Գլխավոր Նորություններ ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

ԲԱԶԿԱՄԱՐՏԻ ՀԱՄԱՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

385
Տարածել

Նոյեմբերի 15-17-ը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ, կազմակերպել էր բազկամարտի համաուսանողական առաջնություն:

Արդեն ավանդույթ դարձած ամենամյա առաջնությունը նվիրված էր ուսանողների միջազգային օրվան: Սիրված մարզաձևի մրցումներին այս տարի մասնակցում էին շուրջ 360 երիտասարդներ Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի բուհերից, նրանց թվում նաև ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաները: Մարզիկներին և մրցավարներին ողջունեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ առաջնության եզրափակիչ օրն անձամբ այցելելով մրցադահլիճ:

Մրցաշարին մասնակցող ուսանողներն ընդգրկված էին չորս քաշային կարգերում՝ 70 կգ, 80 կգ, 90 կգ և 90 կգ-ից բարձր քաշ ունեցող մարզիկներ:

Մրցաշարն ընդգրկում էր ձախ ձեռքի մրցման առաջնություն, որին մասնակցում էր մոտ 160 մարզիկ, և աջ ձեռքի մրցման առաջնություն, որին մասնակցնում էր ավելի քան 200 մարզիկ:

«Այս տարի առաջին անգամ առաջնությանը մասնակցում են նաև շուրջ 20 աղջիկներ, որոնք ընդգրկված են մեկ քաշային կարգում և մրցում են միայն աջ ձեռքով: Ուսանողների միջև հավասար և արդար մրցակցություն ապահովելու նպատակով՝ Հայաստանի բազկամարտի ազգային հավաքականում ընդգրկված պրոֆեսիոնալ մարզիկները չեն մասնակցում մրցաշարին: Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգևատրվելու են գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով»,- տեղեկացնում է մրցաշարի համակարգող, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի խորհրդական Հակոբ Հակոբյանը:

Իսկ բուհի ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Գրիգորյանը նշեց, որ առաջնությանն ավանդաբար մասնակցում է ԱԻՆ-ի թիմը և ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի աչքի ընկավ իր կազմակերպվածությամբ և պատրաստվածությամբ. «Մեծ ոգևորությամբ են մրցում, և նրանց գործի բնույթն այպիսին է, որ ունեն բարձր ֆիզիկական պատրաստվածություն, այդ իսկ պատճառով ԱԻՆ-ի թիմը մեր բուհի ուսանողների հետ մշտապես առաջատարների շարքում է»:

«Ակադեմիայից առաջնությանը մասնակցում էին 20 մարզիկ: Մեր թիմում աղջիկներ չունեինք: Մեր սաները ցուցադրեցին իրենց ուժն ու պատրաստվածությունը, տեխնիկական ու որակական տվյալները: Շատ ոգևորված էին»,- տեղեկացնում է ԱԻՆ թիմի ավագ Արամ Մաղսուդյանը:

Ակադեմիայի սաները թեպետ գրանցեցին հաջողությոններ, սակայն մրցանակային տեղեր չգրավեցին:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ