Գլխավոր Նորություններ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐ

ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՎՏԱՆԳՆԵՐ

842
Տարածել

«Ջրային» արտակարգ իրավիճակներ՝ Վանաձորում

Հորդառատ անձրևների և ձնհալքի հետևանքով առաջանում են մակերեսային հոսքաջրեր, որոնք բնակավայրերում արտակարգ իրավիճակներ են առաջացնում. սողանքներ, փլուզումներ, հողային էրոզիաներ և այլն: Արդյունքում բնակավայրերը լցվում են ջրով և ջրաբերուկներով, առաջանում են էկոլոգիական լուրջ խնդիրներ: Այս աշխատության հեղինակներն ուսումնասիրել են մակերևութային հոսքաջրերով պայմանավորված արտակարգ իրավիճակները Լոռու մարզի Վանաձոր քաղաքի օրինակով: Վանաձորը Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում է, շրջապատված է լեռնալանջերով: Ուսումնասիրվել են քաղաքի Զաքարյան, Չուխաջյան, Սայաթ-Նովա, Կամո, Զեյթուն, Աբովյան փողոցները, որոնք գտնվում են տարբեր թաղամասերում և հարում են լեռնալանջերին:

Վերջին 7 տարում ամենից շատ ջրաբերուկներ քաղաք ներթափանցել են 2013 թվականին, սակայն, ըստ տարիների, աստիճանաբար այն պակասում է, ինչը արդյունք է հատված անտառների արհեստական և բնական վերականգնման: Հոսքաջրերը ներծծվում են հողի մեջ, արդյունքում պակասում է հողերի էրոզիան:

Սակայն 1991-ից սկսված ոչ պլանային զանգվածային անօրինական անտառահատումները դեռ շարունակվում են: Ջուրը գոլորշիանալուց հետո տիղմը նստում է փողոցներում և տրանսպորտի ու քամու միջոցով բարձրանում, կեղտոտում օդը, որը բացասական է ազդում բնակչության առողջության վրա: Փոշու հետ օդ են բարձրանում նաև տարբեր հիվանդությունների հարուցիչներ: Փոշու առավելագույն ֆոնային կոնցենտրացիաներ նկատվում են տարվա այն ամիսներին, երբ անձրևներից հետո չորանում է քաղաք ներթափանցած տիղմը՝ հունիս-օգոստոս հատվածում: Քաղաքում փոշու աղբյուր է նաև անձրևներից հետո և ձյան հալոցքի ջրի հետ փողոցի մերկ գազոններից փողոց թափվող հողը:

Ձնհալի և անձրևաջրերի հետևանքով գոյացող մակերևութային հոսքաջրերով Վանաձոր քաղաքի շրջակայքի հողերի էրոզիայի արդյունքում քաղաքի նշված փողոցներ է թափանցել տարեկան 14-22 տոննա հող: Բնականաբար ամբողջ քաղաք՝ հարյուրավոր անգամ ավելի:

Քաղաք ներթափանցած ջրաբերուկներում հայտնաբերվել է մշակովի և վայրի 41 բուսատեսակ, սնկերի մնացորդներ: Քաղաք ներթափանցած ջրաբերուկների հետևանքով հաճախ խցանվում են սելավատարները, դիտահորերը լցվում են տիղմով, ստեղծվում է հակասանիտարական վիճակ: Բնակավայր ներթափանցած հողը մաքրելու և տեղափոխելու, ինչպես նաև կոյուղուց և սելավատարներից տիղմը հեռացնելու համար առաջանում են լուրջ դժվարություններ և նոր խնդիրներ, քանի որ հաճախակի պետք է մաքրվեն դիտահորերը, ինչի համար պահանջվում են ֆինանսական միջոցներ և տեխնիկա: Հողի էրոզիան ազդում է քաղաքով հոսող գետերի ջրի որակի վրա: Յուրաքանչյուր ամառ քաղաքով հոսող գետերը տանում են 562-721 հազար տոննա հող, ինչը հանգեցնում է բնական լանդշաֆտի խոցելիության մակարդակի բարձրացմանը:

Վանաձորում սելավներ լինում են առավելապես Տանձուտ գետի վարարման հետևանքով: Իսկ սողանքներ արձանագրվում են հատկապես Լոռի-Փամբակ-Աղստև-Տավուշ շրջանների խոշոր՝ Դեբեդի և Փամբակի հովիտներում: Լոռու մարզում 1900 հա տարածք սողանքավտանգ գոտի է: Լոռու մարզում սողանքների առաջացման հիմնական պատճառը անտառահատումներն են: Վերջին տասը տարում մարզի 100 000 հեկտաից հատվել է 30 000-ը: 10 000-12 000 հա անտառ իսպառ բնաջնջվել է, և այժմ այդ տարածքները սողանքային օջախներ են:

Ուսումնասիրության արդյունքում ձևավորվել են հետևյալ առաջարկները.

  1. Անտառահատված տարածքներում հնարավորինս արագ վերականգնել անտառը, նպաստել անտառի բնական վերաճին և վերականգնմանը, ուղղորդել հոսքաջրերը, լանջերի ստորին հատվածներում անցկացնել բաց դրենաժներ, որպեսզի հոսքաջրերը բնակավայրեր չթափանցեն:
  2. Խիստ արտահայտված թեքությունների վրա ցանել բազմամյա խոտաբույսեր, ստեղծել կանաչ գոտիներ:
  3. Նոր բնակավայրեր հիմնելիս, կոյուղու և սելավատարների նախագծերը կազմելիս, հաշվի առնել հողային էրոզիայի էկոլոգիական խնդիրները:

 

Հրապարակումը պատրաստվել է Վանաձորի պետական համալսարանի դասախոսներ Ռաֆիկ ԵԴՈՅԱՆԻ, Լիլիա ԲԱՅՐԱՄՅԱՆԻ, Սերգեյ ԶԱԼԻՆՅԱՆԻ «Մակերեսային հոսքաջրերով պայմանավորված արտակարգ իրավիճակները և դրանց խնդիրները բնակավայրերում» զեկույցի հիման վրա: Զեկույցը ներկայացվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: