Գլխավոր Նորություններ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀՀ ԱԻՆ ՓՈՐՁՈՎ

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀՀ ԱԻՆ ՓՈՐՁՈՎ

328
Տարածել

Այս օրերին Հայաստանում է գտնվում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԻ կառավարման պատասխանատու կառույցների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են մասնագետներ ՆԳՆ բնակչության պաշտպանության և աղետների դեպքում աջակցության դաշնային գրասենյակից, Տեխնիկական համագործակցության գործակալությունից (THW), հրշեջ ջոկատների ասոցիացիայից և Գերմանական կարմիր խաչի կազմակերպությունից:

Նոյեմբերի 20-ին գերմանական պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանին:

Այցի նպատակն է ուսումնասիրել Հայաստանում ԱԻ կառավարման համակարգի փորձը, կարողությունները և դիտարկել համագործակցության խորացման հնարավորությունները:

Ողջույնի խոսքում Վրեժ Գաբրիելյանն ընդգծեց, որ աղետների արձագանքման ոլորտում Գերմանիայի հետ համագործակցությունը սկիզբ է առել 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Գերմանական կարմիր խաչի աջակցությամբ ստեղծվեց «Սպիտակ» կամավորական փրկարարական ջոկատը:

«Մեծ է նաև Գերմանիայի դերը մեր երկրում ԱԻ կառավարման համակարգի զարգացման գործում, քանի որ առաջին պրոֆեսիոնալ փրկարարական մեքենաները մեզ տրամադրվել են Գերմանիայի կողմից՝ 1996 թվականին, որոնք դարձան փրկարար ծառայության տեխնիկական վերազինման հիմքը»,- ասաց ՓԾ տնօրենի տեղակալը:

Պատվիրակության ղեկավար, THW-ի երկկողմ համագործակցության պատասխանատու Թոմաս Հյունիքն իր խոսքում նշեց, որ իրենք հետաքրքրված են ԱԻ կառավարման միասնական համակարգի ուսումնասիրությամբ և պատրաստ սերտ ու արդյունավետ փոխգործակցության՝ խորացնելով արդեն առկա կապերը:

Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների հետ, ճանաչողական այցելություններ մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն:

Աղբյուր՝ mes.am