Գլխավոր Նորություններ Հարգանք բժշկին

Հարգանք բժշկին

333
Տարածել

Հայաստանում բժիշկ-պացիենտ հարաբերությունները հաճախ են վերածվում ծեծի: Վերջին շաբաթում երկու նման պատմություն է գրանցվել: Մի դեպքում պացիենտն է իր տանը ձեռք բարձրացրել շտապօգնության բժշկի վրա, մյուս դեպքում՝ հիվանդի հարազատներն են բուժկենտրոնում բռունցքի դիմել: Շտապօգնության բժիշկները դժգոհում են՝ կանչից րոպեներ անց էլ տեղում լինեն, մեկ է՝ վայրկյաններ հաշվող պացիենտները սրտնեղում են, վեճ ու կռիվ սարքում:

2014-2015 թվականներին բժիշկ-պացիենտ բախումներով ամենառեկորդայինը Գյումրին էր: Գրեթե ամեն օր կարելի էր լսել վեճ ու ընդհարման մասին՝ ծեծից մինչև ծեծելով սպանություն, և ավելի հաճախ բռունցքների են դիմում ծննդկանների հարազատները: Այսօր որ բժշկին էլ հարցնեք, այս կամ այն տեսքով խոչընդոտում է եղել իր աշխատանքին:

Հոկտեմբերի 19-ի կառավարության նիստում արձանագրվեց՝ դեպքերը շատացել են, օրենքը պետք է խստացնել: Գործադիրն առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքում նոր լրացում անել՝ քրեականացնել բուժաշխատողի գործունեությունը: Օրենքը խստացվում է: Մասնագիտական պարտքը կատարող բժշկի հանդեպ բռնությունը կպատժվի: Օրենսգրքի 130-րդ հոդվածում առաջարկվում է հետևյալ ձևակերպումը. բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների գործունեությունը խոչընդոտելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով: Նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով:

Օրենքի լրացումները միտված են բժիշկների իրավունքների պաշտպանությանը: Առաջարկը շուտով կքննարկվի Ազգային ժողովում:

Բժիշկ-պացիենտ-հարազատ հարաբերություններում կգործեն էթիկայի նոր կանոններ: Իսկ սա արդեն՝ առողջապահության նախարարությունում մշակվող հաջորդ օրինագծով:

Հաճախ է պատահում, որ քաղաքացին անճար մենակությունից շտապօգնություն կամ 911 է զանգում: Իսկ ի՞նչ է արվում նման դեպքերում. միայնակները պատասխանում են՝ ոչինչ: Առայժմ՝ ոչինչ: Սպասենք: Նոր օրինագիծը, կարծես, այս հարցի պատասխանն էլ է տալու:

 

Էդուարդ ԱՐԱՄՅԱՆ