Գլխավոր Նորություններ Հանդիպում թուրքագետի հետ

Հանդիպում թուրքագետի հետ

410
Տարածել

ՃԿՊԱ մշակույթի գծով պրոռեկտոր Կարինե Ոսկանյանի նախաձեռնությամբ՝ ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման էր եկել Երևանի պետհամալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը: Հայտնի թուրքագետը հիմնական շեշտադրումներով ներկայացրեց, թե ինչ է կատարվում այսօրվա Թուրքիայում, ինչ տրամադրություններ են քաղաքական վերնախավում, որոնց ակունքները թաքնված են 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպան գործողությունների խորքում. «Ցեղասպանությունից հետո Թուրքիայում շարունակեց գերիշխել հայերի նկատմամբ թշնամանքը: Հակահայկականությունն այսօր էլ իշխող տրամադրություն է Թուրքիայում: 1923-ին Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրեցին նույն երիտթուրքական կառավարության ղեկավարները, նրանք, գրեթե բոլորը, երիտթուրքական կուսակցության անդամներ էին: Այսօրվա Թուրքիան ստեղծել են Հայոց ցեղասպանությունն իրագործած երիտթուրքերը»:

Մելքոնյանը նաև ընդգծեց, որ քեմալական շարժումը Եվրոպայից նամակագրությամբ մեծ մասամբ ղեկավարել է Թալեաթը, որի հայերին ոչնչացնելու գաղափարախոսությունը շարունակվեց 20-րդ դարում. «Այսօր Թուրքիայում գաղափարախոսությունը չի փոխվել: Հայեր գրեթե չկան այնտեղ, հայկական սպառնալիք նույնպես չկա, բայց հայատյաց պետական մտածողությունը շարունակվում է: Պետությունը կառուցված է հակահայկականության հենքի վրա»,- նշեց թուրքագետը:

Ելույթից հետո Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց շոշափված թեման առավել մանրամասնող բազմաթիվ հարցերի:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ