Գլխավոր Միջոցառումներ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

1163
Տարածել

Հնուց ի վեր հրդեհը մարդուն սպառնացող ամենասարսափելի չարիքներից մեկն է: Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ հրդեհի հետևանքով այրվել և ոչնչացել են խոշոր քաղաքներ և բնակավայրեր, զոհվել են հազարավոր մարդիկ: Հրդեհները չարիք են եղել և կան, հատկապես, մարդկային կուտակումներով օբյեկտների համար (ուսումնական, մշակույթի, առևտրի, սպորտի, սոցիալական նշանակության և այլն), որոնց զգալի մասը վերանորոգման, ուժեղացման և հրդեհային անվտանգության համակարգով ապահովման կարիք ունի:

Այս վիճակին ավելանում են ներկայիս տնտեսական անկայունության պայմաններում` նյութական արժեքների պահպանության, կազմակերպությունների «անվտանգ» գործունեության ապահովման համար՝ մարդկային կուտակումներով օբյեկտների ղեկավարների կողմից կիրառվող միջոցները, որոնք հակասում են օբյեկտների շինարարական, հակահրդեհային պահպանության և շենքերում մարդկանց անվտանգության ապահովման պահանջներին: Դրանք են. պատուհաններին ճաղավանդակների տեղադրումը, պահուստային և վթարային ելքերի կանխամտածված փակումը, տարհանման ուղիների արգելափակումը, հրդեհի դեպքում անվտանգության գոտիներին պատկանող պատշգամբների և խորշապատշգամբների ապակեպատումը, միջանցքների, դահլիճների և հանդիսությունների սրահների պատերի հարդարումը դյուրավառ նյութերով և այլն:

Մարդկային կուտակումներով օբյեկտների, հատկապես թատրոնների հրդեհները դեռ հնուց պատուհաս են եղել մարդկության համար:

Աշխարհում ոչ մի թատրոն երաշխավորված չէ հրդեհից: Թերևս, միայն անտիկ ժամանակաշրջանում թատրոնին՝ իր բաց ամֆիթատրոնով և լայնարձակ բեմահարթակով, առանց կուլիսների և վարագույրների, հաջողվել է խուսափել հրդեհներից: Հիմա թատրոնն այլ է. շքեղ դեկորացիաներ, հարուստ և փայլփլուն հանդերձանք, լուսային և ձայնային էֆեկտներ:

Թատրոններում տեղի ունեցած խոշոր հրդեհների առաջին հիշատակությունները թվագրվում են 1668 թվականով, երբ Դանիայի թագավորության մայրաքաղաք Կոպենհագենի թատրոնի հրդեհի ժամանակ առաջացած խուճապի և հրմշտոցի պատճառով զոհվեց 290 մարդ: Դրանից հետո աշխարհի 1500-ից ավելի թատրոն տուժեց հրդեհից, ընդ որում՝ կեսից ավելին հիմնահատակ կործանվեցին:

Վիճակագրական տվյալների համաձայն, 18-20-րդ դարերում թատրոններում, կրկեսներում և այլ մշակութային օբյեկտներում տեղի ունեցած հրդեհները խլել են 12,5 հազարից ավելի մարդու կյանք:

20-րդ դարի աղետալի հրդեհներից է Չիկագոյի «Իրոկեզ» թատրոնում 1903 թվականի դեկտեմբերի 30-ին բռնկված հրդեհը, զոհերի թիվը հասավ 600-ի: Հրդեհն առաջացել էր լուսային էֆեկտ ստանալու համար օգտագործվող ացետիլենային լամպի կայծից: Թատրոնի աշխատակիցներին չհաջողվեց կանխել կրակի ներթափանցումը բեմից հանդիսասրահ, քանի որ բեմի հակահրդեհային վարագույրի իջեցման կես ճանապարհին մեխանիզմը խափանվեց և ամենակուլ բոցը տարածվեց հանդիսականներով լեցուն դահլիճում: Հանդիսականների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնք առաջացած խուճապի և հրմշտոցի պայմաններում ընկնում էին ոտքերի տակ և ճզմվում: Թատրոնի տարհանման ելքերի մոտ գոյացել էին մարդկային մարմիններից ստեղծված բլրակներ, որոնց բարձրությունը գերազանցում էր 3 մետրը: Ներկայացման 900-ից ավելի հանդիսականների գերակշիռ մասը զոհվեց սարսափելի մահով:

«Իրոկեզ» թատրոնում տեղի ունեցած հրդեհի լուրը տարածվեց աշխարհով մեկ, սակայն շատ քչերն անհրաժեշտ հետևություններ արեցին` շարունակելով երկրորդական դեր հատկացնել թատրոնների հրդեհային անվտանգության հարցերին: Եվ կրակե արհավիրքը շարունակում էր պատժել մարդկանց` անփութության, անգրագիտության և անտարբերության համար:

Ցավոք, մեր հանրապետությունում գործող մշակութային օբյեկտներին, այդ թվում նաև թատրոններին չհաջողվեց խուսափել հրդեհներից, որոնք ուղեկցվեցին մարդկային կորուստներով և զգալի նյութական վնասով:

1985-ին Երևանի մարզահամերգային համալիրի պտտվող տրիբունայի 500 Վտ հզորությամբ լամպում առաջանում է կարճ միացում: Շիկացած նիկելի մասնիկներն ընկնում են տրիբունայի աթոռների վուշե պաստառների վրա և բոցավառվում: Աշխատակիցները չեն գտնում կրակմարիչները, հրդեհային ծորակները փողրակներ չունեին, անջատված էին ջրի ճնշումն ապահովող պոմպերը: Կրակը տարածվում է բեմից մինչև համերգային և մարզային դահլիճներ և միայն այն ժամանակ, երբ հրդեհի մարումն անհնար է դառնում, աշխատակիցներն ահազանգում են հրդեհային պահպանություն: Դժբախտաբար, կորուստները միայն նյութական չէին. հրդեհից զոհվեց 2 աշխատակից:

1999-ին հրդեհ բռնկվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ հրդեհային անվտանգության տեսուչի առանձնասենյակում միացված էլեկտրական սալիկի կարճ միացման հետևանքով: 2000 թվականին հրդեհ բռնկվեց նույն թատրոնի տանիքում, իսկ 2011-ին՝ Երևանի Կամերային երաժշտության ազգային և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոններում, որոնք միայն երջանիկ պատահականությամբ ծանր հետևանքներ չունեցան: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվեց սեղմ ժամկետում մեկուսացնել ու մարել հրդեհները` կանխելով դրանց հետագա զարգացումն և տարածումը:

Հաշվի առնելով, որ թատրոններում հրդեհների առաջացման հիմնական պատճառը դյուրավառ նյութերի առատությունն է՝ սկսած զգեստապահարաններից և դեկորացիաներից մինչև ներկ ու գրիմի նյութեր, մասնագետներն եկան այն համոզման, որ թատրոնների խոշոր հրդեհները գործնականում անհնար է մարել, ուստի, նման իրավիճակներում հանդիսականներին կրակի ճիրաններից փրկելու միակ և գործուն եղանակը տարհանումն է: Հրդեհի հետևանքով առաջացած ջերմությունը, թունավոր նյութերը, այրման արգասիքները, կառուցվածքի փլվածքները և դրանց հետևանքով տարհանման ուղիների և ելքերի արգելափակումը և այլ գործոնները մարդկանց վրա սկսում են ազդել հրդեհի առաջացման սկզբնական փուլում (առաջին րոպեներից): Իսկ տարհանման ժամանակ մարդկանց անվտանգությունն ապահովվում է այն դեպքում, երբ տարհանման թույլատրելի ժամանակը (տևողությունը) փոքր է հրդեհի ժամանակ մարդկանց համար կրիտիկական պայմանների առաջացման ժամանակից: Դրանք են՝ թթվածնի խտության նվազում, օդում այրման հետևանքով առաջացած թունավոր նյութերի թույլատրելի քանակի գերազանցում, տարածքի ծխապատման հետևանքով տեսանելիության նվազում և այլն:

Տարհանման համար սահմանված են գործընթացը կարգավորող նորմեր ու կանոններ. միջանցքների երկարություն և լայնություն, դռների բացվածքների և որմնանցքերի լայնություն, աստիճանների և թեքահարթակների չափեր և այլն: Շինության նախագծահաշվարկային ճիշտ մոտեցումներով հնարավոր է ընտրել տնտեսապես նպատակահարմար և անվտանգ լուծումներ: Օրինակ, մարդկային կուտակումներով օբյեկտների շենքերի հաղորդակցության ուղիները պետք է կազմեն ընդհանուր մակերեսի 30 %-ը, հանդիսասրահներում այցելուների թիվը չպետք է գերազանցի նախագծով սահմանված և տարհանման թողունակության հիման վրա կատարված հաշվարկային քանակը: Այն դեպքում, երբ նախագծման նորմերում բացակայում են հաշվարկման համար անհրաժեշտ տվյալները, մեկ մարդու համար տարհանման ժամանակը պետք է ընդունվի 2 րոպե, իսկ հաշվարկային մակերեսը՝ 0,75 քմ և այլն:

Այն օբյեկտների համար, որտեղ միաժամանակ գտնվում է 50 և ավելի մարդ, նախատեսվում է հրդեհի դեպքում անձնակազմի գործողությունների պլան: Մշակութային օբյեկտներում հյուրախաղերի, ներկայացումների կազմակերպումից և անցկացումից առաջ պատասխանատու անձինք ապահովում են հրդեհային անվտանգության հետևյալ պահանջները.

  • հանդիսադահլիճների յուրաքանչյուր կարգի բոլոր բազկաթոռները և աթոռները պետք է հատակին պինդ ամրացվեն: Այն դեպքում, երբ օթյակների տեղերի քանակը 12-ից չի գերազանցում, և դրանք ունեն առանձին ելք, բազկաթոռները (աթոռները) կարող են չամրացվել, բայց շարքերում դրանք պետք է պարտադիր կերպով իրար միացված լինեն,
  • բեմական փայտյա կառուցվածքները, այրվող դեկորացիաները, բեմական և ցուցահանդեսային ձևավորումները, ինչպես նաև հանդիսադահլիճների, ճեմասրահների վարագույրները պետք է մշակվեն հրապաշտպան նյութով,
  • թատերական բեմահարթակներում միաժամանակ կարող են գտնվել դեկորացիաներ՝ ոչ ավելի, քան երկու ներկայացման համար: Չի թույլատրվում դեկորացիաների, բուտաֆորիայի և այլ գույքի պահումը սանդղաբազուկների և հարթակների տակ, ինչպես նաև՝ հանդիսադահլիճների տակ գտնվող նկուղներում,
  • բեմադրությունների ձևավորման ժամանակ դեկորացիաների շուրջը պետք է լինի 1 մ լայնությամբ անցում: Ներկայացման ավարտից հետո բոլոր դեկորացիաները, ինչպես նաև բուտաֆորիան պետք է քանդվեն և բեմից տեղափոխվեն հատուկ պահեստներ,
  • բեմի վրա ծխելը, բաց կրակի, աղեղային լուսարձակների և կրակային այլ էֆեկտների օգտագործումը չի թույլատրվում,
  • բեմի վրա հակահրդեհային վարագույրի իջեցման սահմանագիծը պետք է նշվի կարմիր գծով: Դեկորացիաները և այլ բեմական իրերը չպետք է դուրս գան այդ սահմանից,
  • բեմադրության (փորձնական ներկայացման) ավարտից հետո հակահրդեհային վարագույրը պետք է իջեցվի: Բարձրացնող-իջեցնող մեխանիզմը պետք է կարգավորվի այնպես, որպեսզի իջեցման արագությունը 0,2 մ/վ-ից ավելի չլինի,
  • ծխանցքերի փականները ձմռան ամիսներին պետք է ջերմացվեն, և ոչ պակաս, քան 10 օրը մեկ անհրաժեշտ է ստուգել դրանց վիճակը,
  • տեսանելի վայրերում փակցվում են հրդեհների ժամանակ դեպի ելքը ցույց տվող նշագծեր, սլաքներ, տարհանման և հրդեհային անվտանգության պայմանական նշաններ, նաև նախատեսվում են կայանքներ՝ հրդեհի դեպքում մարդկանց տեղեկացման համար:

Մշակութային օբյեկտների շենքերում (թատրոններում, համերգասրահներում) ամանորյա և այլ տիպի միջոցառումների անցկացման ժամանակ անհրաժեշտ է.

  • տոնածառը դնել կայուն հենամասի վրա այնպես, որպեսզի ճյուղերը չքսվեն պատերին և առաստաղին,
  • տոնահանդեսի անցկացման վայրում էլեկտրական լուսավորության բացակայության դեպքում միջոցառումներն անցկացնել ցերեկային ժամերին: Տոնածառի համար օգտագործել լամպերի շղթաներ մինչև 12 Վտ հզորությամբ լամպերի հաջորդական միացմամբ՝ առանց ցածրացնող տրանսֆորմատորի,
  • լուսավորության անսարքություններ հայտնաբերելու դեպքում (լարերի տաքացում, լամպերի թարթում, կայծարձակում և այլն) սարքը պետք է անմիջապես հոսանքազրկել:

Չի թույլատրվում՝

  • օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, լուսավորել մոմերով: Վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ,
  • օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ և զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ նյութերից և պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր, ինչպես նաև՝ ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից,
  • տոնածառը զարդարել թանզիֆով, բամբակով և նման նյութերով,
  • միջոցառումներ անցկացնելու տեղերը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով,
  • փոքրացնել կարգերի միջև եղած հեռավորությունները, ինչպես նաև անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել և այլն,
  • դահլիճում լույսը լրիվ մարել բեմադրությունների և ներկայացումների ժամանակ:

Բեմում և դահլիճում պետք է կազմակերպվի հրշեջ հերթապահություն՝ կազմակերպիչների ուժերով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մշակած «Մինչև 800 նստատեղով մշակութային հիմնարկների ստուգաթերթի» համաձայն:

 

Հրապարակումը պատրաստվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Թերեզա Դիլբարյանի «Մշակութային օբյեկտների տարհանումը հրդեհի դեպքում» զեկույցի հիման վրա