Գլխավոր Նորություններ ՔԱՐԱԹԱՓՄԱՆ ՎՏԱՆԳ ՉԿԱ

ՔԱՐԱԹԱՓՄԱՆ ՎՏԱՆԳ ՉԿԱ

505
Տարածել

Սեպտեմբերին շահագործման հանձնվեց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը։ Խորհրդային տարիներից գործող մայրուղու 115,3 կմ հատվածը վերակառուցվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված և Հայաստանի ու Արցախի կառավարությունների տրամադրած միջոցներով. կատարվել էին հողային աշխատանքներ, կառուցվել ափապաշտպանիչ շերտեր, տեղադրվել ջրթող խողովակներ։ Այն երկրորդ միջպետական ճանապարհն է, որն իրար է կապում Հայաստանն ու Արցախը։ Հետաքրքրական է, որ միջպետական ճանապարհի կառուցման նախագծային փուլում անտեսվել են անվտանգության որոշ նորմեր.  Գետավան-Չարեքտար-Նոր Էրքեջ-Դադիվանք-Եղեգնուտ-Չապնի-Քնարավան հատվածներում (ընդհանուր ձգվածությունը՝ 35 կմ) առկա են վտանգավոր քարաթափման տեղամասեր։ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի խոսքով՝ փրկարար ուժերի կողմից կատարվում է ճանապարհի մշտադիտարկում՝ վտանգի առկայության դեպքում արագ արձագանքման նպատակով։

Նոյեմբերի 8-12-ը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մարտիկների հետ համատեղ Մարտակերտ-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի 15 վտանգավոր տեղամասերում իրականացրել են քարաթափման կանխարգելման աշխատանքներ։ Պայթեցման եղանակով կատարվել են մոտ

40 խմ արհեստական քարաթափման և մաքրման աշխատանքներ։ Փրկարարներն իրականացրել են ալպինիստական աշխատանքներ և պարգևատրվել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատվոգրերով:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ