Գլխավոր Ուսուցողական նյութեր ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՎԿԱՆ

ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՎԿԱՆ

578
Տարածել

«Ինձ համար ամենակարևորն այն ներքին ինքնավստահությունն էր, որ կյանքն իսկապես շարունակվում է։ Ուրեմն ես կարող էի հաղթահարել այլ փորձություններ ևս, ապրել լիարժեք։ Այդ համոզումով շարունակեցի կոփել մարմինս, զորացնել այն։ Ինձ ստիպում էի քարքարոտ, զառիվեր փողոցներով ժամերով քայլել։ Նպատակս ոչ թե միայն մի քանի մետր հաղթահարելն էր, այլ կամքս թրծելը»։

Մարինե Ասատրյանի

«Նոր օր է. կամքի ուժը սահման չունի» գրքից

Սպիտակի բնակչուհի՝ 45-ամյա Մարինե Ասատրյանը վերապրել է երկրաշարժը, ինչպես ինքն է ասում՝ «Ավրորայի» հերոսների նման, որոնք ոտքի կանգնելու ուժ են գտել և պահպանել մարդասիրությունը։

Վերհիշում է:

29  տարի առաջ՝ դեկտեմբերի 7-ին, մայրը վատառողջ էր։ Քույրը նրան խնամելու էր եկել։ Մի ներքին մղումով չէր ուզում դպրոց գնալ, սակայն բուհ ընդունվելու հեռանկարը ստիպում էր իր որոշումներում ավելի պատասխանատու լինել։ Հանրահաշվի ժամ էր, ուժեղ պայթյուն լսվեց, ապակիները ցնցումից փշրվեցին։ Որոշ ժամանակ անց ուշքի եկավ փլատակներում. շուրջբոլորը վիրավոր դասընկերներն էին, որոնք, ցավից տնքալով, օգնություն էին խնդրում։ «Ոտքերս չէի զգում։ Հեռվում հայրս ու քույրս ինձ էին փնտրում, սակայն գոռալու ուժ չունեի։ Բռնեցի ամենամոտ գրասեղանի երկաթե ձողերից ու ինձ դուրս հրեցի։ Հինգ զոհ ունեցանք»,- պատմում է Մարինեն։

Վիրավորներին ուղղաթիռով տեղափոխեցին Երևան։ Դստերն ուղեկցում էր հայրը, որը վերելակաշինական գործարանում փլուզման հետևանքով ողնաշարի վնասվածք էր ստացել։ Վիրահատությունն առժամանակ փրկեց աղջկա կյանքը։ Ամերիկայից ժամանած կամավոր բժիշկները Նյու Յորք տեղափոխեցին 45 հոգու, որոնց թվում էր նաև Մարինեն։ Օդանավակայանում աղետից տուժածներին դիմավորեցին տասնյակ հայեր։

6-ամսյա «հիվանդանոցային դեգերումներից» հետո հայուհին սայլակով վերադարձավ Հայաստան։ Հրաշքով փրկված  ընտանիքը ջերմությամբ և սիրով շրջապատեց նրան։ Անկեղծանում է՝ իրեն հաջողվեց հաղթահարել շրջապատի խղճահարությունը, որովհետև ապրել էր ուզում։ Նրան ուժեղ և պայքարող դարձրին մարդիկ։

Տանն ուսանելով՝ Մարինեն ավարտեց դպրոցը, սկսեց հաշմանդամային սպորտաձևերով զբաղվել՝ սայլակով վազք ու գեղասահք, լեռնադահուկային սպորտ, բասկետբոլ, նետաձգություն, ծանրամարտ։ Սպորտը կյանքին նոր ռիթմ հաղորդեց, ցույց տվեց իր իրական հնարավորությունների սահմանը։

Արդեն երկու տասնամյակ Մարինեն ակտիվ հասարակական գործիչ է, 2013-ին հիմնել է «Սպիտակ բազե» հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանության հասարակական կազմակերպությունը։ Սպիտակի տարածաշրջանում 3143 հաշմանդամություն ունեցողներ կան, նրանցից մոտ 150-ը՝ անչափահաս։ Խնդիրները շատ են՝ միջավայրի անմատչելիություն, աշխատանքի բացակայություն, խտրականության դրսևորումներ։ Մարինեի խոսքով՝ հասարակության նման վերաբերմունքի մեղավորը մասամբ ընտանիքն է, որը պետք է ոգևորի հարազատին՝ հասարակության մեջ ներառվելու և իր ասելիքն ունենալու։ Այս առումով հատկապես առաջադեմ են հաշմանդամություն ունեցող երեխաները, որոնք ճկուն են, հաստատակամ և իրատես։ Վստահեցնում է՝ հաշմանդամություն ունեցողների համար ոչ մի մատչելի տարածք չունեցող Սպիտակ քաղաքում տաղանդավոր սերունդ  է մեծանում։

Երկրաշարժը շատ բան փոխեց, միայն երազանքները կայուն մնացին։ Իրավագիտական կրթություն ստանալով՝ 2013-ին Մարինեն աշխատանք գտնելու ակնկալիքով դիմեց ԱԻ նախարարություն։ Որպես օպերատոր ընդունվեց Լոռու մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ապա տեղափոխվեց Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահ մաս. «Մանկուց երազում էի բանակում ծառայել։ Սա էլ յուրովի ծառայություն է ժողովրդին։ Երբ ջոկատի տղաներն իմացան նոր աշխատակցի մասին, հաշված օրերում հարմարեցրին սանհանգույցն ու դռները, որպեսզի ոչ մի դժվարություն չունենամ»։

Առաջին աշխատանքային շաբաթը լարված անցավ, ամեն ահազանգի հետ «գործից գլուխ չհանելու» խուճապն ավելի էր սաստկանում։ Ժամանակն ամեն ինչ սովորեցրեց։ Չէ՞ որ հեռախոսավարն արձագանքման ամենապատասխանատու օղակն է, հետևաբար թերանալու իրավունք չունի։

Կատակում է՝ աշխատանքից իր բացակայությանը տղաները դժվարությամբ են հարմարվում։ Բոլորի միջև ընտանեկան մտերմություն է ստեղծվել։ Երիտասարդ փրկարարները նրան «հորաքույր» փաղաքշական անունով են դիմում, վստահում իրենց գաղտնիքները։ Մարինեի աշխատանքային սեղանին հաճախ կարելի  է քաղցրեղեն և ծաղիկներ տեսնել։

Առաջվա պես ռոմանտիկ է, երազկոտ։ Երգը, պարը, պոեզիան, թատրոնն ու գրականությունն իր տարերքն են։ «Մի ամերիկահայ բարեկամիս խորհրդով տարիներ առաջ հեղինակեցի «Նոր օր է. կամքի ուժը սահման չունի» գիրքը։ Գրքում դրվագներ են նախքան երկրաշարժն ու դրանից հետո։ Իսկ հետոն միշտ կյանքն է, իմաստը՝ արժևորել քեզ նմանին, ընդունել նրան, ինչպիսին որ կա»,- ամփոփում է Մարինեն։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ