Գլխավոր Նորություններ ԴԱՇՏԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՄՐՑՈՒՅԹ

ԴԱՇՏԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑԻ ՄՐՑՈՒՅԹ

707
Տարածել

ՀՀ ԱԻ նախարարի առաջարկը հետաքրքրել է գերմանական կողմին

Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ոլորտներում Հայաստան-Գերմանիա համագործակցությունը ակտիվ և արդյունավետ է: 2015-2017 թվականների ընթացքում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում (ՃԿՊԱ) ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և «Աղետների ռիսկի կառավարման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ, հիմնադրամի աջակցությամբ կահավորված ու տեխնիկապես հագեցված լսարաններում Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽ ԲՎԵԿ) երկրամասային դպրոցի մասնագետներն իրականացրել են կարողությունների զարգացման 3 դասընթաց ՀՀ ԱԻՆ «911» ծառայության կարգավար-օպերատորների վերապատրաստման դասընթացներ վարող ՃԿՊԱ դասախոսական կազմի համար: Այժմ արդեն մեր մասնագետները միջազգային չափորոշիչներին համապատասխան նմանատիպ դասընթացները վարում են ինքնուրույն: Վերոհիշյալ դասընթացներում վերապատրաստվել է «911» ծառայության 50 կարգավար-օպերատոր, որոնցից 30-ի համար 2018 թվականի գարնանը նախատեսված է ևս մեկ դասընթաց՝ «Խոսակցությունների վարում», «Հեռախոսով առաջին օգնության տրամադրում» թեմաներով՝ կատարելագործելու համար հեռախոսով առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունները:

Միայն այս տարի արտակարգ իրավիճակների ոլորտի գերմանացի պաշտոնյայի երեք այց է եղել Հայաստան: Հունվար-փետրվար սահմանագլխին Հայաստանում էր Գերմանիայի դաշնության կառավարության արտակարգ իրավիճակների գլխավոր հանձնակատար, տեխնիկական օգնության բյուրոյի նախագահ Ալբրեխտ Բրյոմեն, իսկ հունիսին և այս ամիս՝ Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության (ԳԿԽ ԲՎԵԿ) երկրամասային դպրոցի դոցենտ-փորձագետ Վոլֆգանգ Շմիդտը: Գերմանացի հյուրերը հանդիպել են ԱԻՆ ղեկավարությանը: Կողմերը համակարծիք են, որ համագործակցության լայն դաշտ կա՝ սկսած կամավոր փրկարարական շարժումների կազմավորում-զարգացումից մինչև աղետների մոնիթորինգ և աղետների հոգեբանական ծառայության կազմավորում-զարգացում: Վոլֆգանգ Շմիդտի վերջին այցի ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ի՝ 1988-ի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով կազմակերպել դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ: Գերմանական կողմին հետաքրքրել է առաջարկը, Վոլֆգանգ Շմիդտը հարցը կներկայացնի իր ղեկավարությանը:

Պատմություն և ներկա

Առաջին դաշտային խոհանոցը ստեղծվել է հենց Գերմանիայում: 1892-ին Fissler ընկերության ճարտարագետ Կարլ Ռուդոլֆը ներկայացրել է «Դաշտային օջախ», որը հնարավորություն էր տալիս տաք ճաշ ունենալ ցանկացած վայրում: Ռուդոլֆի օջախն ուներ երկու կաթսա, ճաշ պատրաստելու համար նախատեսված պարենը պահելու դարակ, սպասք և թերմոսներ: Այս նորամուծությունն այնքան արագ ապացուցեց իր օգտակարությունն ու արդյունավետությունը, որ արդեն առաջին աշխարհամարտում, «Դաշտային օջախի» հայտնագործումից մոտ 16 տարի անց, նույն սարքի տարատեսակները՝ «Արշավային խոհանոց» անուններով կային շատ երկրների բանակներում: «Արշավային խոհանոց» էին արտադրում շատ երկրներ՝ Գերմանիան, Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին «Արշավային խոնահոցը» վերանվանվեց «Դաշտային խոհանոց»: Հիմա «Դաշտային խոհանոց» են արտադրում Ռուսաստանը, Միացյալ Թագավորությունը, Լեհաստանը, Ֆինլանդիան, այլ երկրներ: Կան 2-4 կաթսայով դաշտային խոհանոցներ: «Դաշտային խոհանոցի» մրցույթներ են կազմակերպում կամ մրցույթների են մասնակցում Ռուսաստանը, Եգիպտոսը, Իրանը, Իսրայելը, Մոնղոլիան, Սերբիան, այլ երկրներ: Այս տարի Ռուսաստանում անցկացված բանակային խաղերում տանկային բիաթլոն, մաքուր երկինք, անվտանգ միջավայր, նորոգող գումարտակ, բարձրակարգ հետախույզներ և այլ խաղաձևերին զուգահեռ անցկացվեց նաև դաշտային խոհանոցի մրցույթ, որին մասնակցում էր 28 երկրի թիմ: 100 տարի առաջվա չափանիշներով, դաշտային խոհանոցի անձնակազմը պետք է 4  ժամում 250 հոգու համար ճաշ պատրաստեր՝ առաջին, երկրորդ, թեյ: Հիմա 3 ժամում՝ 500 հոգու համար՝ առաջին, երկրորդ, թեյ: Դաշտային խոհանոցի մրցույթներում երկրորդական հարցեր չկան, ժյուրին հաշվի է առնում ամեն ինչ՝ կերակուրների համը, պատրաստման արագությունը, խոհանոցի սանիտարահիգիենիկ վիճակը, պարենի մնացորդների հեռացումը և այլն: Ժամանակակից դաշտային խոհանոցի անձնակազմը 10 հոգի է, որից 6-ը՝ սպասարկողներ, 4-ը՝ խոհարար և խոհարարի օգնականներ:

Շատ երկրներում կազմակերպվում են «Ճաշ անիվների վրա» և նման անուններով փառատոներ, որոնք ևս դաշտային խոհանոցի մրցույթներ են: Պատերազմում կամ արտակարգ իրավիճակում դաշտային խոհանոցը կենսական անհրաժեշտություն է: Նշված մրցույթների և փառատոների արդյունքում դաշտային խոհանոցը խաղաղ պայմաններում այնքան ընդունելի և սիրելի է, որ, օրինակ, Ուկրաինայում կա «Դաշտային խոհանոց» անունով ռեստորան, որը սիրված վայր է թե տեղացիների, թե զբոսաշրջիկների համար:

Հայաստանի առաջարկը

Դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ կազմակերպելու՝ նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը պատահական չէ: Գերմանիայում անցկացվող մրցույթներին երկու անգամ մասնակցել են Հայաստանի պատվիրակներն ու վերադարձել պատվոգրերով: Ի հավելումն՝ Գերմանական կարմիր խաչը Հայաստան է բերել երկու դաշտային խոհանոց, որոնցից մեկը մնալու է Գերմանական կարմիր խաչի Հայաստանի մասնաճյուղում, մյուսը փոխանցվելու է Հայկական կարմիր խաչի ընկերությանը: Գերմանական կարմիր խաչի գթության խոհանոցի և Հայկական կարմիր խաչի մասնագետները կվերապատրաստվեն և արտակարգ իրավիճակներում դաշտային խոհանոց սպասարկելու հմտություններ կստանան: Ու այսքանից հետո տեղին կլինի մրցույթը՝ նաև հասկանալու համար, թե 1988-ի երկրաշարժից 30 տարի անց որքանով ենք պատրաստ արտակարգ իրավիճակներին: Դավիթ Տոնոյանը գերմանական կողմին ասել է, որ  նախարարությունը պատրաստ է մրցույթի համար տարածք տրամադրել, ապահովել պարենի անհրաժեշտ պաշարը:

Դաշտային խոհանոցի հայ-գերմանական միջազգային մրցույթ անցկացնելու վերջնական որոշում դեռ չկա, սակայն հայկական կողմի առաջարկը գերմանական կողմի սրտով է, կողմերի պատրաստակամությունը լավատես լինելու հիմք է: Պայմանավորվածության դեպքում, հնարավոր է, մրցույթին մասնակցելու հրավեր ուղարկվի այլ պետությունների, օրինակ՝ հարևան Վրաստանին: Հավանական է նաև, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի որոշ մասնագիտությունների ծրագրերում ներառվեն «Դաշտային խոհանոցի սպասարկում» դասաժամեր:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ