Գլխավոր Նորություններ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ՝ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ

ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ՝ ՏՏ ՈԼՈՐՏՈՒՄ

538
Տարածել

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ՀՀ նախագահի մրցանակը հիմնվել է 2005-ին։ Մինչ օրս տարբեր անվանակարգերում պարգևների են արժանացել հանրապետության 452 ուսանող և աշակերտ։ Հինգ տարվա ընդմիջումից հետո այս տարի շնորհվեց գլխավոր մրցանակ, որին արժանացավ ԵՊՀ ռադիոֆիզիկայի բաժնի ասպիրանտ Թորգոմ Եզեկյանը։

Մասնակցության հայտը ներկայացրել էր դեկանատի առաջարկով, գերազանց պատասխանել հանձնաժողովի թե՛ մասնագիտական, թե՛ մյուս ոլորտներին առնչվող հարցերին։ «Մրցանակները քիչ ներդրում ունեն ոլորտի զարգացման համար։ Եթե հույսը դնենք միայն նմանօրինակ քայլերի վրա, ոչնչի չենք հասնի։ Գիտությունը ցանկացած պետության համար շեմ է, պետության մասին գաղափար կազմում են նրա գիտնականների շնորհիվ»,- համեստորեն նշում է երիտասարդը։

Թորգոմը զբաղվում է նանոմասնիկների և լույսի փոխազդեցության ուսումնասիրությամբ։ Ունի գիտական հոդվածներ տեղական և արտասահմանյան  Journal of Luminescence պարբերականում. «Աշխատանքներս վերաբերում են քվանտային օպտիկային։ Այսօր ատոմի և լույսի փոխազդեցությունն աշխարհում բավական տարածված ոլորտ է, որն ուսումնասիրության կարիք ունի։ Առանձին գիտություններ դժվարությամբ են զարգանում, սակայն եթե դրանք միակցենք, ինչպես, օրինակ, կենսաֆիզիկան, հետազոտության համար բոլորովին նոր հորիզոններ են բացվում»։

Ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով այսօր գործնականում հնարավոր է տարբեր նանոչափի կոնֆիգուրացիաներ ստեղծել՝ գունդ, բուրգ, էլիպս և այլն։ Դրանք լայնորեն կիրառվում են բժշկության մեջ, հատկապես՝ նորագոյացությունների բուժման նպատակով։ Ասպիրանտի խոսքով՝ բիոնշիչին կցված նանոմասնիկները կուտակվում են հենց քաղցկեղային բջիջների մոտ և արտաքին ճառագայթումից տաքանալով՝ քայքայում դրանք։ Ի դեպ՝ ի տարբերություն քիմիաթերապիայի, որը բացասաբար է ազդում օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգի վրա, ցածր էներգիայով ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ճառագայթները չեն վնասում առողջ բջիջները։

Հետաքրքրական է նանոմասնիկների կիրառությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ «Ինչպե՞ս զարգացավ էլեկտրոնիկան։ Սկզբում լամպերն էին, ապա՝ տրանզիստորները։ Ի վերջո, պարզվեց, որքան փոքր են սարքի չափերը, այնքան արդյունավետ և արագ է դրա աշխատանքը։ Մեր թիմն այժմ աշխատում է քվանտային համակարգիչների ներմուծման ուղղությամբ։ Կիրառելով քյուբիթեր (ինֆորմացիայի պահպանման նվազագույն մասնիկ)՝ մենք կկարողանանք կարճ ժամանակում այնպիսի հաշվարկներ կատարել, որոնց լուծման համար հարյուրավոր տարիներ են պետք»,- մանրամասնում է մասնագետը։

Նոր գաղափարները բնության և երաժշտության մեջ է գտնում։ Ինքնուրույն սովորել է սազ նվագել։ Մտահոգ է՝ իսկական հայկական սազը չի պահպանվել, շուկայում առկա նվագարանները թուրքական և պարսկական ոճերի կրկնօրինակն են։ Իսկ  ճամփորդությունները, հատկապես՝ լեռնագնացությունը, մշտապես փնտրտուքի մեջ գտնվող ֆիզիկոսին լավատես են դարձնում, ապրելու ուժ տալիս։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ