Գլխավոր Ուսուցողական նյութեր ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՆԻ

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՆԻ

508
Տարածել

 

Ֆիննուհի անասնաբույժ Էլլի Ռոսա Էմիլիա Յոլման գրեթե մեկ տարի հոգատար և համբերատար խնամում է Երևանի կենդանաբանական այգու բնակիչներին։ Աշխատել է Ֆինլանդիայում և Ամստերդամում։ «Ինձ հետաքրքրում էր՝ ինչպես են ապրում Երկիր մոլորկի մյուս կենդանի օրգանիզմները։ Որքան շփվում ես նրանց հետ, այդքան նորն ես բացահայտում։ Ինքս սողուններ շատ եմ սիրում, մասնակցել եմ սողունների բժշկության վերաբերյալ մի շարք գիտաժողովների։ Ուրախությունս անսահման էր, երբ Հայաստանում օձերի և մողեսների այսպիսի բազմազանություն տեսա»,- նշում է Ռոսան։

Հելսինկիի կենդանաբանական այգու տնօրենի առաջարկով կապ է հաստատել Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ և ուղևորվել Հայաստան։ Առաջին հայացքից ցավալի էր տեսնել փոքր վանդակներում փակված վայրի հսկաների, որոնք ազատ տեղաշարժման հնարավորություն չունեն։ Այսօր արդեն այգում առյուծների, արջերի և գայլերի համար նախատեսված ազատավանդակներ են կառուցվում։ Մեծ կատվազգիներից հովազն ու ընձառյուծը դեռ սպասում են, շուտով նրանք էլ ընդարձակ կացարաններ կունենան։ Մինչև տարեվերջ այգին կհամապատասխանեցվի ժամանակակից բոլոր չափանիշներին: Այգին դառնալու է բնապահպանական, կրթամշակութային ու տեղական ֆաունայի պահպանման, վերարտադրման կենտրոն:

Ռոսայի խոսքով՝ տարածքի սղությունը կենդանիների սթրեսի պատճառ է դառնում, ընկնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Օրինակ՝ կապիկները կատաղի պայքար են սկսում, միմյանց վնասվածքներ պատճառում։ Վերջին շրջանում շատացել են հատկապես թռչունները, որոնք արագ են բազմանում։ Անհրաժեշտություն կա դրանք այլ տեսակներով փոխանակելու կամ ազատ արձակելու։

Վերջերս բրիտանական Daily Mail պարբերականի հրապարակումից հետո անասնաբույժների և փրկարարների համատեղ ուժերով ազատագրվել էին ռեստորաններից մեկում պահվող Մաշա և Դաշա մականուններով արջերը։ Նրանք այժմ Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում են։ Ֆիննուհի անասնաբույժը կարևորում է մասնավոր տարածքներում պահվող կենդանիների հարցը. «Ռեստորանում պահվող արջերը հյուծված էին, քանի որ տարիներ շարունակ սնվել էին ուտելիքի մնացորդներով։ Կալցիումի պակասի և տեղաշարժի սահմանափակության պատճառով արջերի ոսկրամկանային համակարգը թուլացած էր։ Ուրցաձորում հիմա նրանք մեծ տարածքում են՝ ջրավազանով, ծառերով, ունեն նաև հողի մեջ որջեր փորելու հնարավորություն։ Իսկ ձմեռվա այս օրերին արջերը կարող են ցրտից պաշտպանվել անձավներում»։

Հավելում է՝ անազատության մեջ կենդանիները մտավոր խնդիրներ են ձեռք բերում։ Նույն սկզբունքով Մաշան և Դաշան այժմ կարծրացած վարքագիծ են դրսևորում, դժվարանում են հարմարվել նոր միջավայրին։ Ազատության մեջ, բաց տարածքում շարունակում են հետ ու առաջ անել, ինչպես վանդակում։ Արջերին իրենց բնական միջավայրին վերադարձնելը ժամանակ ու ջանք է պահանջում։ Կա նաև մեկ այլ խնդիր։ Տարեց արջերը, որոնք տարիներ շարունակ վանդակված են ապրել, ազատության մեջ հայտնվելով՝ կարող են սննդի համար մտնել համայնքներ, նույնիսկ վնասել մարդկանց։ Հատուկ պահպանվող տարածքներ են պետք, որտեղ կենդանիները կսովորեն ինքնուրույն սնունդ հայթայթել աստիճանաբար։

Ի պատասխան հարցին՝ հնարավո՞ր է ընկերանալ վայրի կենդանիների հետ, անասնաբույժը հավատացնում է՝ պարզապես պետք է նրանց դանդաղընթաց և հանգիստ մոտենալ. կտրուկ շարժը, բարձր ձայնը վախեցնում են նրանց։ Ընտելանալու սովոր չեն հատկապես կատվազգիները, որոնց մասնակցությամբ դժբախտ պատահարներ շատ են լինում էկզոտիկ ընտանի կենդանիների սիրահար ամերիկացիների շրջանում։ «Պետք չէ վստահել գիշատչի հանգստությանն ու փորձել խաղալ նրա հետ։ Խորհուրդ կտայի վայրի կենդանիների փոխարեն լամա պահել, նրանք հաճույք են ստանում մարդկանց հետ շփումից»,- կատակում է Ռոսան։

Անտառների և գետերի երկրից սերող Էլլի Ռոսա Էմիլիա Յոլման հիացած է հատկապես մեր երկրի ժայռերով։ Մեր ակումբներից մեկում ժայռամագլցում է սովորել, իր համար երկրորդ ընտանիք գտել։ Հասցրել է հաղթահարել Դժոխքի ձորի և Նորավանքի որոշ ժայռային երթուղիներ։ Սիրում է ժայռամագլցումը համատեղել վրանային հանգստի հետ՝ հմայվելով բնության մեջ ազատ շրջող հայկական ընձառյուծներով։ Վստահ է՝ եթե բնությունը չաղտոտենք թափոններով, Հայաստանը էկոտուրիզմի կենտրոն կարող է դառնալ։

Հայաստանյան կլիման ֆիննուհուն հարազատ է դարձել։ Արևոտ օրերի կարոտը երևանյան օդից է առնում։ Սիրում է ոտքով աշխատանքի գնալ։ Զարմանում է՝ ինչպես է մեկ օրում ձյունը հալչում, և եղանակն այդպես տաքանում։

Խոստովանում է՝ Հայաստանում մի քանի ամիսների աշխատանքի ընթացքում բնավորությամբ շատ է փոխվել։ Անկաշկանդ կարող է մոտենալ անծանոթին և իր օգնությունն առաջարկել։ Սիրիական համեղ ուտելիքներ պատրաստել է սովորել։ Նրա սննդակարգում անփոխարինելի են հայկական լավաշը, թարմ միրգն ու բանջարեղենը, որոնք արևի համ ունեն։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Դեկտեմբերի 5-ին Երևանի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրից Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարները կենդանաբանական այգի են տեղափոխել ևս մեկ արջի: