Գլխավոր Ուսուցողական նյութեր ԳԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՐԵԿՑԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ

ԳԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՐԵԿՑԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԵՆ

552
Տարածել

Տարերային աղետների նենգությունը մարդկությանը ծանոթ է վաղնջական ժամանակներից և փորձում է պաշտպանվել բնության անակնկալներից: Ամեն օր աշխարհում տեղի է ունենում տարբեր հզորության ավելի քան 8000 երկրաշարժ:

Հայաստանն այն երկրներից է, որի տարածքը գտնվում է սեյսմոակտիվ գոտում, և 2500 տարվա ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերի մասին պահպանվել են մատենագրական հարուստ վկայություններ, որոնց «հարստությամբ» աշխարհում զիջում է միայն Չինաստանին:

Միայն 20-րդ դարում մեր երկրի այս փոքր տարածքում տեղի են ունեցել հինգ մեծ ու փոքր ավերիչ երկրաշարժեր՝ 1926 թ. Լենինական (7-8 բալ), 1931 թ. Զանգեզուր (8-9 բալ), 1937 թ. Երևան (7 բալ), 1968 թ. Զանգեզուր (8-9 բալ), 1988 թ. Սպիտակ (10 բալ): Ի դեպ՝ Սպիտակում ցնցումները շարունակվել են 100 օր և անցել 6700-ից:

20-րդ դարում աշխարհում տեղի ունեցած հազարավոր երկրաշարժերից միայն 20 կործանիչ երկրաշարժերի զոհերի թիվը տատանվել է 600 հազարի սահմաններում:

Հարգելի՛ ընթերցող, որպես լեռնափրկարար, նախքան Սպիտակ-88-ը ավելի քան 40 անգամ փրկարարական աշխատանքների եմ մասնակցել տարբեր լեռնային շրջաններում, որտեղ ապրել եմ շատ դաժան ու ուրախալի պահեր, երբ հաջողվել է օգնել ու փրկել աղետյալին կամ հանդիպել կորստի ցավի:

Սակայն այն, ինչին հանդիպեցի Սպիտակի ու Լենինականի փրկարարական աշխատանքների ընթացքում, դուրս է մարդկային երևակայությունից: Աղետի գոտում աշխատում էին մոտ 75 հազար փրկարարներ, որոնց թվում՝ 16 երկրների 750 փրկարարներ, 500 բժիշկներ, մեծ թվով հրշեջներ: Աննախադեպ էր ոչ միայն 111 երկրների նյութական ու դրամական օգնությունը, այլև անհատ մարդկանց, ովքեր գուցե մեր երկրի տեղը կամ նրա մասին ոչինչ չգիտեին, սակայն ամեն կերպ իրենց օգնության ձեռքն էին մեկնում ծանր կացության մեջ հայտնված ու օգնություն հայցող մարդկանց: Էլ չեմ խոսում սփյուռքահայ մեր հայրենակիցների մասին, ովքեր անմասն չմնացին մեր վշտին:

Այս առումով հատկանշական է Ֆրանսիայի ինչպես հայ համայնքի, այնպես էլ 498 փրկարարների, բժիշկների, հրշեջների, քաղպաշտպանության մարտիկների ակտիվ մասնակցությունը աղետի փրկարարական աշխատանքներին: Նրանց շնորհիվ փրկվեցին հարյուրավոր կյանքեր:

Ներկայացնեմ պատառիկներ այն օրերից՝ 29-ը տարի առաջ մարդկային գթասրտության, կարեկցանքի, օգնության մի քանի դրվագներ:

Սկսենք Շառլ Ազնավուրից: Երկրաշարժի առաջին օրերին, Հայաստան գալու նախօրյակին, ֆրանսիական Paris Match ամենշաբաթյա լրագրողի հարցերին, թե ե՞րբ և ինչպե՞ս է օգնում Հայաստանին և ունի՞ արդյոք ազգականներ Հայաստանում՝ շանսոնյեն պատասխանել էր. «Լենինականն իմ ընտանիքի օրրանն է: Եղել եմ միայն մեկ անգամ և, ցավոք, ոչ բոլորին եմ տեսել: Ներկա վիճակում մտածում եմ, որ իմ ընտանիքը հայերն են: Ես չեմ ձգտել իմանալ, թե ի՞նչ է պատահել իմ ընտանիքի այս կամ այն անդամին, բոլորի բախտը այնտեղ նույնն է: Նրանք բոլորն են իմ քույրերն ու եղբայրները… Մինչ օրս ասում էի՝ ես ֆրանսիացի եմ հայկական ծագումով: Երկրաշարժից հետո հասկացա, որ իրականում հայ եմ: Անհրաժեշտ է փրկել հազարավոր երեխաների: Հենց այդ նպատակով էլ հանգանակություններ ենք կատարում»:

«Ազնավուրը Հայաստանի համար» կազմակերպության ջանքերով երկու ամսվա ընթացքում հանգանակվեց 4,5 մլն ֆրանկ: Երգչի խոսքերի հիման վրա Ժորժ Կարվարենցը գրեց «Քեզ համար Հայաստան» երգը, որը ֆրանսերեն ձայնագրվեց Փարիզում՝ երկրի 87 նշանավոր երգիչների, իսկ անգլերեն՝ Հոլիվուդում՝ 90 անվանի երաժիշտների և կինոգործիչների կատարմամբ, ապա՝ իտալերեն: Ձայնասկավառակից ստացված հասույթն ուղարկվեց Հայաստան:

Ֆրանսիական հեռուստատեսության հաղորդումների ընկերությունը հատուկ կոդ տրամադրեց երկրի քաղաքացիներին աղետի գոտի դրամական փոխանցումներ կատարելու համար:

Ինչպես կարելի է մոռանալ ճապոնացի երեխաների արարքը՝ «Մենք՝ կրտսեր եղբորս ու քրոջս հետ, որոշեցինք մեր ունեցած փողը տալ Հայաստանի երեխաներին,- գրում է ճապոնացի 11-ամյա Նուակա Բագեսավան:- Գումարը մեծ չէ, բայց կարող է օգնել որևէ մեկին: Մենք շատ ենք ուզում, որ հնարավորինս շատ մարդ փրկվի»:

Մի տասնամյա աղջիկ էլ իր նախաճաշի գումարը, որը տվել էին ծնողները, փոխանցում է աղետի գոտի: Ո՜վ աղետի մասին ավելին գիտի, քան ճապոնացիները, որտեղ առավել հաճախ են ցնցումներ լինում, քան աշխարհի որևէ այլ երկրում:

Սպիտակի երկրաշարժի նույն օրը հեռավոր Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի մետրոյի կայարաններից մեկի մոտ 10-12 տարեկան քույր ու եղբայր հանգանակություն են հավաքել և փոխանցել աղետի գոտու ֆոնդին:

Իսկ Հռոմում «Մոսկվայի վիրտուոզների» համերգից առաջ դահլիճի մուտքի մոտ երկու պատանի փոքր արկղով գումար էին հավաքում մեզ օգնելու համար: Համերգն սկսելուց առաջ Վլադիմիր Սպիվակովը հանդիսատեսին հայտնում է աղետի մասին և խնդրում աջակցել հանգանակությանը:

Իրենց համեստ ներդրումն ունեցան նաև Խորհրդային միության տարբեր երկրամասերի երեխաները: Արհավիրքն այնքան ցնցող էր, որ շատերը նվիրեցին վերջին կոպեկն անգամ:

Բելգրադի տուն-ինտերնատից ուղարկելով 21 ռուբլի՝ գրում են. «Կներեք, որ քիչ է: Մենք թոշակ չենք ստանում ու զրկված ենք աշխատելու հնարավորությունից: Կարծում ենք, որ գումարը պետք կգա աղետից տուժած մեր եղբայրներին ու քույրերին»:

Դրամական փոխանցման թերթիկի մի անկյունում Ակտյուբինսկի Սոխնա Դենկասը գրում է. «Ես ծնողներ չունեմ, որբ եմ: Ինձ թվում է, թե աշխարհում միայն ես չունեմ հայր ու մայր, բայց ավա՜ղ, Հայաստանում ինձ նման շատերը գտնվեցին: Ուղարկում եմ իմ ամսական 20 ռուբլի նպաստը»:

Կալուգայից թոշակառու Տամարա Սոլովյովան, փոխանցելով տարիների ընթացքում կոպեկ-կոպեկ հավաքած 2000 ռուբլին, և այդ էլ քիչ համարելով, ուղարկել է իր լավագույն զգեստն ու նույնիսկ բրդյա շալը:

Անմասն չի մնացել նաև Ժիտոմիր քաղաքից Եվգենիա Բեզվերխայան. «Վշտակցում եմ զոհվածների, վիրավորների հարազատներին, 700412 հաշվին եմ փոխանցում իմ ամբողջ թոշակը՝ որպես փոքրիկ կաթիլ՝ վշտի և տառապանքի մեղմացման միջոց»:

Քիչ չէին այն ընտանիքները, որոնք ցանկացել էին ժամանակավորապես ընդունել կամ որդեգրել հայ մանուկների: Ամեն օր նման ցանկությամբ հազարավոր հեռագրեր են ստացվել Խորհրդային միության շատ քաղաքներից:

Կեմերովո քաղաքից Ռ. Եֆիմովան հեռագրում է.

«Ապրում եմ մեկ սենյականոցում միայնակ, սիրով կընդունեմ երկու երեխայի»:

«Կնդունեմ երկու երեխայի Հայաստանից»,- գրում է Մինսկից Բալենդա Վալենտինան:

«Կնդունենք երկրաշարժից որբացած ցանկացած տարիքի երեք երեխայի»,- գրում են Նովոսիբիրսկից` Տեպիրովաները:

«Մեր ընտանիքը նյութապես ապահովված է, կնդունենք երեք երեխայի»,- գրում են Կրասնոդարի Էյսկ քաղաքից Իվան Նիկիտենկոն և Ալեքսանդրա Պավլովան:

Ինձ համար ոչ պակաս անսովոր ու հետաքրքիր էր այն փաստը, որ երկրաշարժի երրորդ օրը կալանավայրերից հնգօրյա արձակուրդ է տրվում 286 բանտարկյալների, որոնց հարազատները գտնվել են աղետի գոտում:

Եռակի բանտարկված Լ. Մարտիրոսյանը, Լենինականում 5 օր փնտրելով տղային, փլատակների տակ 30 000 ռուբլի գումար է գտնում և հանձնում իրավապահ մարմիններին: Կալանավայր վերադառնալուց մի քանի օր անց փլատակներում հայտնաբերվում է նրա տղայի դին և նրան թույլ են տալիս մասնակցել հուղարկավորությանը, ապա ժամանակից շուտ ազատում կալանավայրից:

Երեք անգամ դատապարտված Գ. Մելքոնյանի հարազատներից ոչ ոք չէր զոհվել, սակայն նա գիշեր-ցերեկ փլատակներում էր: Նրա արարքը շատ էր զարմացրել ֆրանսիացի թղթակիցներին, քանի որ նա կարեկցանքը չկորցրած բանտարկյալ էր:

Աղետի օրերին հանրապետության գաղութների ազատազրկված «բնակիչներն» իրենց խնայողություններից 57,5 հազար ռուբլի են փոխանցել աղետից տուժածների ֆոնդին:

Հարգելի՛ ընթերցող, թող երկրաշարժի զոհերի ընդհատված կյանքերը «հուշարձան» դառնան բոլոր նրանց համար, ովքեր տառապել ու ցավալի կորուստներ են ունեցել, և նրանց, ովքեր ծանր կացության պահին սատարել, օգնության, փրկության ձեռք են մեկնել իրենց հնարավորությունների սահմաններում:

Աղվան ՉԱՏԻՆՅԱՆ

լեռնագնաց, փրկարար, պրոֆեսոր

Տարածել
Նախորդ հոդվածԲԱՑ ԴԱՍԵՐ
Հաջորդ հոդվածԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՎԿԱՆ