Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

2141
Տարածել

Գիշերն անցկացրել են ՀՓՋ-ում

Անցած յոթ օրում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է 40 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Ավան, Աջափնյակ, Կենտրոն վարչական շրջանների և Լոռու ու Շիրակի փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Տարբեր տարածքներում արգելափակված մի շարք մեքենաներ են դուրս բերվել երթևեկելի հատված:

Այլ կանչեր. Կենտրոն վարչական շրջանի փրկարարներն ահազանգ են ստացել, թե քաղաքացին  Հրանտ Շահինյան փողոցում ծխատարը մաքրելու համար բարձրացել է տանիք և չի կարողանում իջնել: Հրշեջ-փրկարարները 38-ամյա տղամարդուն անվնաս իջեցրել են տանիքից: Նույն վարչական շրջանում ահազանգ է ստացվել, թե Հրազդանի կիրճում աղվեսի ձագն ընկել է ջրանցքը: Հրշեջ-փրկարարներն աղվեսին դուրս են բերել ջրանցքից և տեղափոխել անվտանգ տարածք:

Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Նոր Գեղի գյուղում շղթան փաթաթվել է շան վզին, շղթան կտրելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները շանը ազատել են կապանքներից:

Լոռու փրկարարներն ահազանգ են ստացել, թե Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մի հատվածում կովն առջևի ոտքերով ընկել է հորը և արգելափակվել: Հրշեջ-փրկարարները հորից դուրս են բերել կովին և հանձնել տիրոջը: Նույն մարզում ահազանգ է ստացվել, թե Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցի տներից մեկի մոտակայքում մի ծառ ենթակա է էտման, անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Շիրակի փրկարարները Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով արգելափակված մեկ բեռնատար և մեկ մարդատար մեքենաների վարորդներին և ուղևորներին (4 հոգի) տեղափոխել են թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատ՝ գիշերելու: