Գլխավոր Նորություններ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

507
Տարածել

Համակարգի վերազինում

 

Հայֆրանսիական համագործակցություն. Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղադրվել են նոր սեյսմիկ կայաններ:

 

Հայաստանը գտնվում է սեյսմիկ բարձր ռիսկի գոտում: Սեյսմիկ գործընթացների մշտադիտարկման և արձագանքման համակարգի անընդհատ վերազինումն ու արդիականացումը հանդիսանում են ՀՀ ազգային անվտանգության կարևոր և բաղկացուցիչ մասը:

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետները համակարգի զարգացման, հանրապետության տարածքում մշտադիտարկման ցանցի ընդլայնման և արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում, Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի (DASE) ներկայացուցիչների հետ համատեղ ս/թ հոկտեմբերի 2-11-ը Լոռու մարզի Սարատովկա, Սյունիքի մարզի Եղվարդ և Վայոց ձորի մարզի Վայք համայնքներում իրականացրել են երկու նոր սեյսմիկ կայանների տեղադրման և մեկ կայանի տեղափոխման աշխատանքներ։

Մասնավորապես՝ Սարատովկա և Եղվարդ համայնքներում տեղադրվել են մեկական GURALP-3T տիպի սեյսմոմետրեր և GURALP-5T տիպի աքսելերոմետրեր, կատարվել են համապատասխան մոնտաժային աշխատանքներ: Սեյսմիկ կայաններում տեղադրվել են հատուկ վահանակներ, որոնց մեջ հավաքվել են տվյալների առցանց փոխանակման համար անհրաժեշտ սարքերը, արբանյակային կապի միջոցով կազմակերպվել է տվյալների առցանց հաղորդում։

Տեղադրված նոր կայանների սնուցումն իրականացվում է փոփոխական հոսանքով և կրկնապատկված է կապարային մարտկոցներով. սնուցման այս եղանակն ապահովում է կայանի անդադար աշխատանքը:

Մինչ կայանները ցանցին միացնելու և գործարկելու աշխատանքները, նախապես, հատուկ տեխնիկայի միջոցով, փորվել են 3 մ խորությամբ հորեր և կառուցվել բետոնե պատվանդաններ, որտեղ տեղադրվել են GURALP-3T տիպի սեյսմոմետրերը՝ պաշտպանված օղակաձև պլաստիկ էլեմենտներով: Դրանք,  իրենց հերթին, փակվել են ավազե և խճաքարե զանգվածով:

GURALP-5T աքսելերոմետրերը տեղադրված են հատուկ վահանակների մեջ, գտնվում են աշխատանքային վիճակում, և առցանց կապի միջոցով իրականացվում է դրանցում մուտքագրված տվյալների հաղորդումը։

Նույն ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի Վայք համայնքում իրականացվել է սեյսմիկ փնջի «մայր» սեյսմոմետրի տեղափոխումն առավել բարենպաստ տեղանք։

Կատարված աշխատանքները մասն են կազմում ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության համակարգի որդեգրած` զարգացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման քաղաքականության, միտված են երկրաշարժերի հետևանքները նվազեցնելուն և ՀՀ քաղաքացիների պաշտպանությանը:

Հայ-ֆրանսիական երկարամյա և արդյունավետ համագործակցության շրջանակում մյուս տարի նախատեսվում է ևս 4 նմանատիպ կայանների տեղադրում մեր երկրի տարածքում:

 

ՍՈՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ

«ՍՊԱրմԾ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու