Գլխավոր Նորություններ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

538
Տարածել

«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» գույքն ամբողջանում է

Նոյեմբերի 16-ին անհրաժեշտ հատուկ սարքերի և տեխնիկայի հերթական խմբաքանակը ստացավ Հայաստանի Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը». երկուական հՏսՈՐ  555 ԾԽ և ԽՏՐՉպՑ 500 — FISH մոտորանավակ, 5 UAZ Patriot մեքենա, երկու թՈջպսՖ մեքենա՝ մեկը հագեցած ջրասուզակներին անհրաժեշտ հատուկ գույքով, մյուսը`  սակրավորների, լուսավորության աշտարակներ, գեներատորներ,  պոմպեր, OMEGA շնչառական սարքեր, որոնողական սարքեր, 10 000 ծածկոց, 5000 ծալովի մահճակալ: Մինչև տարեվերջ կենտրոնը դեռ էլի գույք կստանա:

«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը» բացվել է 2016 թվականի մարտի 18-ին` ի կատարումն հայ-ռուսական միջկառավարական «Արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի: Նպատակն է` արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը, տարածաշրջանային համագործակցության զարգացումը, բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակի բարձրացումը:

Հայկական կողմը նորոգել-բարեկարգել է 17,5 հա մակերեսով տարածք, շենք, շինություններ: Ռուսական կողմը պարտավորվել է ապահովել կենտրոնի տեխնիկական համալրումը` 2016-2018 թթ. համար ավելի քան 20 միլիոն դոլարի գույք. ռոբոտատեխնիկական համակարգեր (հրդեհաշիջման և սակրավորական), հրշեջ, լեռնափրկարարական, վթարափրկարարական, ջրափրկարարական մեքենաներ և ավտոսանդուղքներ, վթարափրկարարական գործիքներ, լեռնափրկարարական լրակազմ, մոտորանավակներ, ջրափրկարարական համազգեստներ, որոնման սարքավորումներ, ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկա, ամենագնացներ, արագ արձագանքման փրկարարական տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, իրազեկման և ազդարարման շարժական միջոցներ և այլն:

Կենտրոնի ռուսաստանցի համատնօրեն Յուրի Պոլիշչուկի խոսքով, 2016-ին հիմնականում փաստաթղթային հարցեր են կարգավորվել. կենտրոնին անհրաժեշտ գույքի տեսակները, քանակը, դրանց Հայաստան ներկրման ժամկետները և այլն:

Այս տարվա մայիսին Ռուսաստանը տրամադրել է գույքի առաջին խմբաքանակը. փրկարարական գործիքներ, տարբեր հզորությամբ հոսանքի գեներատորներ, մոտոպոմպեր և այլն: Դրանից հետո կենտրոնը մշտապես համալրվել է գույքով. մոտոպոմպեր, գեներատորներ, վթարափրկարարական գործիքներ, մոտորանավակներ, լուսային աշտարակներ, ամենագնացներ (կվադրոցիկլ): Վերջին համալրումը նոյեմբերի 16-ին էր:

Ըստ Յուրի Պոլիշչուկի՝ մինչև տարեվերջ կենտրոնում պատրաստ ու հատուկ տեխնիկայով և գույքով կահավորված կլինի վերապատրաստման երկու լսարան. ճարտարագիտական ապահովման և փրկարարական: Քաղաքացիական պաշտպանության, ճգնաժամային կառավարման և արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտի մասնագետները կվերապատրաստվեն թե այս կենտրոնում, թե Ռուսաստանի և Հայաստանի մասնագիտական այլ կառույցներում: Այս օրերին քաղաքացիական պաշտպանության հայաստանցի 10 մասնագետ Ռուսաստանում մասնակցում է որակավորման բարձրացման դասընթացների: Հետագայում նման դասընթացներ կկազմակերպվեն նաև այլ մասնագետների համար: Չի բացառվում, որ կազմակերպվեն նաև փրկարարական ուժերի վերապատրաստում, փորձի փոխանակում հեռահար մեթոդով՝ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ներգրավմամբ:

«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում» մեկ սենյակ կկահավորվի ու կդառնա ճգնաժամային կառավարման կենտրոն՝ Հայաստանի և Ռուսաստանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների հետ մշտական կապով:

«Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» տնօրեն Պավել Գյոզալյանը տեղեկացրեց, որ կենտրոնը արձագանքում չի իրականացնում, օգնում է փրկարար ծառայության ուժերին և տեխնիկա տրամադրում` կախված արտակարգ իրավիճակի բնույթից: Օրինակ` 8 ամենագնաց-կվադրոցիկլից չորսը կմնա կենտրոնում, երկուսը կփոխանցվի Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնին, մեկական՝ Արարատի և Արագածոտնի մարզերին, ջրասուզակներին անհրաժեշտ հատուկ գույքով թՈջպսՖ մեքենան` Գեղարքունիքի փրկարարներին, սակրավորներին անհրաժեշտ հատուկ գույքով մեքենան՝ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնին:

Պավել Գյոզալյանի խոսքով, «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի» գույքն արդեն քանիցս օգտագործվել է տարբեր արտակարգ իրավիճակներում: Օրինակ, այս ամռանը անտառային հրդեհների ժամանակ բարձրլեռնային և դժվար հասանելի վայրերում տեղադրվել են կենտրոնի տրամադրության տակ եղած 1500 լ տարողությամբ ավազաններն ու ջուր մատակարարել հրշեջներին:

Բացի գույքային օժանդակությունից, կենտրոնը ՀՀ ԱԻ նախարարության հետ համատեղ Հայաստանի տարածքի ռիսկերի գնահատում է իրականացնելու:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ