Գլխավոր Նորություններ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԹԻՄԵՐԸ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԹԻՄԵՐԸ

895
Տարածել

Ստեփանավանի «Լոռէ» փրկարարական կամավորական ջոկատի ուսումնական բազայում հերթական տեսական  և գործնական  դասընթացներն են անցկացվում: Այս անգամ պարապմունքները կազմակերպվում են Հայկական կարմիր խաչ ընկերության (ՀԿԽԸ) կողմից իրականացվող «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրով՝ Լոռու մարզի 8 թիրախային գյուղական համայնքներում ձևավորված համայնքային արձագանքման կամավորական թիմերի համար: «Լոռէ»-ի և Կարմիր խաչի Ստեփանավանի տարածքային կազմակերպության կամավորները դասընթացների և ուսումնական վարժանքների միջոցով համայնքների բնակիչների շրջանում փորձում են առավել ամրապնդել ու բարձրացնել բնական և մարդածին աղետների նկատմամբ պատրաստվածության մակարդակը, սովորեցնում, թե ինչպես ճիշտ, արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներում: «Ծրագրի երկրորդ փուլով նախատեսված հերթական դասընթացներն ենք իրականացնում մարզի Մեծ Պարնի, Դարպաս, Օձուն, Կուրթան, Կողես, Սարչապետ, Վահագնի, Մարգահովիտ համայնքներից ժամանած թիմերի համար: Օրակարգում ներառված են հետևյալ թեմաները. «Առաջին օգնություն», «Որոնողափրկարարական աշխատանքներ» (հետախուզում, որոնում, իրավիճակի գնահատում), «Փրկարարական աշխատանքների կազմակերպում», «Պարանային տեխնիկա» (գետանց, վայրէջք, վերելք, թեք լանջի հաղթահարում), «Աշխատանք՝ փլատակների վրա», «Ավտովթարներ» և այլն: Հաշվի առնելով այս տարվա աննախադեպ անտառային հրդեհները՝ ծրագրում ավելացրել էինք նաև խոտածածկ տարածքների և անտառային հրդեհների շիջման դեպքերում առավել արդյունավետ գործելու դասընթացները»,- տեղեկացրեց ՀԿԽԸ Ստեփանավանի տարածքային կազմակերպության, «Լոռէ» հ/կ-ի նախագահ Արմեն Առաքելյանը և ուրախությամբ փաստեց, որ համայնքներում արդեն 5 տարի գործող ու փրկարարական գույք-հանդերձանքով ապահովված աղետներին նախապատրաստման և արձագանքման կամավորական  թիմերը պատրաստ են արտակարգ իրավիճակների դեպքում առաջին անհետաձգելի օգնությունը ցուցաբերել տուժած բնակիչներին՝ մինչև մասնագիտական խմբերի ժամանումը: Տարատեսակ արտակարգ իրավիճակներին արձագանքելու ունակ համայնքային կամավորական թիմերը, որոնք բաղկացած են 18 տարին լրացած իգական և արական սեռի ներկայացուցիչներից,  վերջին տարիների ընթացքում արդեն գրագետ  ու արդյունավետ արձագանքել են տարբեր դեպքերի:

2012-ից մեկնարկած քաղաքային և գյուղական համայնքների բնակչության խոցելիության նվազեցմանն ուղղված «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագիրը ՀԿԽԸ  իրականացնում է Ավստրիական կարմիր խաչի և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրում ընդգրկված էին Երևան, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները և Լոռվա մարզի 8 գյուղական համայնք:  Ավստրիական կարմիր խաչի նախաձեռնած «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում նվազեցնել գյուղական և քաղաքային համայնքների բնակչության խոցելիությունը աղետների նկատմամբ՝ օգտագործելով տեղական ռեսուրսներն ու գիտելիքները:

Ըստ ծրագրի պատասխանատուների՝ տարածաշրջանը պատահական չէ ընտրված, այլ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Հարավային Կովկասը կլիմայի փոփոխություններով, կործանարար երկրաշարժերի և բնական աղետների հակվածությամբ աշխարհում ամենախոցելի տարածաշրջաններից մեկն է: Այսուհետ,  ծրագրի շնորհիվ, համայնքները  համապատասխան գիտելիքներով, հմտություններով և արձագանքման անհրաժեշտ մեխանիզմներով հնարավորինս պատրաստված  կլինեն  սպառնացող աղետներին և ի վիճակի կլինեն սեփական ուժերով մեղմել դրանց հետևանքները:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ