Գլխավոր Նորություններ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ. ՊԵՏՔ Է ՄԵԿ ԹԻՄԻ ՊԵՍ ԱՇԽԱՏԵՆՔ

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ. ՊԵՏՔ Է ՄԵԿ ԹԻՄԻ ՊԵՍ ԱՇԽԱՏԵՆՔ

2487
Տարածել

«911.Արտակարգ թերթը» և «ԱՆԴԻՆ» գրականգեղարվեստական հանդեսը ներկայացնում են հարցազրույց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Զրույցը վարել է մեր թերթի լրագրող Հուսիկ Արան:  «ԱՆԴԻՆ»-ի առաջիկա համարում հրապարակվելու է հարցազրույցի ամբողջական՝ ամսագրային տարբերակը:

Արդեն բավական ժամանակ է՝ Դուք ղեկավարում եք արտակարգ իրավիճակների նախարարությունը: Երկրի պաշտպանության գերատեսչությունից տեղափոխվեցիք մեկ այլ ուժային կառույց, որը գերազանցապես զբաղվում է քաղաքացիական պաշտպանությամբ: Անսովոր չէ՞ր կտրուկ անցումըՈրո՞նք են այդ համակարգերի նմանություններն ու տարբերությունները: Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

— Արտակարգ իրավիճակների համակարգին ծանոթանալու համար բավարար ժամանակ ունեցել եմ ու դեռևս պաշտպանության նախարարի տեղակալ եղած ժամանակ հաճախ առնչվել եմ ԱԻՆ համակարգի գործառույթներին՝ համակարգելով ՊՆ-ԱԻՆ փոխգործակցության տարբեր ոլորտներ:

Ի դեպ՝ Ձեր սկսած կառուցվածքային բարեփոխումների դրդապատճառներից է նաև այն, որ որոշ ստորաբաժանումներ ոչ միայն կրկնում են միմյանց գործառույթները, այլև՝ գործունեություն ծավալում չհամաձայնեցված ձևով: Բնականաբար, նշված և այլ ստորաբաժանումները ենթակա են հրատապ բարեփոխումների, ի՞նչն ընդհանուր բարեփոխումների մեկնարկ կարելի է համարել:

— Բոլոր ոլորտներում էլ կան և՛ բանիմաց ու նվիրյալ, և՛ թույլ պատրաստված կադրեր: Կադրերի հետ աշխատանքի նպատակային ուղին համակարգի առաջանցիկ բարեփոխումներն են, ինչը և՛ ժամանակի մարտահրավերներով է պայմանավորված, և՛ ՀՀ կառավարության հրատապ խնդիրների մաս է:

Կարծում եմ՝ մեր ուժեղ կողմերից է ժողովրդի շրջանում ձևավորված բարձր վստահությունը: Մարդիկ այլևս հավատում են մեզ, հավատում օգնության 911 հեռախոսահամարին, որը հավաքում են ամենատարբեր արտակարգ իրավիճակների ու խնդիրների դեպքում: Ընդ որում՝ այդ զանգերից և ոչ մեկն անպատասխան չի մնում ու չի մնալու: Ճիշտ հակառակը՝ 911 արտակարգ համարին զուգահեռ կներդրվի Եվրասիական ողջ մայրցամաքում առավել հայտնի 112 փրկության հեռախոսահամարը, որը միջազգային ճանաչելիությունից բացի՝ տեխնիկապես ավելի լայն հնարավորություններ է ստեղծում ահազանգերն օպերատիվ սպասարկելու համար:

Տարին աչքի ընկավ մի քանի խոշոր անտառային հրդեհներով: Նախարարությունը երբևէ այսքան լարված շրջափուլ չէր ունեցել: Ինչպե՞ս կգնահատեք փրկարարների աշխատանքը: Փորձառու հրշեջներից մեկի խոսքով՝ «Խոսրովի» հրդեհն առանձնահատուկ էր, նա նշեց նաև, որ այդ հրդեհից սովորելու շատ բան կար: Որպես արտակարգ իրավիճակների նախարար, ի՞նչ եզրակացության եկաք Դուք, և ո՞րն էր գլխավոր հետևությունը:

— Բացահայտված որոշ խնդիրներին հրատապ լուծում արդեն տրվել է, մասնավորապես՝ արգելոցի տարածքում ապահովվել է կապի խնդիրը: Հրդեհաշիջման աշխատանքները բարդացնում էին տևական ժամանակ հանրապետությունում գրանցված բարձր ջերմաստիճանը, հրդեհի ընթացքում առկա ուժեղ քամին, տեղանքի կտրատված, բարդ ռելիեֆը և ցամաքային ճանապարհների բացակայությունը:

Կրակի շատ օջախներին դժվար էր հասնել անգամ ոտքով, էլ չեմ խոսում հրշեջ մեքենայի մասին: Միաժամանակ, պետք է նշեմ, որ արգելոցը զգայուն էկոհամակարգ է, որտեղ չի կարելի կոշտ միջամտության դիմել հիդրոտեխնիկական կամ ճանապարհային ենթակառուցվածքների եղանակով: Մեր հրշեջ-փրկարարները գրեթե 2 շաբաթ անհավասար կռիվ են մղել կրակի դեմ՝ անձնազոհաբար պայքարելով ամեն ծառի համար: Նշեմ, որ նրանցից շատերն արժանացել են պետական բարձր պարգևների:

Քաղած դասերից ելնելով՝ պետք է գտնել նման իրավիճակները բացառելու այնպիսի տարբերակներ, որոնք կապահովեն բարձր արդյունավետություն: Այս պարագայում ամենաարդյունավետն իր տեսակի մեջ եզակի հրդեհաշիջող ինքնաթիռի ներգրավումն էր, ինչը և մենք արեցինք:

Ոչ մի պետություն, անկախ տարածքից ու հզորությունից, ապահովված չէ հրդեհներից ու նման աղետներից: Այլ խնդիր է, թե ինչպես ես դիմակայում:

Շատ երկրներում իրականացվում են անտառային հրդեհների դեմ պայքարի որոշակի միջոցառումներ. ի՞նչ ենք նախատեսում մենք:

— Այդ հարցը քննարկվել է նաև ՀՀ վարչապետի հետ: Վերջինս կարևորել է նման աղետների կանխարգելման ուղղությամբ գերատեսչությունների համակարգված գործունեությունն ու հստակ քաղաքականության իրականացումը և նշել, որ անհրաժեշտ է մշակել անտառների, հրդեհավտանգ տարածքների պատշաճ վերահսկողության համապատասխան մեխանիզմներ:

Մենք առաջնահերթ առաջարկել ենք անտառային տարածքների մուտքի և ելքի ճանապարհներն ու արահետները կահավորել տեսախցիկներով՝ հրդեհի առաջացման մոնիթորինգը կազմակերպելու նպատակով:

Կառավարության հաստատած «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության» ծրագրով Փրկարար ծառայությունը պետք է մշակի բնակչության պաշտպանության միջոցառումներ: Մասնավորապես՝ ամեն համայնք պետք է ունենա աղետների ռիսկի կառավարման իր ծրագիրը: Արդյունքը ո՞րն է լինելու:

— Համայնքի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանները կնպաստեն համայնքներում սպառնացող վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակչության և գույքի պաշտպանության պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև՝ խոշոր աղետների պայմաններում համայնքի բնակչությանը վարքականոնների և ինքնապաշտպանության ունակությունների պատրաստմանն ու աղետակայուն համայնքի կառուցմանը:

Անդրադառնանք եղանակային անցանկալի մի երևույթի՝ կարկտին: Մեր երկրում հակակարկտային պատերազմը, կարծես թե, ոչ միշտ է ավարտվում ԱԻՆի հաղթանակով: Կարկտաբեր ամպերի ուղղությամբ արձակվում են հազարավոր կրակոցներ, որոնք կարծես չեն օգնում: Ո՞րն է խնդիրը:

— ՀՀ տարածքում հակակարտային ներգործությունն իրականացվում է գազագեներատորային մեթոդով: Պետական ծրագրերով տեղադրված գազագեներատորային կայանները հիմնականում տեղակայված են հանրապետության հարավարևմտյան սահմանին ու ապահովում են նախատեսված արդյունավետությունը, իսկ առանց ԱԻՆ-ի համաձայնության՝ տարերայնորեն տեղադրված կայանքները չեն կարող ապահովել արդյունավետ աշխատանք: Այդ իսկ պատճառով վերջիններիս կողմից պաշտպանվող տարածքներում դիտվում են կարկտահարության դեպքեր:

Ներկայումս, ՀՀ կառավարության որոշմամբ, ԱԻ նախարարությունն իրականացնում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում մեր երկրում ներդրվում են նորագույն արտադրության և բարձր արդյունավետություն ապահովող հակակարկտային հրթիռային կայաններ, որոնք շուտով պատրաստ կլինեն գործարկման: ԱԻ նախարարությունը կապահովի ծրագրի շարունակականությունը՝ ՀՀ մարզերի մշակովի հողատարածքները ևս առնելով նման կայանների պաշտպանության տակ:

Կուզենայի փոքրինչ խոսել նաև Դավիթ Տոնոյան մարդու մասին: Գիտեմ, Ձեր օրակարգը գերծանրաբեռնված է: Ինչպե՞ս եք տնօրինում ազատ ժամանակը՝ աշխատանքից ու պարտականություններից դուրս ի՞նչ հետաքրքրություններ ունեք:

— Վերջին մեկ տարում, ծանրաբեռնված աշխատանքի պատճառով, ժամանակ չեմ ունեցել գեղարվեստական գրականությանը, արվեստին, առհասարակ մշակույթին առնչվելու:

Ինձ շատ է հետաքրքրում մեր Առաջին հանրապետության ժամանակաշրջանը: Մեր առաջին անկախության ձախողման պատճառները և, առհասարակ, անկախացման պատճառները: Ի՞նչ միջավայրում են գործել, ռազմաքաղաքական ինչպիսի՞ պայմաններում, ի՞նչ պատճառահետևանքային կապ կա այսօրվա հետ: Այդպիսի գրականություն եմ նախընտրում: Երբեմն, երբ կինս կամ երեխաներս են ընթերցում գեղարվեստական գրականություն, փորձում եմ իրենց հետ թերթել, վերհիշել: Ժամանակի սղության պատճառով գերադասում եմ ոչ ծավալուն գործեր ընթերցել՝ պատմվածքներ, նովելներ: Իսկ, այնուամենայնիվ, եթե ազատ ժամանակ գտնում եմ, զբաղվում եմ սպորտով: Չեմ ծխում, երբեք էլ չեմ ծխել: Պարբերաբար մարզվելով՝ փորձում եմ ինձ ակտիվ վիճակում պահել:

Հայտնի է, որ Դուք ականավոր գրող և թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի զարմիկն եք: Դաշտենցի հերոսներից ո՞վ է Ձեզ ավելի հոգեհարազատ:

— Իմ ներաշխարհը ձևավորվել է Դաշտենցի գրականությամբ: Որքան էլ զարմանալի լինի, առաջին անգամ «Խոդեդանը» կարդացել եմ ռուսերեն: Մայրական կողմս Թբիլիսիում է ապրում, Ախալցխայից են, և Դաշտենցը վեպի ռուսերեն թարգմանությունը նվիրել էր պապիկիս: Թբիլիսի՝ պապիս այցելած ժամանակ, հավանաբար 8-9-րդ դասարանում էի, սկսեցի կարդալ: Ինքս ինձ հարց տվեցի՝ բայց ինչո՞ւ հայերեն չեմ կարդում: Հասկացա, որ կրթությունս է պատճառը, ռուսական դպրոցում էի սովորում և արագ ու հեշտորեն անցում կատարեցի հայերենին: Հետո հայրիկս «Ռանչպարների կանչը» նվիրեց ինձ ծննդյանս օրվա առիթով՝ շատ հետաքրքիր մակագրությամբ, որն ավելի շուտ պատգամ է.

«Իմ սիրելի Դավիթին՝ իր ծննդյան օրվանը: Որդյակս, եղիր Սև սարի հովիվների արժանի հետնորդը՝ քաջ, ազնիվ և Մայր Հայաստանի անկաշառ պաշտպանը: Վառ պահիր Տոնեի տան ճրագը, դու նրա միակ ժառանգորդն ես: 27.12.79 թ.: Քո ՀԱՅՐ»:

Այդ ժամանակ Դաշտենցի որդին՝ Տավրոսը, դեռ արու զավակ չուներ, ես Տոնոյանների տոհմը շարունակող ժառանգորդն էի, Տոնեի միակ տղա թոռը: Իհարկե, մեծ դերակատարում է ունեցել դուստրը՝ Անահիտ Դաշտենցը, «Ռանչպարների կանչի» հրապարակման առումով, դա Մուշեղ Գալշոյանի հետ միասնական աշխատանքի արդյունք էր: Երբ տոհմում հնչեղ անուն է լինում, սկսում ես ծանոթանալ, ընկալել, ինչը և մեծ ազդեցություն է ունենում կրթության ու դաստիարակության վրա: Ես «Ռանչպարների կանչը» պարզապես չէի կարդում, ուսումնասիրում էի: Այդպես եմ դաստիարակվել, մտավորականների միջավայրում, և այդ ամենը ներծծվել է իմ մեջ, ձևավորել իմ ներաշխարհն ու հայացքը: Միայն գրականությունը չէ, որ դաստիարակում է, նաև շրջապատը, մարդկանց վարքականոնը, գեները, «Խոդեդանը» իմ տոհմի պատմությունն է: Հայրս երկրաբան էր, և ես, 5 տարեկանից սկսած, ամեն տարի ամռան մեկ-երկու ամիսը երկրաբանական արշավախմբի հետ անցկացրել եմ Վարդենիսի շրջանի Վերին Շորժա գյուղում, որտեղ ադրբեջանցիներ էին ապրում, չնայած իրենք իրենց թուրք էին անվանում: Այդ երեխաների մեջ եմ ապրել, դա էլ էր դաստիարակման ձև. ճանաչել, հասկանալ, նաև չթշնամանալ: Ցավոք, հայրս՝ Էդգար Տոնոյանը, շուտ մահացավ, երբ ես երիտասարդ էի: Մեծացել եմ Շրջանայինում, Երևանում 1925 թ. Թամանյանի կառուցած առաջին երկհարկանի շենքում, դասախոսների հանրակացարան էր, այսօր, ցավոք, այն չկա, քանդեցին: Իմ բնույթով ավելի շատ բնագիտական առարկաների, ճշգրիտ գիտության կողմնակից եմ:

Ես ներկայացնում եմ նախարարության պաշտոնաթերթը և չեմ կարող չհարցնել. ի՞նչ կարծիք ունեք «911.Արտակարգ թերթի» խմբագրակազմի մասին: Թերթը փրկարարական աշխատանքի մասին է, հաջողվո՞ւմ է խմբագրակազմին հետաքրքիր թերթ տպագրել:

— Շատ ուժեղ գիր ունեցող թիմ է հավաքվել, գոնե երկու-երեք հոգի հետաքրքիր են գրում: Բայց, ցավոք, ժամանակակից գործընթացներում թերթը, որպես տպագիր միջոց, կորչում է, ժամանակավրեպ է դառնում, հետաքրքիր չէ: Ավելի շատ էլեկտրոնային դաշտում է իրականացվում ամեն ինչ: Հիմա փորձում եմ, առանց կոպիտ միջամտության, վերակազմակերպել «911»-ը, որպես շատ ազդեցիկ, ճանաչված թերթ, որը կտարածվի համացանցով: Իմ նշանակման առաջին օրերից հետո ես խնդրեցի, որ կայքէջ դառնա, որտեղ՝ ֆեյսբուքյան էջում, կարող ենք կարծիք արտահայտել, մեզ ներկայացնել: Որովհետև թերթի տպաքանակը տարածվում է արտակարգ իրավիճակների աշխատակիցների միջև, մենք նայում՝ մենք ուրախանում ենք մեր աշխատանքով: Իսկ, երբ դուրս ենք գալիս թվային՝ ժամանակակից հրապարակ, ավելի ուժեղ և ազդեցիկ ենք դառնում, և մեր խոսքը տեղ հասցնելու ավելի մեծ հնարավորություն ենք ունենում: Այսօր ֆեյսբուքյան էջում կատարած մեկ գրառումը շարժում է հազարավոր մարդկանց հետաքրքրությունը, ազդեցություն է ունենում, ծրագրավորում է: Ունենալով այդպիսի ուժեղ թիմ՝ մինչև վերջ չենք օգտագործում ուժերը: Ամռան հրդեհների ժամանակ կարծես բոլորը թաքնվել էին, նույնը՝ «911» թերթը: Մեզ քարկոծում էին, իսկ մենք, ունենալով այդպիսի հզոր հմտություն և շնորհք ունեցող մարդիկ, չէինք արձագանքում: Դուք շատ լավ էիք գրել՝ «Նախարարը կապի մեջ է», բայց դուք առօրյան, աշխատանքը նկարագրեցիք, որի տարածումը հետո եղավ, արդեն ժամանակավրեպ էր: Այդ պահին, երբ ծառայությունից չհասկացող, կառավարման հմտություններ չունեցող մարդիկ կարծիք են ձևավորում, դա մնում է մարդկանց ենթագիտակցության մեջ: Իսկ ոչ ոք չնկատեց, որ այդ երեք հուժկու հրդեհները մարդկանց օր ու գիշեր աշխատանքի, նվիրվածության արդյունքում մարվեցին: Իհարկե, երկրի նախագահը և կառավարությունը նշեցին այդ ամենը: Մարդիկ անգամ գիշերներն էին հրդեհաշիջում, և այդ պայմաններում որևէ մեկը չվնասվեց, իսկ Կալիֆոռնիայում երկու օրում 30 զոհ եղավ:

Ձեր հմտությունը նաև նրանում է, որ մեկ ճիշտ արտահայտությունը, ճիշտ գնահատականը պարզապես կոչնչացներ տվյալ անձի կատարած գրառումը: Այդ տեղեկատվական աղբը մաքրել է պետք, իսկ դրա համար պարզապես քաջություն է անհրաժեշտ: Ես ամբողջովին ձեր կողքին կանգնած եմ, հավատացեք ինձ: Փոխարենն այդ գործին լծվել էին հրշեջ-փրկարարների կանայք, որոնք բողոքում էին՝ եթե հրդեհ չեն մարում, ապա իմ ամուսինն ինչո՞վ է զբաղված այնտեղ, արդեն երրորդ օրն է՝ տուն չի եկել կամ երկու օրը մեկ է գալիս: Այսինքն՝ կանայք էին պաշտպանում իրենց ամուսիններին՝ փրկարարներին, բայց՝ ոչ մենք: Մեր տեղեկատվական ծառայությունը պաշտոնական լրատվություն է, իսկ մեր «911»-ը համացանցում կարող է հեղաշրջում անել մեր ոլորտին վերաբերող հարցերով: Պաշտոնական լրատվությամբ ոչ որևէ մեկին կարող ենք ծաղրել, ոչ էլ համարժեք պատասխան տալ: Այո, «911»-ը պաշտոնաթերթ է, բայց դուք անհատներ եք, կարող եք համացանցում պատասխանել: Ես դրան վերաբերվում եմ այնպես, որ կարծես ինձ չեն հավատում և ուրեմն համաձայն են գրառումներ կատարող անձանց հետ: Կային թերություններ, բայց եթե այդ թերություններն անգամ 80 տոկոս լինեին, մնացած 20 տոկոսի մեջ մենք հաղթանակով դուրս եկանք, այն դեպքում, երբ առաջին անգամն էինք այդպիսի ծավալներ ունեցող հրդեհներ մարում: Այդպիսի մթնոլորտ պետք է ձևավորել, որովհետև հենց դա է ճիշտը: Որովհետև մեր ծառայությունը այլ տարբերակ չունի, ոչ զինվորականները կարող են այլ կերպ ապրել, քանի որ գեներալն ու շարքայինը նույն խրամատում են կռվում, ոչ էլ մենք, քանի որ նույնը մեզ մոտ է, այլ կերպ չենք կարող: Թերթը պետք է էլեկտրոնային լինի, իսկ տպագրված տարբերակը ո՛չ այդ տպաքանակով, միևնույն է, մենք չնչին եկամուտ ենք ստանում, բայց նվիրյալներ կան, որ կարող են այդ ամենը տեղափոխել համացանց: Եվ այդպես «911»-ը կարող է այնքան ազդեցիկ դառնալ, որ գովազդ տեղադրի, իսկ մեկ գովազդը թերթի տարեկան բյուջեն կարող է կազմել: Իսկ գովազդ տեղադրելու համար մենք պետք է տեսանելի լինենք, երևանք, ունենանք կայք հաճախողներ: Մենք պետք է կարողանանք դրան հասնել, քանի որ դա այսօրվա պահանջն է: Ե՛վ քննադատություն ունենալ, և՛ սեփական կարծիքը հայտնել որպես գրող-անհատներ: Բայց այդ ամենը պետք է լինի բարձր մակարդակով, այսինքն՝ հասարակությանը սովորեցնենք պրոֆեսիոնալ գրչի, արհեստավարժ, մասնագիտական գիր ունեցող մարդկանց կարծիքն արտահայտել: Անգամ բանավոր խոսքն այսօր այն արժեքը չունի, որքան կայքում կատարած գրառումը: Պետք է ֆեյսբուքյան էջը ակտիվացնել: Մենք աղետների ռիսկերի նվազեցման առումով այսօր հնարավորություն ունենք նաև մատնանշելու համայնքների, տարբեր մարզային կառույցների թերի աշխատանքը կամ բացահայտելու, թե ինչու է այդպես: Եղել է դեպքը, վերլուծենք, հասկանանք թերությունները, շտկելու ճանապարհներ գտնենք: Պաշտոնական էջն այդ ամենը չի կարող անել, իսկ թերթում անհատներ են, կարող են, և մենք էլ մասնագիտորեն ձեզ կաջակցենք, որպեսզի ճիշտ մատնանշվեն պատճառները: Մեր ժողովրդի մեծ մասն արտերկրում է ապրում, նաև նրանց պետք է հասանելի լինի, հետաքրքրի կայքը: Նյութեր տեղադրվեն ոչ միայն հայերեն, նաև ռուսերեն, անգլերեն թարգմանված: Այսօր արտակարգ իրավիճակների նախարարության մասին տեղեկությունը ոչ պակաս գրավիչ է, քան ռազմական գործողություններին վերաբերող տեղեկությունը:

Մենք առավելություն ունենք տեղեկատվական դաշտում, և ես չեմ կարծում, թե Մոսկվայում, Փարիզում կամ Նյու Յորքում ապրող հային չի հետաքրքրում հայաստանյան անցուդարձը: Որպեսզի հասանելի լինի, երբ ինչ-որ մեկի ասածի տակ գրառում եք անում, պետք է մեջբերեք մեր «911» թերթի որևէ հոդված, որպեսզի հղում լինի, մարդիկ մտնեն և կարդան: Մտավախություն ունենալու հարկ չկա: Պաշտպանության նախարարությունում ես մեծ փորձ ձեռք բերեցի, իսկ այստեղ հումանիտար ոլորտ է, ապաքաղաքականացված ոլորտ:

Մենք կարող ենք լուրջ խնդիրներ լուծել աղետների ռիսկերի նվազեցման առումով, ահազանգելով, զգուշացնելով: Ունենք և թերթի 911tert.am կայքէջն ավելի աշխույժ է, քան՝ նախարարության պաշտոնականը՝ mes.am-ը, բայց պետք է ավելի ակտիվացնել, որպեսզի հասանելի լինենք աշխարհին: Պետք է մեկ թիմի պես աշխատենք: