Գլխավոր Միջոցառումներ ԱՇԽԱՐՀԻԿ ՄՈԼՈՐԱԿ — ԿԱՐԿԱՄ

ԱՇԽԱՐՀԻԿ ՄՈԼՈՐԱԿ — ԿԱՐԿԱՄ

369
Տարածել

 

Եթե մտածում ես, ուրեմն՝ նաև ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՍ, ԿԱՐԿԱՄՈՒՄ: Չեմ ուզում ասել՝ մտածելը հենց կասկածելն է, փորձում եմ ուրիշ բան ասել. «կարկամ»-ը երկու կես եմ անում և ունենում եմ ԿԱՐ ու ԿԱՄ, որոնք արդեն, թեկուզև՝ ենթագիտակցության մեջ, ուրիշ նշանակություններ էլ են նշմարում: Բայց հանգիստ թողնենք ենթագիտակցությանը…

Ինքն իրեն անպայման եվրոպակենտրոն քաղաքակրթության մեջ պատկերացնողի միտքը «կասկածելն ու կարկամելը» ակամա առնչում է նորկտակարանային հայտնի դրվագին. ապագա առաքյալը չի կարողանում քայլել ջրերի վրայով, և Ուսուցիչը հանդիմանում է նրան՝ ինչո՞ւ կասկածեցիր, անհավա՛տ…

Պարզ տեսանելի է «հակասությունը», որ գոյություն ունի հավատալու և մտածելու միջև: Այդուհանդերձ, հիշյալ հակասությունը նախևառաջ հոգևոր ոլորտում գործող իրողություն է: Ասում ենք նախևառաջ, որովհետև իմանալու և գործելու ոլորտների միջև տարված սահմանները պայմանականություններ են, թեպետև՝ անհրաժեշտ պայմանականություններ: Այնքան անհրաժեշտ, որ դրանք ավելին են, ըստ երևույթին, քան իրականությունն ինքը, որը սկզբունքորեն անիմանալի է, ու նաև այդ է պատճառը, որ իմանալին դարձյալ հենց պայմանականություններն են:

***

Վերևում ասացինք՝ քաղաքակրթություն: Պատահական բառ չէ, դա ՄԻԱԿ ՄԻՋԱՎԱՅՐՆ է, ըստ երևույթին:

ԱՌԱՆՑ ԿԱՍԿԱԾԱՆՔԻ փաստելով, որ մարդը հոգևոր արարած է, ի տարբերություն մյուս արարածների, նույն պահին իսկ գլխի ես ընկնում, որ մարդկանց աշխարհը բնորոշելիս հակված ես գործածելու առավելապես «քաղաքակիրթ» բառը։ Դա լավագույն դեպքում, որովհետև որոշակի պարբերականությամբ, պատմությունը վկա, մարդն իր «քաղաքակիրթ» բարքը մի անհասկանալի բնազդով փոխարինում է «բարբարոսությամբ»։

(Գոնե փակագծերում հասցնենք ասել, որ ԱՌԱՆՑ ԿԱՍԿԱԾԱՆՔԻ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՊՆԴԵԼՆ ԻՆՔՆԻՆ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԱՐԱՐՔ Է: Նույն փակագծերում էլ հիշենք, որ մարդուն համարում են ոչ միայն արարչության պսակ, այլ նաև (այդպիսի տեքստեր ևս կան)՝ գենետիկական սխալի «արգասիք» (այս տեսակետից Նիցշեի պնդումն ավելի ընդունելի է ու նույնիսկ՝ լավատեսական. «Մարդը մի բան է, որը պիտի հաղթահարվի»: Համենայն դեպս՝ լավ է, որ երկու հասկացություններն էլ ընդամենը ճանապարհի սկիզբ են նշում, և երբեք՝ վերջին հանգրվան — եթե այս անգամ էլ պայմանավորվենք, որ միշտ ժամանակ կա որևէ ճանապարհ անցնելու։)

Այսպիսով, Մեր Աշխարհն իր պատկերով՝ դեմք ու դիմագծերով, անհիշելի ժամանակներից սկսած, Դրախտից հետո, գերակշիռ մասով քաղաքակրթության ծնունդ է։

Արդյունքը չափազանց աշխարհիկ մոլորակն է, իր՝ թեպետ պոռթկումնավոր, բայցև աղոտ  հիշեցումներով, որ Այլ Հնարավորություն, այնուամենայնիվ, Տրված է Եղել։

Մարդն արարվել է Ազատ Կամքով, մարդը կամովին Ընտրել է ա՛յս ճանապարհը, քաղաքակրթության ճանապարհը՝ դար առ դար Աշխարհիկացնելով իր մոլորակը։

Ինչպե՞ս։ Ես կարծում եմ, մասնավորաբար, Հոգևոր Հաստատությունները փոխարինելով աշխարհիկ հաստատություններով և Հավերժական ու Հիմնարար Արժեքները վերաարժևորելով։

Հիմնարար Արժեքները մարդուն տրված են մեկ անգամ և ընդմիշտ։ Ժամանակի ու տարածության որոշակի հատվածում ի՞նչ և ինչո՞ւ է փորձում «վերաարժևորել» քաղաքակրթությունը։ Մանավանդ՝ հաջողում էլ է։ Քաղաքակրթությունը «կարողանում» է վերաարժևորել, ասենք, Հավատարմությունը և ստանալ Դրա Հակառակն՝ իբրև նոր արժեք… Եվ դա անհեթեթ չի լինում, որովհետև լինում է համատարած։

Մարդու՝ քաղաքակրթության կողմից արտոնված այս գործողությունները գրեթե միշտ կոչվել են Հեղափոխություն՝ զանգվածային (երբեմն՝ ոչ այնքան) և արյունոտ (երբեմն՝ ոչ այնքան) մի Միջոցառում, որը գրեթե միշտ հիմնավորվել է ինչ-ինչ գաղափար(ախոսություն)ներով և միշտ ունեցել գրեթե նույն կարգախոսները։

Այնքան ու մինչև այնտեղ, որ Մշակույթն անգամ աշխարհիկանա, իբրև թե՝ հասու դառնա  զանգվածներին։

Դեմ կամ կողմ լինելու հարց չկա, այլ՝ հասկանալու, ճանաչելու, ինչը համարում եմ մարդուն իսկապես արժանի միակ «զբաղմունքն» Այստեղ։

Ինչո՞ւ է Հողից հեռանալը (քաղաք, ասել է՝ քաղաքակրթություն հիմնելու նպատակով) հեռացնում Երկնքից նաև։ Այդ ի՞նչ Ամբողջականություն է Քանդվում մարդու կենսագործունեության ընթացքում, որ բոլոր «լուսավոր ուղեղները» հանկարծ սկսում են քաղաքակրթության մայրամուտ կանխատեսել։

Ինչո՞ւ ոչ մի սահմանադրություն չի կարողանում դեմոկրատ դարձնել մարդուն, ինչո՞ւ դեմոսն ինքը չի ընդունում դեմոկրատիան։

Ինչո՞ւ մարդն իր առջև ծառացած հարցերի պատասխանները փնտրում է ո՛չ Այնտեղ, ստույգ՝ երբևէ պատասխաններ չպարունակած լայնություններում, ավելի ստույգ՝  հորիզոնական փռվածքներում։

ԿԱՍԿԱԾԸ ՍՐՏԻ ՄԵՋ խրած մի պնդում. նույն հարթության մեջ չեն կարող և՛ հարցեր առաջանալ, և՛ պատասխաններ ծնվել։ Նույն տեղում հարցեր ու պատասխաններ մի կերպ զետեղելը մայր մտած քաղաքակրթության քրքրված տիկնիկին Նոր Ներկայացման մեջ զբաղեցնել կնշանակի։ Նոր Ներկայացման բնորոշումը չունեմ։ Այդուհանդերձ, պատասխան ստանալու համար հարթությունը պետք է փոխել…

***

Տարիներ առաջ մի հարցազրույց կարդացի գրական հանդեսում: Խոսվում էր մեր ձեռագիր մատյանների վերականգնման (ռեստավրացիա) աշխատանքների մասին, բայց խոսքի ընդգրկումը շատ ավելի մեծ էր և կարելի էր այդ խոսքում երանգներ (հոծ գույներ ու գծեր) գտնել, որոնք առնչվում էին հենց Պատասխանների Հարթությանը, ինչի մասին ասացի արդեն:

Մասնագետը կամ Հասկացողը, որ այս դեպքում ավելի տեղին է, վստահեցնում էր, որ լավ հայտնի է, թե ծաղկած մատյանների մանրանկարները ստեղծելիս ինչ նյութեր են օգտագործել Վարպետները. այն մանրանկարները, որոնք այդպես էլ չեն խունանում, որոնք անխաթար հասել են մեզ… ու թվարկում էր ներկատեսակները, սոխը, ոսկին… և ավելացնում. «Գիտենք, բայց նույն նյութերն օգտագործելով՝ նույնպիսի նկարազարդումներ ոչ մի կերպ չենք կարողանում ստանալ»: Դրանց որակի՛ մասին էր ասում, դրանց երկարակեցությա՛ն մասին էր ասում, ներազդելու կարողությա՛ն մասին նաև…

Ու ինքն էլ եզրակացնում էր՝ մի բան, այնուամենայնիվ, պակասում է, մի գլխավոր, մի շատ կարևոր բան… Գուցե դա հավա՞տն է: Ասում էր…

Ամեն ինչ չէ, որ պետք է տողատակ տանել, մարդն իմացել էր, որ առանց հավատի, չես ուզում՝ ասա՝ առանց հոգու, դա էլ չես ուզում՝ ի՛նքդ բառ գտիր, ի՛նքդ հասկացիր ու ինքդ ասա, որ կա մի բան, առանց որի որդան կարմիրը որդան կարմիր չէ, սոխը սոխ չէ, ոսկին անգամ ոսկի չէ:

Ի՞նչ եղավ. եղավ նո՞ւյնը՝ ինչու կասկածեցի՞ր, անհավա՞տ… Բայց հասկացանք նաև, որ սա աշխարհիկ մոլորակ է, այնպես չէ՞…

Ի՞նչ անել: Զրուցել, մտածել, հավատալ որոնման շարունակությանը: Գուցե:

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ