Գլխավոր Նորություններ 2017. ՋՐԱՍԱԿԱՎ ՏԱՐԻ

2017. ՋՐԱՍԱԿԱՎ ՏԱՐԻ

510
Տարածել

Կլիմայական փոփոխություններ, գետերի հոսքերը պակասել են

Ըստ կլիմայական երկարաժամկետ կանխատեսումների՝ գարնան և ամռան ամիսները  կշարունակեն անցնել բարձր ջերմաստիճանի և սակավ տեղումների պայմաններում: Եվ պատահական չէ, որ Հայաստանում վերջին տարիներն աչքի են ընկնում ջրասակավությամբ. մասնագետներն այն պայմանավորում են կլիմայական փոփոխություններով:

2002-2011 թվականներն ընկած ժամանակահատվածը (բացառությամբ 2008-ի) համեմատաբար կարելի էր ջրառատ համարել: 2011-ից մինչև օրս իրար են հաջորդում ջրասակավ տարիները:

Պատկերը մտահոգիչ էր հատկապես 2014-ին, երբ հանրապետությունում ձմեռային ու գարնանային տեղումների սակավության պատճառով ջրային ռեսուրսների՝ նորմայից 3 անգամ քիչ ցուցանիշ էր գրանցվել, որը լուրջ խնդիրներ էր առաջացրել երկրում: «2011-2017 թվականներին որոշ չափով ջրառատ էր 2016 թվականը: Իսկ ընթացիկ տարին բավական սակավաջուր էր: Նոյեմբերի 3-ի դրությամբ՝ գետերի մեծամասնությունում, այդ թվում նաև կարևորագույն նշանակության Հրազդան ու Ախուրյան գետերի հոսքերը կազմում են տարեկան նորմայի 50-80 տոկոսը»,- նշեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Լևոն Ազիզյանը: Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ՝ ընթացիկ տարին մոտ 20 տոկոսով ջրասակավ էր, այդ իսկ պատճառով ջրամբարներում տարեկան առավելագույն ջրալցվածության ցուցանիշները ցածր են եղել: Եթե 2016-ին Ախուրյանի, Ազատի ջրամբարներում 100 տոկոս ջրալցվածություն է գրանցվել, ապա այս տարի՝ 85 տոկոս, Արփի լճի ջրամբարում ջրալցվածությունը 62 տոկոս է կազմել՝ նախորդ տարվա  65 տոկոսի դիմաց, իսկ Մարմարիկում 90 տոկոս՝ 83 տոկոսի դիմաց: Այս տարի ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ապարանի ջրամբարում: 91 մլն խմ ջրատարողությամբ ջրամբարը լցվել է ընդամենը 49 տոկոսով, իսկ անցած տարի ջրալցվածությունը կազմել էր 60 տոկոս: 2016-ին ջրամբարներում գրանցված առավելագույն ջրալցվածությանը նպաստեցին նաև ապրիլ-մայիս ամիսներին տեղացած ցիկլոնային բնույթի անձրևները:

Լևոն Ազիզյանի փոխանցմամբ՝ ընթացիկ տարում ջրային պաշարների պակասի պատճառով ջրամբարներից ու Սևանա լճից ջրառը մոտ մեկ ամիս շուտ է սկսվել՝ մայիսի 7-ից:

Այս տարի Սևանից 266 757 մլն խմ ջուր է բաց թողնվել, ինչը նախորդ տարվա ցուցանիշից  մոտ 100 մլն խմ-ով ավելի է: Եթե 2016-ին Սևանա լճի մակարդակը բարձրացել էր 27 սմ-ով, ապա այս տարի, հիդրոօդերևութաբանական պայմաններից ելնելով, Սևանի ջրի մակարդակը ոչ թե կբարձրանա, այլ կնվազի մոտ 3 սմ-ով:

«Այս տարի ապրիլ-հունիս ամիսներին նորմայից ցածր տեղումներ են գրանցվել (ապրիլին՝ 40-80 տոկոս, մայիսին՝ 70-90 տոկոս), որոնք մեծամասամբ ներզանգվածային բնույթի էին և գետերի հոսքերի ձևավորման վրա էական ազդեցություն չեն թողել: Հոսքագոյացման շրջաններում 2000 մ և բարձրադիր գոտիներում առկա ձնածածկույթը նույնպես նորմայից ցածր է եղել: 2017-ին կանխատեսված 80-100 տոկոս ցուցանիշի փոխարեն՝ գետերի հոսքերը կազմեցին 50-80 տոկոս, նույնիսկ Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտութուն եղավ»,- տեղեկացրեց Լևոն Ազիզյանը և հավաստիացրեց, որ ջրառը եղել է լճի ակտիվ ջրատվության սահմաններում (230-270 մլն խմ)՝ պահպանելով Սևանի դարավոր պաշարները:

Իսկ թե ինչպիսին կլինի այս ձմեռը, պարզ կլինի շուտով: Ձմեռային տեղումների վերաբերյալ սեզոնային եռամսյակային կանխատեսումների ընդհանուր պատկերը կլինի նոյեմբերի երրորդ տասնօրյակում:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ