Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

558
Տարածել

Զինծառայողների օգնությամբ

Անցած յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է 60 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Վայոց ձորի մարզի Նոր Ազնաբերդ գյուղում խոտածածկ տարածքի հրդեհաշիջմանը, բացի հրշեջ-փրկարարներից, մասնակցել են նաև գյուղի 6 բնակիչ և համակից զորամասի 25 զինծառայող: Իսկ Տավուշի մարզի Նավուր համայնքի մոտակայքի հանդամասում հրդեհաշիջմանը մասնակցել է «Հայանտառի» «Արծվաբերդ» մասնաճուղի 30 աշխատակից:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Աջափնյակ, Կենտրոն, Շենգավիթ, Արաբկիր, Նոր Նորք վարչական շրջանների և Շիրակի ու Լոռու փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: 5 օձ է հայտնաբերվել և տեղափոխվել անվտանգ տարածք: Գետերի և ջրամբարների ափերին արգելափակված մի շարք մեքենաներ դուրս են բերվել երթևեկելի հատված: