Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՓԱՐԻԶ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՓԱՐԻԶ

484
Տարածել

Նոյեմբերի 21-24-ը Ֆրանսիայի ՆԳ նախարարության հրավերով ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Փարիզում էր: Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնի հետ քննարկվել են երկու երկրների միջև արտակարգ իրավիճակներում համագործակցության ընդլայնման և խորացման նոր հնարավորությունները:

Դավիթ Տոնոյանը հանդիպումներ է ունեցել նաև Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական անվտանգության և ճգնաժամերի կառավարման կենտրոնի գլխավոր տնօրեն Ժակ Վիտկովսկու և «Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության տնօրեն Ժան Մարկ Լակավի հետ:

Քննարկվել են երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության ընդլայնման և խորացման նոր հնարավորությունները, մասնավորապես՝ 2014-ի մայիսի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունների միջև ստորագրված «Մտադրությունների նամակում» սահմանված ոլորտներում համագործակցության և աշխատանքների ակտիվացումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել լեռնային պայմաններում փրկարարական աշխատանքների, անտառապատ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման գործընթացում անձնակազմի հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման և փորձի փոխանակման շրջանակներում: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նաև իրականացնել փորձի փոխանակում կամավորական փրկարարական շարժման հետագա զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ամրապնդել համագործակցային կապերը ՀՀ ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի և Աղետների բժշկության կենտրոնի հետ՝ մասնագիտական վերապատրաստումների, կոնֆերանսների, տեսակոնֆերանսների, սեմինարների, գիտաժողովների և հետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման, փոխայցելությունների միջոցով:

«Մետեո-Ֆրանս» պետական կազմակերպության տնօրեն Ժան Մարկ Լակավի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Մետեո-Ֆրանս»-ի առաջադեմ փորձի կիրառության հնարավորությունները ՀՀ ԱԻՆ «Հրդրոմետ» ծառայության արդիականացման գործընթացում, ինչպես նաև՝ ծառայության անձնակազմի մասնագիտական վերապատրաստման հնարավորությունները:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կազմակերպած Milipol Paris 20-րդ ցուցահանդեսը, որն առաջին համաշխարհային ցուցահանդես-սրահն է և նվիրված է անվտանգությանն ու նորարարություններին: Ցուցահանդեսին առաջարկվում են նորագույն տեխնոլոգիաներ և ծառայություններ բազմաթիվ ոլորտներում. ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքար, սահմանների վերահսկողություն, կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանություն, քաղաքային անվտանգություն, ռիսկերի կառավարման վերլուծություն և կիբերանվտանգություն և այլն:

Աղբյուր՝ mes.am