Գլխավոր Նորություններ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

479
Տարածել

Շիրակի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատոր, ծանրամարտի բազմակի մեդալակիր Գրետա Վարդանյանը պատրաստվում է Մեխիկոյում կայանալիք աշխարհի առաջնությանը։

Նշենք, որ մրցաշարն անորոշ ժամանակով հետաձգվել էր սեպտեմբերի 19-ին գրանցված 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով։ Զոհվել էր 370 մարդ, վիրավորվել՝ 6000-ը։ Ցավալի զուգադիպությամբ նույն օրը բնակչությունը նշում էր 1985-ին տեղի ունեցած Մեխիկոյի մեծ երկրաշարժի 32-րդ տարելիցը, որը 10 հազար մարդու կյանք էր խլել։

Աղետից երկու շաբաթ անց Միջազգային պարաօլիմպիկ կոմիտեն հայտարարեց դեկտեմբերին առաջնության վերաբացման մասին։ Մարզիչ Արտակ Ներսիսյանի խոսքով՝  հետաձգման որոշումը խանգարեց պարապմունքների ընթացքին։ Այդուհանդերձ, նրա գնահատմամբ, Հայաստանի միջազգային կարգի միակ ծանրամարտուհին լավ մարզավիճակում է, նույնիսկ գերազանցում է նախորդ մրցումներում իր ունեցած ցուցանիշները։ Հայկական պատվիրակությունը Մեխիկո կմեկնի տասն օր շուտ։ Ըստ օրակարգի՝ նախատեսվում են մարզիկների համատեղ պարապմունքներ և հանդիպում մարզիչների միջև՝ փորձի փոխանակման նպատակով։ «Մեխիկոյում այժմ +25 աստիճան է, մեզ մոտ՝ աշնանային սառնություն։ Անհրաժեշտ է, որ մարզիկի օրգանիզմը հարմարվի նոր կլիմային։ Որպես մարզչի՝ ինձ համար կարևորը Գրետայի պարաօլիմպիկ վարկանիշ ձեռք բերելն է, ինչը թույլ կտա մասնակցել 2020-ին կայանալիք Տոկիոյի օլիմպիական խաղերին։ Ուղեգիր ստանալու համար նա պետք է աշխարհի առաջնությունում զբաղեցնի ներառյալ 6-րդ մրցանակային տեղը»,- մանրամասնում է Արտակ Ներսիսյանը։

Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք շատ են մրցակիցները, որոնց հետ ծանրամարտուհին պետք է պայքարի մեդալի համար, հավելում է՝ սպորտում ոչինչ կանխատեսելի չէ։ Նրանց թվում կան ուժեղ մարզիկներ, որոնք պարբերաբար հաղթանակում են միջազգային մրցումներում։ Ցավոք, Գրետան նման միջոցառումների չի մասնակցում հովանավորի բացակայության պատճառով։

Փրկարար-ծանրամարտուհին վերջին օրերին իրեն ամբողջությամբ պարապմունքներին է նվիրել։ Դժվար է համատեղել ծանրամարտը, աշխատանքը, տնային հոգսերը. «Պետից մինչև հերթապահ պատասխանատու ըմբռնումով են մոտենում հարցին։ Գիտեն, որ Հայաստանն եմ ներկայացնելու, և հաղթանակն ինձ համար առաջնային է»։

Մինչև 55 կգ քաշային կարգի մարզիկները, այդ թվում՝ Գրետա Վարդանյանը, ելույթ կունենան դեկտեմբերի 3-ին։ Առցանց հեռարձակմանը կարելի է հետևել www.paralympic.org կայքում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ