Գլխավոր Նորություններ ՎԱՍՆ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

ՎԱՍՆ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

509
Տարածել

Կստեղծվի «Քաղաքապետերի գլոբալ պակտ»

2015-ի դեկտեմբերի 1-12-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվեց Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխությունների մասին» շրջանակային կոնվենցիային միացած պետությունների 21-րդ համաժողովը, որին մասնակցում էր 196 երկրի ներկայացուցիչ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կլիմայի փոփոխությունների մասին» շրջանակային կոնվենցիան ընդունվել է 1992-ի մայիսի 9-ին: Իսկ Փարիզում ընդունվեց համաձայնագիր, որով երկրները պարտավորվեցին կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, անցնել կանաչ տեխնոլոգիաների, իրականացնել անտառապահպանման և անտառվերականգնման աշխատանքներ և այլն: Այս ամենի արդյունքում կհաջողվի Երկիր մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը զսպել 1,5-2 աստիճանի սահմաններում: Փարիզի համաձայնագիրն անվանվեց շրջադարձային, պատմական: Զարգացած երկրները խոստացան տարեկան 100 միլիարդ դոլարով օգնել աղքատ երկրներին կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում: Սակայն այս որոշումից մեկուկես տարի անց՝ 2017-ի հունիսի 1-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Փարիզի համաձայնագրից: ԱՄՆ-ը մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալներով աշխարհում երկրորդն է և պարտավորվել էր մինչև 2025 թվականը 28-30 տոկոսով կրճատել արտանետումների ծավալը: Թրամփը պնդում է, որ եթե ԱՄՆ-ը կատարի համաձայնագրի դրույթները, մինչև 2025 թվականը 2,7 մլն աշխատատեղ կկորցնի: Տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներ քննադատեցին Թրամփի այս որոշումը:

Եվրոպական կառույցների և պետությունների ներկայացուցիչներն ասացին, որ համաձայնագիրը չի վերանայվի և կիրականացվի: Այս շաբաթ՝ նոյեմբերի 10-16-ը, Գերմանիայի Բոնն քաղաքում անցկացվեց «Կլիմայի փոփոխությունների մասին» շրջանակային կոնվենցիայի տարեկան՝ 23-րդ համաժողովը, որին մասնակցում էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Բոննում արձանագրվել է, որ 2016-ին մեր մոլորակի մթնոլորտում ածխաթթու գազի ծավալն առավելագույնն էր վերջին 800 տարում, և բազմաթիվ համաձայնություններ են ձեռք բերվել տրանսպորտի, անտառների և կլիմայի փոփոխության հարցում գործարար աշխարհի դերի մասին: Փարիզյան համաձայնագրի կնքումից մինչ օրս ավելի քան 600 ընկերություն (ընդհանուր եկամուտը՝ տարեկան 15 տրլն դոլար) կլիմայի փոփոխությունների ոլորտում ավելի քան 1000 հստակ պարտավորություն են ստանձնել: Մասնավորաբար՝ անտառահատումներին վերջ տալու և անտառվերականգնման ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: «Անտառների պաշտպանությունը և վերականգնումը առանցքային նշանակություն ունի Փարիզի համաձայնագիրը կյանքի կոչելու և կայուն զարգացման նպատակներին հասնելու համար: Անտառը ածխաթթու գազը կլանելու հրաշալի հատկություն ունի, բայց մենք  անտառի այս ունակությանը անհրաժեշտ ուշադրություն չենք դարձնում»,- Բոննում հայտարարել է Բնության պաշտպանության միջազգային միության գլխավոր տնօրեն Ինգեր Անդերսենը:

Բիզնեսի համաշխարհային խորհրդի ղեկավար Փիթեր Բաքերը հայտարարել է, որ իրենց խորհրդի անդամ է մոտ 200 ընկերություն, և բոլորն էլ քայլեր են անում կանաչ տնտեսության անցնելու ուղղությամբ:

Երկու տարի առաջ Փարիզում նշվել էր, որ երկրների ստանձնած պարտավորություններին զուգահեռ պարտավորություն պիտի վերցնեն նաև տեղական իշխանությունները՝ համայնքները: Բոննում որոշվել է ստեղծել «Քաղաքապետերի գլոբալ պակտ», որով քաղաքային իշխանությունը կպարտավորվի ծրագրեր իրականացնել կլիմայի և էներգետիկայի ոլորտներում: 121 երկրի 7400 քաղաք արդեն պատրաստ է միանալ փաստաթղթին:

Ու ինչպես ասվեց, 2017-ի հունիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Փարիզի համաձայնագրից, ամերիկյան Փիթսբուրգ քաղաքի ղեկավար Ուիլյամ Պեդուտոն հայտարարել է, որ ամերիկյան 367 քաղաք պատրաստ է միանալ մշակվելիք փաստաթղթին և կյանքի կոչել փարիզյան համաձայնագիրը:

 

Հրապարակման պատրաստեց

Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ