Գլխավոր Նորություններ ԱՊՐԵԼՈՒ ՏԵՂԵՐ

ԱՊՐԵԼՈՒ ՏԵՂԵՐ

540
Տարածել

Հին ու հայտնի մի խոսք կա, ասում է՝ եթե գիտես, թե որտեղից կարելի է իմանալ, ուրեմն՝ արդեն գիտես: Հիմք ընդունելով այս տրամաբանությունը՝ հնարավոր է պնդել, որ բոլորն ամեն ինչ և վաղուց գիտեն արդեն. խելոք պատմություններ ու զրույցներ, խորհուրդներ, խրատներ… հազարներով շաղ են տրված համացանցում: Բաց արա, կարդա և իմացիր:

Այդուհանդերձ, մեկ ուրիշ տպավորություն էլ է առկա. ոչ մի իմաստություն, ոչ մի խրատ (պատահականորեն չընտրեցի հենց «իմաստություն» և «խրատ» բառերը) այլևս չի «աշխատում»… Ինչո՞ւ: Մի՞թե այն պատճառով, որ բոլորն ամեն ինչ գիտեն: Այս հարցին չեմ կարող պատասխանել, թող թույլ տրվի ասել՝ չգիտեմ: Ասել նաև՝ գուցե սա տպավորություն է ընդամենը, ավելի հասկանալի լեզվով՝ կարծիք:

Կարծես թե գտնվեց բառը. իմաստությանը կփոխարինի՞ կարծիքը…

Կա մի պատմություն ևս, որը նույնպես հայտնի է բոլորին. խոսքը վերաբերում է կույրերի և փղի «հանդիպմանը». մեկին թվում է, թե իր շոշափածը պարան է, մյուսին՝ թե սյուն, երրորդին՝ հովհար…

Այսինքն՝ ամեն մեկն իր կարծիքն է հայտնում, ոչ ավելին: Ու պարզ էլ չէ, նրանք հույս ունե՞ն, որ մեկը պիտի դեռ «իրար կպցնի» այդ կարծիքները, որպեսզի փղի պատկերն ամբողջանա: Պարզ չէ նաև՝ ամբողջական պատկեր ստանալու խնդիր դրվա՞ծ է առհասարակ: Ողջամտությունը պիտի պահանջած լիներ, որ դրվի այդ խնդիրը, որովհետև ո՞ւմ են հարկավոր կցկտուր պատկերները, եթե կարելի է դրանցից ամբողջություն ստանալ:

Ի վերջո, խոսքը միշտ էլ ապրելու Տեղին է վերաբերում…

Յուրաքանչյուրի կարծիքն իր ապրելու տեղն է: Եթե ուզում եք, կարող եք այս պնդումները մաքուր փոխաբերություն համարել, դրանից էություն չի փոխվում, մանավանդ, եթե մի պարտադիր թռիչքով կարողանանք հայտնվել հետևյալ հանգրվանում. ահա՝ ապրելու տեղին մարդը տարբեր անուններ է տվել իր երկար, այնուամենայնիվ՝ երկար, կյանքի ընթացքում. Հայրենիք, Երկիր, Պետություն…

Զուտ մարդկային երջանկություն է, երբ այդ անունները համընկնում են, այսինքն՝ ամբողջանում: Շրջանը գծվեց: Շրջան գծելը կարևոր է, այս դեպքում՝ որպեսզի խոհը կամ զրույցը հավաքվի մի կետում և ընթերցվի: Կամ՝ հնչի: Այսպես. ինչպես միշտ, առնվազն երկու տարբերակ կա. կամ ամեն մեկս հայտնում ենք մեր կարծիքը և փորձում բոլոր կարծիքները հավաքել որպես Ապրելու Տեղ, կամ կարծիքները ծնվում են Հայրենիքի, Երկրի, Պետության ամբողջական պատկերի թելադրանքով:

Չի կարող պատահել, որ այս երկու տարբերակն էլ ճիշտ լինեն: Ավելի ստույգ՝ չես կարող երկու տարբերակն էլ ընտրել, մեկն ես ընտրելու, երկուսից միայն մեկը:

Տարածել
Նախորդ հոդվածԱյրվածք սառեցում
Հաջորդ հոդվածԲԱՑ ԴԱՍԵՐ