Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Օգնություն տուժածներին

Օգնություն տուժածներին

500
Տարածել

Եթե ավտովթարի ականատես եք և մտադիր եք օգնել տուժածներին, նախ մոտեցեք ավտոմեքենային և անմիջապես անջատեք շարժիչը և քաշեք ձեռքի արգելակը:

Համոզվելով, որ ավտովթարի վայրն անվտանգ է, տուժածին զննեք և օգնություն ցուցաբերեք մեքենայի մեջ, խուսափեք ավելորդ շարժումներից և անցանկալի տեղափոխությունից: Մեքենաների բախման ժամանակ կտրուկ շարժման հետևանքով տուժածներից շատերը ստանում են ողնաշարի վնասվածք‚ և մինչև տուժածին տեղափոխելը ցանկալի է անշարժացնել նրա պարանոցը: Դրա համար կարող եք ձեռքի տակ եղած միջոցներից պատրաստել «օձիք»:

«Օձիքը» տեղադրեք տուժածի կզակի տակ, փաթաթեք պարանոցի շուրջը, ծայրերը հետ բերեք և կապեք կզակի տակ: Ցանկալի է, որ որևէ մեկը պահի տուժածի պարանոցն ու գլուխը: Եթե դեպքի վայրում կա վտանգ՝ վառելիքի արտահոսք, բենզինի կամ գազի հոտ, կամ էլ մեքենայի առաջամասը խիստ ձևախախտված է, ապա պետք է արագ կողմնորոշվել և տուժածներին տեղափոխել ավտոմեքենայից կամ այդ տարածքից: Տուժածին տեղափոխեք նաև այն դեպքում, երբ չեք կարող առաջին օգնությունը կազմակերպել մեքենայի մեջ, օրինակ, եթե տուժածն անգիտակից է:

Եթե տուժածը կապել է ամրագոտի, արձակեք այն: Զգուշությամբ հանեք տուժածի ոտքերը ոտնակներից: Թիկունքի կողմից գրկեք տուժածի իրանի ստորին մասը և բռնեք նրա գոտուց: Մի ձեռքով քաշելով գոտուց, մյուսով հրելով տուժածի ծնկները՝ նրան շրջեք և թիկունքով հենեք ձեզ: Այնուհետև‚ տուժածի մի ձեռքը արմնկում ծալեք և ձեր ձեռքը նրա մյուս ձեռքի թևատակով անցկացնելով՝ ամուր բռնեք ծալված ձեռքի նախաբազկից՝ ձեր բութ մատը պահելով մյուսների հետ միասին: Ձեր մյուս ձեռքը ծալված ձեռքի թևատակով անցկացնելով՝ բռնեք տուժածի ծնոտը: Ծնկները ծալելով և մարմնով հետ ընկնելով՝ տուժածին հենեք ձեր ազդրերին, նրան քաշելով՝ քայլեք դեպի հետ: Ցանկալի է, որ որևէ մեկն օգնի ձեզ և բռնի տուժածի ոտքերը, որպեսզի դրանք չվնասվեն մեքենայից հանելու պահին: Տուժածին անվտանգ տեղ հասցնելով՝ զգուշորեն իջեցրեք՝ հատուկ ուշադրություն դարձնելով գլխին և պարանոցին:

Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում հնարավոր է, որ գործ ունենաք ոչ թե մեկ, այլ բազմաթիվ տուժածների հետ: Այս հանգամանքը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում: Նման դեպքերում պետք է որոշեք, թե ով ավելի շատ օգնության կարիք ունի: Առաջին հերթին անհրաժեշտ է օգնել անհապաղ օգնության կարիք ունեցող տուժածներին, օրինակ՝ ուժեղ արյունահոսությամբ, շոկի մեջ գտնվող կամ անգիտակից տուժածներին: Նրանց առաջին օգնություն ցուցաբերելուց հետո միայն անցեք ավելի թեթև վնասվածքներ ունեցողներին:

Օգնություն ցույց տալուց առաջ ահազանգեք արագ արձագանքման ծառայություններին: