Գլխավոր Նորություններ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

541
Տարածել

Դժվարին իրավիճակից ելք միշտ կա

Գյուղատնտեսական ակադեմիան ավարտելուց հետո ծառայության է անցել  ազգային  բանակում: Բալահովիտում երկու տարի ծառայելուց հետո 2002-ին վերադարձել է հայրենի գյուղ՝ Ծաղկահովիտ: 2005-ին որպես հրշեջ աշխատանքի է անցել Ծաղկահովիտի «Արագած» հրշեջ-փրկարարական ջոկատում: Երկու տարի հետո պատասխանատու և գործին նվիրված հրշեջին է վստահվել հերթափոխի պետի պաշտոնը: Իսկ 2008-2010-ին նույն ջոկատում արդեն աշխատում էր որպես հրամանատարի տեղակալ, 2010-ից մինչ օրս զբաղեցնում է ջոկատի հրամանատարի պաշտոնը: Արթուր Կարապետյանը բոլորովին վերջերս փոխգնդապետի կոչման է արժանացել: Հպարտությամբ է խոսում ջոկատի մասին, որտեղ գործընկերները գյուղի իր ընկերներն են: Գործընկեր-ընկերական հարաբերություններն էլ ավելի են ամրացնում ու միասնական դարձնում ջոկատը, որտեղ բոլորն ապրում ու աշխատում են միմյանց աջակցելով, մեկ ընտանիքի պես: «2005-ից ծառայում եմ այս համակարգում, երբեք միտք չեմ ունեցել թողնել աշխատանքս, միշտ գոհ եմ եղել թե՛ համակարգից, թե՛ ջոկատիցս, թե՛ ղեկավար կազմից: Առավել պարտավորված և ոգեշնչված ենք ծառայում, երբ  զգում ենք, թե փրկարարի համազգեստ կրողներս որքան մեծ հարգանք ենք վայելում գյուղում ու նրա սահմաններից դուրս»,- ընդգծում է Արագածոտնի  մարզի 21 գյուղական համայնք սպասարկող ջոկատի հրամանատար Արթուր Կարապետյանը:

Խստաշունչ ու տևական ձմեռներ անցկացնող Ծաղկահովիտի ջոկատում ամենադժվարին իրավիճակից դուրս գալու ելքը միշտ գտնում են:

«Անցած տարի ձմռանը նույնիսկ մինչև -40 աստիճան ցուրտ է գրանցվել մեզ մոտ: Այդ սեզոնին շատ ժամանակ ահազանգեր ստանում ենք փակ ճանապարհներ ունեցող գյուղերից. հիվանդների, երեխաների, հղի կանանց հիվանդանոց տեղ հասցնելու խնդիր է առաջանում: Մենք ձնագնաց ունենք, որն ուղղակի փրկություն է: Իմ մեջ միտք հղացավ պատգարակ-սահնակ պատրաստել, որը, կցելով ձնագնացին, կարողանում ենք մարդկանց տեղափոխել»,- նշում է փ/ծ փոխգնդապետը և պատմում, թե ինչպես տարիներ առաջ այդ եղանակով Սիփան գյուղից Ալագյազ գյուղում սպասող շտապօգնության անձնակազմին են հանձնել հիվանդ կնոջն ու իր երեք երեխաներին: «Մայրն ու երկու երեխաները ջերմություն ունեին, փոքրն էլ առանց մոր չէր մնում: Մեր ու Ապարանի ՀՓՋ-ի ջոկատի ձնագնացներով նրանց հասցրեցինք բուժանձնակազմին: Մոտ 3 կմ ճանապարհ կտրեցինք, 1 մ-ից ավելի ձյուն կար, անհնար էր որևէ տեսակի տեխնիկա մոտեցնել: Երկու տարի առաջ էլ ձնաբքից արգելափակված մեքենաներից մոտ 22 ուղևորի տեղափոխել ենք մեր ջոկատ, 2 օր գիշերել են  մեզ մոտ, սնունդ, տաք թեյ ենք հյուրասիրել, երբ ճանապարհները կարգավորվեցին, գնացին»:

Ինչպես ջոկատի տղաներն են ասում, Կարապետյանն ընտանիքի մեծն է, իրենց թիկունքը, իրենց հետ մասնակցում է դեպքերին:

«2011-ի խիստ ձմռան մի օր Ճարճակիս գյուղից հղի կնոջը պետք է հիվանդանոց տեղափոխեինք, սակայն առատ ձյան պատճառով ճանապարհը փակ էր: Հրամանատարը որոշեց, որ նրան պետք է ամեն գնով տեղ հասցնենք: Կարապետյանը, ես ու առաջին հերթափոխն իրար փոխարինելով՝ 3,5 կմ ճանապարհը ոտքով պատգարակի վրա դրված հղի կնոջը գյուղից հասցրեցինք բուժանձնակազմին: ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանը մեզ պարգևատրեց  դրա համար»,- պատմում է ՀՓՋ-ի հրամանատարի  տեղակալ, փ/ծ կապիտան  Վարդգես Բոյաջյանը, որը նաև Արթուր Կարապետյանի մանկության ընկերն է, միասին նույն գյուղում են մեծացել: «Բախտի բերմամբ գործն ավելի շատ մոտեցրեց մեզ, օրվա մեծ մասն ու ջոկատի լավ մթնոլորտն իրար հետ ենք կիսում, լավ հրամանատար է, ճիշտ ուղի ցույց տվող»,- հավելում է տեղակալը:

Ծաղկահովիտում մեծացած Արթուրը միայն լավ հիշողություններ է պահպանել մանկությունից: Հայրը՝ Ասատուր Կարապետյանը, որը 11 տարի Արագածի տարածաշրջանի գործադիր կոմիտեի նախագահն է եղել, և շրջկոմում աշխատող մայրը՝  Բավական Գրիգորյանը, որդու համար անհոգ և ուրախ մանկություն են ապահովել: Այժմ նրանք որդու ընտանիքի հետ ապրում են մեկ հարկի տակ՝ Ծաղկահովիտի բազմաբնակարան շենքերից մեկում: Նրանց փոխգնդապետ որդին երկու երեխա ունի՝ 11-ամյա Դավիթը, որը դպրոցում գերազանց է սովորում, և 7-ամյա Նարեն: Նույն գյուղից է նաև Արթուրի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, որը մինչև վերջերս գյուղի մանկապարտեզի տնօրենն է եղել: Ընտանիքում հպարտանում են փրկարար հոր կերպարով, հերթով ներկայացնում  նրա մեդալները, ղեկավար կազմի, համայնքային և մարզային իշխանությունների կողմից արժանացած շնորհակալագրերն ու պատվոգրերը: Ծառայության տարիներին 4 մեդալի է արժանացել, երեքը՝ «Անվեհեր փրկարար», «Լավագույն հրշեջ-փրկարար» և «10 տարի անբասիր ծառայության համար» մեդալները, ԱԻ նախկին և ներկա նախարարներ Արմեն Երիցյանի և Դավիթ Տոնոյանի հրամանով է ստացել, իսկ 4-րդ մեդալը ստացել է ԵԿՄ-ից՝ ակտիվ փոխհամագործակցության համար՝ դպրոցներում համատեղ անցկացված թեմատիկ դասընթաց-վարժանքների կապակցությամբ:

էջը՝ Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ