Գլխավոր Նորություններ ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՆՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ

428
Տարածել

Վասն անվտանգ ընդերքօգտագործման

ՀՀ ԱԻ նախարարությունը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միասնական պետական քաղաքականության մշակման, իրականացման, փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման և առաջնային, անհետաձգելի, վթարավերականգնողական աշխատանքների համակարգման և նման հարցերում պետական լիազոր մարմինն է: Միաժամանակ, մեկ անգամ չէ, որ հայտարարվել է՝ աղետների ռիսկի նվազեցում-կառավարումը մեկ գերատեսչության խնդիր չէ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը օգնել և օգնում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնավոր կառույցներին` աղետների ռիսկի նվազեցման կարողությունները զարգացնելու հարցում: ԱԻՆ մասնագետները մշակել և շահագրգիռ կառույցներին են տրամադրել բազմաթիվ ուղեցույցներ, աշխատանքային ծրագրեր: Օրինակ, մշակվել և հրատարակվել է անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների ռիսկի նվազեցման կրթության ուսուցանողների ուսուցման ձեռնարկ, քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ երեք ձեռնարկ բնակչության համար, ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման ուղեցույց և այլն: Հիմա էլ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում վթարների դեպքում արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման մեթոդական ուղեցույցի նախագիծ:

Ուղեցույցով սահմանվում են արտակարգ իրավիճակ, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցում, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում, աղետ, տարհանում, ընդերքօգտագործող, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտ, պոչամբար, ազդակիր համայնք, շրջակա միջավայր և այլ հասկացություններ:

Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում վթարների դեպքում արտակարգ իրավիճակներում գործելու պլանում պետք է ներկայացված լինեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, տիպը, նախագծային հզորությունը, շահագործման նախագծային ժամկետը, տարողությունը, տարեկան պահվող թափոնների ծավալը և տեսակը, օբյեկտը նախագծող և փորձաքննող կազմակերպությունների տվյալները, վթարի դեպքում խառնուրդի տարածման մակերեսը և հեռավորությունը, աղետի գոտում հայտնվող մարդկանց թվաքանակը և այլն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն առաջարկում է վթարի արձագանքման չորս մակարդակ.

1) Դիտում. առկա է կանխատեսվող դեպքեր կամ սպասվող իրավիճակի վաղ նախազգուշացում,

2) Պատրաստվածության վիճակ. իրավիճակը` իրադրությունը բացահայտված է, առկա է վթարի առաջացման վտանգ,

3) Իրականացում. պատվարի ճեղքումը վերահաս է, կամ պատվարը վթարվել է,

4) Արտակարգ իրավիճակի վերացում. դեպքը կասեցվել է, կամ իրականացման փուլն ավարտվել է:

Նախագծի համաձայն՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման և (կամ) հետևանքների վերացման դեպքում ընդերքօգտագործողը համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ. արտակարգ իրավիճակների, պաշտպանության, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններ, կառավարությանը առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե, ոստիկանություն, մարզպետարաններ, ազդակիր համայնքներ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ