Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՎԵՏԵՐԱՆ ՓՐԿԱՐԱՐԸ

ՎԵՏԵՐԱՆ ՓՐԿԱՐԱՐԸ

1713
Տարածել

Պատրաստ՝ ցանկացած առաջադրանքի

Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի նախկին տեղակալ Աղասի Հովհաննիսյանը, խոսքի սովորական ընթացքը հանկարծ ընդհատելով, զվարթ երանգով ասում է. «Եթե կյանքս նորից սկսեի, նույն ճանապարհը կանցնեի»: Իսկ այդ ճանապարհը, որն առանձնահատուկ ոգևորությամբ նշում ենք որպես հրշեջ-փրկարարի ուղի, վետերանը սկսել է, երբ դեռ 17 տարեկան պատանի էր, և այն ամբողջացնելու համար նվիրել է ուղիղ 40 տարի:

Աղասի Հովհաննիսյանը, ավարտելով Մասիս քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը, անմիջապես աշխատանքի է անցնում Մասիսի հրշեջ-մասնագիտացված թիվ 28 խմբում՝ որպես հրշեջ: Հաջորդ տարի զորակոչվում է խորհրդային բանակ, ծառայում հակաօդային ուժերում. «Եղել եմ դասակի հրամանատարի տեղակալ, զորացրվելուց հետո ստացել եմ կրտսեր լեյտենանտի կոչում և շարունակել աշխատանքս հրշեջ-մասում»: Աշխատանքին զուգահեռ հեռակա սովորել է Պերմի շինարարական տեխնիկումում: Աղասի Հովհաննիսյանը 1987-ին արդեն հրահանգիչ էր, իսկ մեկ տարի անց՝ խմբի պետ: «Վեց տարի անց տեսչությունն ու խումբը միացնելուց հետո նշանակվեցի պետի տեղակալ: 2003-ի հունիսի 4-ից ավագ լեյտենանտի զինվորական կոչումով ծառայել եմ արտակարգ իրավիճակներում, իսկ թոշակի եմ անցել 2016-ի ապրիլի 18-ին մայորի կոչումով»,- ասում է 58-ամյա փ/ծ մայոր վետերանը:

Աղասի Հովհաննիսյանի առանձնատան հյուրասրահում կինը՝ Ելենան, սուրճ մատուցելով՝ ժպտալով ասում է. «Մեծ սիրով կուզեի փրկարար լինել,- և ավելացնում,- թեև կիսով չափ ես էլ փրկարար եմ: Հեշտ չէ փրկարարի կին լինելը, ես իր հետ՝ պատահած ամեն մի արտակարգ դեպքով ապրումներն ունեցել եմ: Մտահոգվել եմ և՛ իր, և՛ պատահարից տուժած մարդկանց համար, հատկապես, երբ դրանք երիտասարդներ էին»:

Աղասի Հովհաննիսյանի մեծ դուստրը՝ Լուսինեն, գեղանկարիչ է: Իր կտավները ստորագրում է Սուլո անունով: Դուստրը բնակվում է Ֆրանսիայում և շարունակում ստեղծագործել: Ցուցահանդեսներով ներկայացել է Իտալիայում, Իսրայելում, Ֆրանսիայում, նաև կրթությունն է շարունակում: Որդին՝ Աղվանը, ծառայում է ոստիկանության համակարգում, իսկ մինչ այդ 5 տարի անցել է հրշեջ-փրկարարի ճանապարհով: Կրտսեր դուստրը՝ Արմինեն, ավարտելով Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը՝ աշխատում է օդանավակայանում: Երբ 1976-ին նոր քաղաք դարձած Մասիսում ձևավորվում է հրշեջ-մասնագիտացված խումբ, հայրը՝ Արտավազդ Հովհաննիսյանը, Մասիսի առաջին հրշեջներից էր:

«Արտակարգ դեպքերն էլ հետք են թողնում փրկարարի հոգում: Դժվար ապրումները հենց այնպես չեն անցնում, ազդեցություն են թողնում»,- ասում է Աղասի Հովհաննիսյանը և, այդուհանդերձ, նշում, որ սիրով է ծառայել: Համոզված է՝ հրշեջ-փրկարար լինելը բնավորություն է ու վարքագիծ, որ անբաժանելի է էությունից:

Վետերան փրկարարի ուղին անցել է շատ փորձություններով, հաղթահարել է դրանք, արժանացել պատվոգրերի ու պարգևների: Վստահեցնում է, որ նորից սիրով կծառայեր՝ շարունակելով 4 տասնամյակ առաջ սկսածը, որ պահեստային կամ թոշակի անցած փրկարար չի լինում, հիմա էլ փրկարար է՝ պատրաստ ցանկացած առաջադրանքի: Այդ գիտակցումն է միշտ ուղեկցել իրեն և այդ համոզմունքով էլ նվիրված է ծառայությանը: «Հաճախ եմ գնում հրշեջ-մաս, օգնում և փորձս փոխանցում, եթե դրա կարիքը կա: Հրդեհ-պատահարների ժամանակ գնում եմ, հետաքրքրվում, թե ինչ եղավ, ինչպես ավարտվեց: Այդպես է լինելու, քանի դեռ ապրում եմ, անկախ այն հանգամանքից՝ տանն եմ, թե՝ հրշեջ-մասում»,- ասում է Մասիս քաղաքի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի նախկին տեղակալ, փ/ծ մայոր ու վետերան Աղասի Հովհաննիսյանը:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ