Գլխավոր Նորություններ ՁՄԵՌԱՅԻՆ ՏԱՔՈՒԹՅՈՒՆ

ՁՄԵՌԱՅԻՆ ՏԱՔՈՒԹՅՈՒՆ

411
Տարածել

Բազմաբնակարանային շենքի արտաքին ջերմամեկուսացում իրականացնելու դեպքում հնարավոր է 30-60 տոկոսով խնայել ջեռուցման ու հովացման ծախսերը: Նման բարձր ցուցանիշի հասնելու համար, սակայն, անհրաժեշտ է բոլոր բնակիչների համաձայնությունն ու ֆինանսական ներդրումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: «Շենքերում շահառուների քանակն անհամեմատ շատ է, կան բազմաբնակարաններ, որոնք դատարկ են, կան բնակիչներ, որոնք չեն ուզում ոչ մի բանի համար վճարել, կան բնակիչներ, որոնք հնարավորություն չունեն, կան նաև բնակիչներ, որոնք ունեն ցանկություն ու հնարավորություն, բայց անհրաժեշտ է մյուսների համաձայնությունը ևս: Այսքան շահառու ունենալու դեպքում շատ դժվար է մեկ սկզբունքով աշխատող բիզնես մոդել գտնել ու մասսայական էներգախնայողության միջոցառումներ իրականացնել»,- ասել է Հայկ Հարությունյանը:

Բազմաբնակարան շենքերում էներգախնայողության ծրագրերի իրագործմանը խոչընդոտող մեկ այլ գործոն է համատիրությունների կարողությունների բացակայությունը: Քաղաքաշինության կոմիտեն պատրաստում է համատիրությունների բարեփոխման օրենսդրական փաթեթ: «Այստեղ կարևոր են նաև էներգետիկ ծառայություններ մատուցող մասնավոր ընկերությունները, որոնք համատիրություններին ուղղություն կտան, ճիշտ ծրագրեր կկազմեն էներգետիկ աուդիտի արդյունքում»,- ասել է փոխնախարարը:

Նա տեղեկացրել է նաև, որ մինչ այժմ դոնոր կազմակերպությունների աջակցությամբ մի շարք պիլոտային ծրագրեր են իրականացրել էներգախնայողության ոլորտում և հստակ պատկերացնում են, թե արտաքին ջերմամեկուսացումը տնտեսական ինչ շահավերտություն ունի:

Մեկ բազմաբնակարան շենքի արտաքին մեկուսացումը՝ կախված շենքի չափից, Հայկ Հարությունյանի խոսքով, պիլոտային ծրագրով կազմել է 40 մլն դրամ, բայց մասսայականացման դեպքում՝ հնարավոր է մինչև կիսով չափ կրճատել ծախսերը: Միջին չափի 7-9 հարկանի պանելային շենքի արտաքին ջերմամեկուսացումը կարող է արժենալ 20 մլն դրամ: «Հայաստանում կա մոտ 20 հազար բազմաբնակարան շենք ու 450 հազար առանձնատուն: Շենքերի ջերմամեկուսացումն անհրաժեշտ է ոչ միայն էներգաարդյունավետության տեսանկյունից, այլև շինությունների կյանքը երկարացնելու, բնակիչների հարմարավետության բարձրացման տեսանկյունից»,- նշել է Հայկ Հարությունյանը:

 

Աղբյուր՝ «Արմենպրես»