Գլխավոր Նորություններ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

493
Տարածել

Հայ-ռուսական նոր համաձայնագիր. մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և ՌԴ Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը ստորագրել են արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր («911.Արտակարգ թերթ» համար 40՝ «Հայ-ռուսական չորս նոր համաձայնագիր»):

Համաձայնագրով սահմանվել են արդյունաբերական անվտանգության կարգավորման բնագավառում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության հետևյալ ուղղությունները. արդյունաբերական անվտանգության կարգավորման բնագավառում նորմատիվ-իրավական բազայի մշակման, արդյունաբերական անվտանգության կարգավորման բնագավառում գործունեության լիցենզավորման, վերահսկողական գործունեության իրականացման, արդյունաբերական անվտանգության ոլորտում մասնագետների պատրաստման և որակավորման բնագավառներում փորձի փոխանակում: Սրան զուգահեռ փորձի փոխանակում կիրականացվի կոնկրետ աշխատանքների կատարման ընթացքում. արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծում, կառուցում, շահագործում, վերականգնում, հիմնանորոգում, տեխնիկական վերազինում, պահպանում և ապամոնտաժում, արտադրական վտանգավոր օբյեկտներում կիրառվող տեխնիկական սարքերի պատրաստում, տեղադրում, հարմարեցում, սպասարկում և նորոգում, արտադրական վտանգավոր օբյեկտներում վտանգավոր նյութերի փոխադրում, պայթեցման աշխատանքներ, ենթահողի օգտագործման հետ կապված աշխատանքներ, գերճնշման տակ աշխատող սարքավորումների շահագործում:

Այս ամենի իրականացման ձևերն են. տեղեկությունների և փաստաթղթերի փոխանակում, համատեղ սեմինարներ, դասընթացներ, խորհրդակցություններ, փորձագետների փոխայցելություններ,  համատեղ այլ նախագծեր:

Համաձայնագիրը կգործի մինչև 2022 թվականը և ինքնաբերաբար կերկարաձգվի, եթե կողմերից մեկը փաստաթղթի գործողությունը դադարեցնելու մտադրություն չհայտնի:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ