՝ ՀՀ այլ ուժային կառույցներում և տարբեր կազմակերպություններում:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը ղեկավարում էր ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ  գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, անդամներն էին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վահագն Օհանյանը, ակադեմիայի ռեկտոր, փ/ծ  գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը, նախարարության և ակադեմիայի այլ մասնագետներ: Շրջանավարտները խոստացան իրենց գործունեությամբ ու աշխատանքով ապացուցել ակադեմիայի տված գիտելիքների և մագիստրոսի աստիճանի արդյունավետությունը:

«Համոզված ենք, որ մագիստրոսի դիպլոմը սկիզբ կդառնա մի նոր հաղթական ճանապարհի, որտեղ անհրաժեշտ կլինի կիրառել ստացված ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքները: Ցանկանում ենք, որ իրականանան ակադեմիայի շրջանավարտների բոլոր երազանքներն ու խաղաղ լինի նրանց ուղին», — մեզ հետ զրույցում ասաց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը:

Բարի երթ, շրջանավարտ, հաջողությունը քեզ միշտ ուղեկից: