Գլխավոր Նորություններ ՎԻՄԱԳՐՈւԹՅՈւՆ ԵՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ

ՎԻՄԱԳՐՈւԹՅՈւՆ ԵՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ

734
Տարածել

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը (ղեկավար՝ պ.գ.թ. Ա. Բոբոխյան), համագործակցելով Գերմանիայի Թյուբինգենի համալսարանի արշավախմբի հետ, Սևանի ավազանի հարավարևելյան շրջաններում վերջին տարիներին իրականացնում է միջգիտակարգային հետազոտություններ: Այդ հետազոտություններն ուղեկցվում են պեղումներով, հնագիտական վերգետնյա հետախուզությամբ, մարդաբանական, հնաբուսաբանական և հնաերկրաբանական ուսումնասիրություններով: Պեղումների արդյունքում ի հայտ եկած տվյալների պատմական համատեքստն ամբողջացնելու համար իրականացվում է նաև աղբյուրագիտական ուսումնասիրություն:

Աղբյուրագիտական ուսումնասիրությունների ընթացքում հանդիպեցինք երկու տապանաքարերի, որոնց բովանդակությունը ուշագրավ է Հայաստանի պատմական երկրաշարժագիտության համար: Տապանաքարերը գտնվում են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի արևմտյան եզրի կամրջի մոտ տարածվող գերեզմանատանը: Տոհմական գերեզմանատունը գտնվում է ավերված վիճակում. պահպանվել են ընդամենը մի քանի խաչքարեր և տապանաքարեր՝ հիմնականում տեղից խախտված վիճակում:

Մեզ հետաքրքրող առաջին տապանաքարն օրորոցաձև է, ունի 6 տող տապանագիր (նկար 1.), որտեղ ասվում է, որ Մռիհոնի եղբայր Մամիկոն սարկավագը մահացել է 1322 թ. երկրաշարժից:

Երկրորդ տապանաքարը գտնվում է նախորդի կողքին, դարձյալ օրորոցաձև և 6 տող տապանագրով (նկար 2.):

Տապանագրում ասվում է, որ մարդկանց մեղքերից բարկացավ Աստված և 11 հոգի զոհվեցին երկրաշարժից: Սա, փաստորեն, եղբայրական գերեզման է: Թեև թվականը չի նշված, սակայն արձանագրությունը առաջինն ուսումնասիրած վիմագրագետ Ս. Բարխուդարյանը կարծում է, որ նախորդի հետ նույն ժամանակն է:

Այս տապանագրերը հնաերկրաշարժագիտական տեսանկյունից հետազոտել են նաև Վ. Տրիֆոնովը և Ա. Կարախանյանը, որոնք կարծում են, որ հիշատակվող երկրաշարժը համապատասխանում է հայկական մատենագրական սկզբնաղբյուրներից հայտնի 1319 թ. երկրաշարժին, որն ավերածություններ է գործել Շիրակից Սյունիք ընկած գոտում: Այս վարկածը թեև հավանական է, բայց ունի թեական կողմեր, մասնավորապես՝ կապված դրանց թվական անհամապատասխանության հետ: Սակայն չի բացառվում, որ հիշատակագրի թվականը վերաբերի ոչ թե երկրաշարժին, այլ շիրմաքարի կանգնեցմանը:

Ամեն պարագայում, չնայած տապանագրերում քննարկվող և մեզ հայտնի 1319 թ. երկրաշարժերի նույնականացման շուրջ գոյություն ունեցող խնդիրներին՝ հիշյալ վիմագրերը չափազանց հետաքրքիր են պատմական երկրաշարժագիտության տեսանկյունից և նոր փաստերի դեպքում կարող են վերարժևորվել:

 

Ավետիս ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն»

ՊՈԱԿի ԲՏԱԿիառաջին կարգի մասնագետ