Գլխավոր Ուսուցողական նյութեր ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՊԻՏԱԼԸ՝ ՄԱՐԴԻԿ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՊԻՏԱԼԸ՝ ՄԱՐԴԻԿ

655
Տարածել

Օրերս ամերիկահայ գիտնական և գործարար, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Գարո Արմենը հանդիպեց ապագա հայ բժիշկներին՝ ներկայացնելով իր անցած ուղին և հաջողության բանաձևը։

Ծնունդով ստամբուլցի բարերարի ընտանիքը փրկվել է Ցեղասպանությունից։ Բրուկլինյան դպրոցում 17-ամյա պատանին պարբերաբար ֆիզիկական բռնության էր ենթարկվում Օսմանյան Թուրքիայի ոճրագործությունների մասին պատմությունների համար։ Ապրուստը հոգում էր փոստատարի և գազալցակայանի աշխատակցի չնչին աշխատավարձով։ Հետագայում հաջողակ գործարարը New York Times թերթին տված հարցազրույցում անկեղծացել էր, որ տեղական ակումբներից մեկի խոհանոցում խոհարարություն սովորեցնելու փոխարեն իրեն կեղտոտ սպասքի կույտն էին մատնացույց արել։ Հրաժարվել էր և որոշ ժամանակ անց բանկային ադմինիստրատիվ աշխատանք գտել։ Ավարտել էր Նյու Յորքի «Քուրինջ» քոլեջը և ֆիզիկական քիմիայի դոկտորի աստիճան ստացել Նյու Յորքի քաղաքային համալսարանի «Շրջանավարտների կենտրոնում»։

Կրծքի քաղցկեղով հիվանդ մոր մահից 20 տարի անց Գարո Արմենը հանդիպում է հնդիկ պրոֆեսոր Փրամոդ Սրիվաստավային, որի հետ հիմնում է հակաքաղցկեղային Antigenics (ներկայումս՝ Agenus) կենսատեխնոլոգիական ընկերությունը՝ թողարկելով երիկամի քաղցկեղի սկզբնական փուլում գտնվող հիվանդների համար նախատեսված Oncophage դեղանյութը։ Բուժումն իմունային համակարգի կայունացման միջոցով քաղցկեղածին բջիջների ոչնչացումն է։ Քաղցկեղ ունեցող մկների վրա պատվաստանյութի նախնական փորձարկումը ցույց էր տվել, որ դրանց 80 տոկոսը բուժվել է առանց կողմնակի բարդությունների։

2000-ին ԱՄՆ Պարենի և դեղերի վարչության և Antigenics ընկերության կողմից ձեռնարկված մեծամասշտաբ հետազոտության բարեհաջող ելքից հետո Ռուսաստանի Դաշնությունն առաջինը պատրաստակամություն հայտնեց օրինականացնել դեղամիջոցը։ Այժմ մշակման փուլում է գլխուղեղի քաղցկեղի դեմ պատվաստանյութը։ «Քաղցկեղը բարդ հիվանդություն է, ամեն օրգանիզմում անհատական դրսևորում ունի։ Չնայած դրան՝ մենք շարունակում ենք կիրառել բուժման նույն ավանդական տեխնոլոգիաները։ Ճառագայթումն ու քիմիոթերապիան ծախսատար են և անարդյունավետ թե՛ հիվանդի, թե՛ պետության համար, որը հիվանդանոցային բուժման վրա հսկայական գումարներ է ծախսում։ Ի՞նչն է պատճառը, որ քաղցկեղը բոլոր օրգանիզմներում չի զարգանում։ Պատասխանն իմունային համակարգի մեջ է, որն ունակ է տարբերակել օտար բջիջները և կռվել դրանց դեմ»,- նշում է գիտնականը։

Հայաստանում նորարարական դեղամիջոցի կլինիկական հետազոտության իրականացման բոլոր նախադրյալները կան, անհրաժեշտ է համաձայնություն պետական մակարդակով։ Սա հնարավորություն կտա քաղցկեղի վաղ փուլում գտնվող մոտ 500 հիվանդի անվճար փորձարկել պատվաստանյութը։

«Ո՞րն է հաջողության գաղտնիքը» հարցին բարերարը մեկ պատասխան ունի՝ հաջողությունը շարժական հասկացողություն է, ամեն ձեռքբերում նոր մոտիվացիայի սկիզբ է։ Երբ 14 տարի առաջ ստեղծվեց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, ոչ ոք չէր հավատում, որ կարելի է «անտեսված» գյուղական համայնքներում ծրագրեր մշակել, այլընտրանքային կրթություն քարոզել։ Այսօր հիմնադրամն աշխատում է 6 մարզերի 44 համայնքներում՝ մոտ 70 հազար շահառուի հետ։ Գարո Արմենի խոսքով՝ առաջին իսկ տարում հիմնադրամի համար հանգանակության արդյունքում 1,4 մլն դոլար գումար էր հավաքվել, այնինչ հոռետեսները միայն 100 հազար էին կանխատեսում. «Միշտ պետք է երազել ավելիի մասին։ Հայերը ստեղծագործ ազգ են, մեծ մտավոր ներուժի տեր։ Ներդնել պետք է մարդկային ռեսուրսի մեջ, ոչ թե՝ բիզնեսի։ Մարդիկ են երկրի տնտեսության խթանը»։

2018-ի մայիսին Լոռու մարզի Դեբետ համայնքում կբացվի աշխարհում եզակի ՍՄԱՐԹ կենտրոնը, որը մարզի 18-20 գյուղական համայնքների տարբեր տարիքային խմբերին կառաջարկի ոչ ֆորմալ կրթություն։ Եռաթև ապակեպատ համալիրում կլինեն ծրագրային և տեխնոլոգիական կրթության հատվածներ, ՍՄԱՐԹ սենյակներ, բաց գրադարան, ստուդիաներ, արհեստանոցներ։ Հիմնական ուղղություններն են տեխնոլոգիան, արվեստն ու երաժշտությունը, լեզվագիտությունն ու հաղորդակցությունը, շրջակա միջավայրը, առողջապահությունը, բիզնես և քաղաքացիական կրթությունը։ Վաղ մանկական զարգացման փաթեթի շնորհիվ կկազմակերպվի 3 տարեկան և ավելի տարիքի երեխաների ու նրանց ծնողների համակողմանի ուսուցում։ Արտաքին աշխարհի հետ հաղորդակցման տեսանկյունից պարտադիր են անգլերենի դասընթացները։ Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շնորհիվ դիմորդները կկարողանան ներգրավվել տարբեր փաթեթներում՝ ելնելով իրենց հետաքրքրություններից և աշխատաշուկայի առաջարկներից։ Կլինեն հանդիպումներ հայաստանյան և արտասահմանյան առաջատար մասնագետների հետ։

Շահառուներին կրթություն տալով և մրցակցային շուկային ծանոթացնելով՝ կանխատեսվում է նվազեցնել արտագաղթն ու միգրացիան, որոնք Լոռու մարզում առավել արտահայտված են։ «Նպատակ ունենք 20 «ՍՄԱՐԹ կենտրոն» կառուցելու: Դրա համար 200 մլն դոլար է պետք: Կան մեծահարուստ հայեր, ում գրպանի համար սա մեծ գումար չէ, բայց այդ 200 մլն կարող է գյուղերի հայության փրկությունը լինել։ Մենք պետք է աշխարհին լավագույնը տանք։ Դյուրին գործ չէ, բայց հնարավոր է»,- ամփոփում է Գարո Արմենը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Հավելենք, որ դեկտեմբերի 16-ին Նյու Յորքում կկայանա «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի 14-րդ ամենամյա գալա երեկոն, որին ներկա կլինեն հայտնիներ Լեոնարդո Դի Կապրիոն, Թոմ Հենքսը, Արիանա Գրանդեն, Քլոյի Քարդաշյանը, Քոնան Օ Բրայանը, Թինա Ֆեյը և այլք։ Գալա երեկոյի լուռ աճուրդին կմասնակցեն անվանի արվեստագետներ և դիզայներներ։