Գլխավոր Նորություններ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

514
Տարածել

Փորձում են պարզել՝ կենդանիները կանխազգո՞ւմ են մոտալուտ երկրաշարժը

Երիտասարդ ղազախ բնագետ, բնագիտության դոկտոր Պավել Մարիկովսկին ստեղծել է նոր գիտաճյուղ, որը կոչվում է սեյսմոբիոլոգիա կամ բիոսեյսմոլոգիա: Նա փորձում է գտնել կենդանիների տարօրինակ վարքի բացատրությունը: Երկրաշարժի նախօրեին կենդանիների տարօրինակ վարքի մասին հայտնի է եղել վաղուց, հատկապես՝ այն ժողովուրդներին, որոնց բնակության տարածքում հաճախ է տեղի ունեցել այդ աղետը։

Ստորև բերված օրինակներն ապացույց են մարդ-բնություն փոխազդեցության:

Երկրաշարժագետներին ցնցել էր այն փաստը, որ 1975-ին 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի նախօրեին Չինաստանի Հայչենգ քաղաքում ժողովուրդը նախապես պատրաստվել էր։ Այդ հարցում նրանց օգնել էին տնային կենդանիների տարօրինակ վարքն ու օձերի մասսայական շարժը, որոնք, ձմեռվա ամիսներին խոր քուն մտնելու փոխարեն, երկրաշարժից քիչ անց դուրս էին եկել բներից:

1948-ի հոկտեմբերի 6-ին Թուրքմենստանի Աշգաբադ քաղաքում տեղի ունեցած 7,3 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժի նախօրեին քաղաքում լուր տարածվեց, որ մի քանի ժամից երկրաշարժ է լինելու. բներից դուրս էին եկել օձերն ու մողեսները:

Մոտալուտ երկրաշարժն առաջինը զգում են նաև ձկները: Գիտնականների կարծիքով, ձկները վերահաս երկրաշարժը կարող են զգալ ստորերկրյա ջրերում քիմիական բաղադրիչների փոփոխությունից: Հենց դա էլ կարող է կենդանիների տարօրինակ պահվածքի պատճառ դառնալ: Պարզվում է, որ երկրաշարժից առաջ ձկները հավաքվում են վտառով՝ գլուխներն ուղղելով դեպի այն կողմը, որտեղ հարվածի ալիքն է:

Տաքարյուն կենդանիների անհանգստությունն աճում է աղետից 2-3 ժամ առաջ: Նույն ունակությամբ օժտված են նաև թռչունները: Վերջիններիս յուրահատուկ պահվածքը գրավել է նաև անգլիացի բնագետ Չարլզ Դարվինի ուշադրությունը: 1835-ին Հարավային Ամերիկայի ափերին ճամփորդելիս նա նկատել է, թե ինչպես են թռչունները՝ հսկա երամներով, սրընթաց օդ բարձրանում: Եվ դրանից 2 ժամ անց տեղի է ունեցել Չիլիի 8,5 մագնիտուդ ուժով երկրաշարժը:

1792-ին Կամչատկայում անհետացան ծիծեռնակները, և 12 ժամ անց տեղի ունեցավ 8,4 մագնիտուդ ուժով երկրաշարժ:

1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի 7,0 մագնիտուդ ուժով երկրաշարժից 20-30 րոպե առաջ առնետները մեծ խմբերով լքել են Լենինականի մսի-պահածոների կոմբինատի տարածքը:

Երկրաշարժի նախօրեին կենդանիների պահվածքի նկատմամբ ուշադրությունն ու գիտնականների կողմից արված հետազոտություններն ու փորձերն ի հայտ են բերում նոր բացահայտումներ և փաստեր, փորձում կանխատեսել մոտալուտ երկրաշարժը:

 

 Ֆլորա ՄԱՀՏԵՍՅԱՆ

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն»

ՊՈԱԿի ԲՏԱԿի ուսումնական բաժնի առաջատար մասնագետ