Գլխավոր Նորություններ Ավերիչ երկրաշարժ Իրան-Իրաք սահմանին

Ավերիչ երկրաշարժ Իրան-Իրաք սահմանին

369
Տարածել

Նոյեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով՝ 22:18-ին) Իրան-Իրաք պետական սահմանին՝ Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս, տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4,5-5,0 մագնիտուդով 4 հետցնցում: Երկրակեղևի ցնցումից առավել տուժել է Իրանի Քելմանշահ նահանգը, որտեղ ավերվել է 8 քաղաք, հիմնովին ավերվել են 15 000-ից ավելի  տներ,

12 000-ը՝ վնասվել, զոհվել է ավելի քան 530 մարդ, 7500-ից ավելի բնակիչ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, անօթևան մնացել 70 հազարից ավելի մարդ: Երկրաշարժից տուժած տարածքներում ապրում է ավելի քան 1,8 մլն մարդ: Աղետի գոտում մարդիկ ապաստանել են վրանային ճամբարներում, առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար ձևավորվել են դաշտային հոսպիտալներ: Իրանում սուգ է հայտարարվել:

Աղետի գոտի է այցելել Իրանի նախագահ Հասան Ռոհանին և վստահեցրել, որ իշխանությունները հնարավորինս արագ կլուծեն խնդիրը:

Հասան Ռոհանիին ցավակցական գիր է հղել Սերժ Սարգսյանը՝ զորակցություն հայտնելով բարեկամ ժողովրդին և մաղթել համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Տուժած բնակավայրերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, մեծաթիվ փրկարարներին են միացել նաև երկրի զինված ուժերը:

Ըստ Իրանի և Իրաքի դեսպանությունների տվյալների՝ տուժածների մեջ հայեր և մեր երկրի քաղաքացիներ չկան:

Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Արարատում, Կոտայքում, Գեղարքունիքում: Ցնցման ուժգնությունը մեր երկրում կազմել է 3 բալ, ավերածություններ ու տուժածներ չկան: Հայ փրկարարների 50 հոգուց բաղկացած թիմը (INSARAG-ի միջազգային չափանիշներին համապատասխան բարձր պատրաստվածություն ունեցող) պատրաստ է մեկնել աղետի գոտի՝ հարևան երկրում  փրկարարների օգնության կարիքը զգալու դեպքում:

Իրանում երկրաշարժեր բավականին հաճախ են լինում, քանի որ երկրի տարածքը գտնվում է սեյսմավտանգ գոտում: Ըստ մասնագետների՝ երկրաշարժը կապված էր արաբական և եվրասիական տեկտոնական սալերի տեղաշարժի հետ: Իրանում 6,6 մագնիտուդ հզորությամբ ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել նաև 2003-ին՝ Իրանի հարավում գտնվող հնագույն Բամ քաղաքում և 30 հազարից ավելի մարդու մահվան պատճառ էր դարձել:

Ի դեպ, նոյեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:48-ին (Գրինվիչի ժամանակով՝ 19:48-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը 5,3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցել նաև ադրբեջանական Մինգեչաուր քաղաքից 68 կմ դեպի հարավ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա: Ցնցումներ զգացվել են նաև մեր երկրի գրեթե ամբողջ տարածքում՝ Արցախում՝ 3-4, Հայաստանում՝ 2-3 բալ: Ադրբեջանական աղբյուրների նախնական հաշվարկով՝ վնասվել է ավելի քան 130 բնակելի տուն և մեկ դպրոց: Զոհերի մասին տեղեկություններ չկան: