Գլխավոր Նորություններ ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ

ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ

389
Տարածել

Երեք երկրաշարժ, որ պատահեցին Հաղպատի վանքում

Ներկայացնում ենք վիմագրական և մատենագրական հիշատակություններով դարերի խորքից մեզ հասած հերթական ուշագրավ պատմությունը: Այս մեկը վերաբերում է Հաղպատի վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցուն պատուհասած երեք երկրաշարժերին:

 

Լոռու մարզի Հաղպատ գյուղում է գտնվում UNESCՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկված համանուն վանական համալիրը, որը կարևոր կրթամշակութային և հոգևոր կենտրոն է հանդիսացել միջնադարյան Հայաստանում, եղել Լոռու հոգևոր թեմի աթոռանիստը:

Հոգևոր և հասարակական բնույթի շինություններով հարուստ վանական համալիրի հնագույն կառույցը Սուրբ Նշան եկեղեցին է, որն, ըստ շինարարական արձանագրության (արևմտյան պատին, լուսամուտի գլխին), 991 թ. կառուցել են հայր Սիմեոնը և Տիրանուն երեցը՝ Սմբատի և Գուրգենի փրկության համար (նկ.1):

Խաչագմբեթ Սուրբ Նշանը կառուցված է կապտավուն, սրբատաշ բազալտից, ունի վերանորոգումների բազմաթիվ հետքեր և հետագայում ավելացված կցակառույցներ, ներքուստ պատված է հարուստ որմնանկարներով:

Եկեղեցու հյուսիսային մուտքի կամարին կարդում ենք թվակիր մեկ ուրիշ արձանագրություն, ըստ որի՝ կառուցումից 25 տարի անց՝ 1016 թ., Հոնովարի որդի Մուկը Աստծո շնորհիվ նորոգում է եկեղեցին, որն ավերվել էր սաստիկ երկրաշարժից (նկ.2):

Ժամանակագրական այդ միջակայքում Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հակիրճ նկարագրություն ունի պատմիչ Մատթեոս Ուռհայեցին, ում խոսքով՝ այն պատահել է 1003 թ., որը նշան էր մարդկանց հանդեպ Աստծո բարկության, ապա ավելացնում է, որ շատ մարդիկ զոհվեցին այդ ահեղ երկրաշարժից: Բացառված չէ, որ քննարկվող եկեղեցին տուժել է հենց այդ երկրաշարժից:

Սուրբ Նշան եկեղեցու երկրորդ նորոգման մասին արձանագրությունը կարդում ենք Հաղպատ գյուղում գտնվող մի խաչքարի պատվանդանին: Ըստ այդ արձանագրության, 1188 թ. Սարգիսը հիմքից նորոգում է եկեղեցին (նկ. 3):

Կառույցի հիմնանորոգման անհրաժեշտությունը, կարծում ենք, պայմանավորված էր Գանձակի 1139 թ. սեպտեմբերի 30-ի երկրաշարժի հետևանքով, քանզի կան մատենագրական մի շարք տվյալներ, ըստ որոնց՝ Գանձակի երկրաշարժից փլվել է նաև Հաղպատի վանքը:  Հաղպատի Սուրբ Նշանը տուժել է նաև 1668 թ. հունվարի 4-ի երկրաշարժից, որի էպիկենտրոնը եղել է Ատրպատականի սահմանին: Այդ մասին պահպանված մատենագրական վկայության մեջ ասվում է, որ երկրաշարժը պատահել է առավոտյան ժամերգության ժամին, թափվել են եկեղեցու ներսի պատերի քարերը:

 

Ավետիս ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ ԱԻՆ ՍՊԱրմԾ

ԲՏԱԿի առաջին կարգի մասնագետ