Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ՀՈՐ ԿԵՐՊԱՐՈՎ ՀՊԱՐՏ ՓՐԿԱՐԱՐԸ

ՀՈՐ ԿԵՐՊԱՐՈՎ ՀՊԱՐՏ ՓՐԿԱՐԱՐԸ

523
Տարածել

Բազմազբաղ, փորձառու հերթափոխի պետը

Տան հարակից այգու ծառերի ճյուղերն արդեն դատարկ են, այգեպանները պտղատու ծառերի վերջին բերքն են տեղավորում մառանում, որը լցվել է խնձորի ու տանձի անուշաբույրով: Մառանի դռան ճռռոցն է լսվում, դիլիջանցի Արտակը հոր հետ այգու վերջին ընկուզենուց հավաքած բերքի պարկն է մառան տանում ու գոհ ժպիտով դուրս գալիս. «Այս տարի ծառերը նորմալ բերք են տվել: Մրգատուներից բացի նաև 5 ընկուզենի ունենք, ամեն ծառը 30-32 կգ պոպոք էր վերցրել, էսօր վերջին ծառի պոպոքը հավաքեցինք»,- բերքահավաքի վերջին գործերով զբաղված դիլիջանցի Արտակի հետ ենք զրույցի բռնվում, որն այգում նաև բանջարեղեն է աճեցնում, անասնապահությամբ զբաղվում, ազատ ժամանակ ունենալու դեպքում նաև շինարարություն անում: «Պապս էր նախկինում էս այգին մշակում, հիմա հայրս է ամբողջ օրը բաղերում անցկացնում, ես էլ հերթափոխը հանձնելուց հետո գալիս, օգնում եմ»,- պատմում է Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի երկրորդ հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Արտակ Ղազարյանը, որի մանկությունն անցել է մեկհարկանի առանձնատանն ու պապական այգում: Միայն թե մանկության այգին ու տունը վերջին տարիներին ավելի ընդարձակվել, բարեկարգվել ու նոր տեսք են ստացել նրանց ուժերով: Իսկ առանձնատան տանիքի տակ ապրում են Արտակի ընտանիքն ու ծնողները: Հրշեջ-փրկարարն իր ընտանիքն ստեղծել է 17 տարեկանում, երբ դպրոցը նոր էր ավարտել: «Էն ժամանակ փախցնելը մոդա էր, Հրանուշի հետ 10 տարի մի դասարանում էինք սովորում, 1992-ին դպրոցի ավարտական վերջին քննությունից հետո փախցրեցի ու բերեցի մեր տուն հարս: Երջանիկ ընտանիք ունեմ, երկու երեխա՝ 25-ամյա Օֆելյան ու 23-ամյա Դավիթը: Աղջիկս տնտեսագետ է, տղաս դեռ ուսանող է, ապագա ագրոէկոլոգ: 43 տարեկան եմ, բայց արդեն երիտասարդ պապիկ եմ, աղջիկս ինձ թոռ է պարգևել՝ մեկուկես տարեկան Դիանային»:

Արտակը տան միակ փրկարարը չէ, հայրը՝ Միշա Ղազարյանը, նույնպես փրկարար էր, ժամանակին հրդեհների և տարբեր դեպքերի էր արձագանքում, բայց արդեն 11 տարի է՝ վաստակած հանգստի է անցել: Արտակի կինը՝ Հրանուշը, ամուսնու առաջարկով մեկուկես տարի Դիլիջանի ՀՓՋ-ում օպերատոր է աշխատել, բայց 2008-ին հաստիքի  կրճատման պատճառով իրեն ընտանիքին ու տնային գործերին է նվիրել: Նա և փրկարար ընտանիքի մյուս անդամները հարմարվել ու հաշտվել են Արտակի հաճախակի բացակայությունների հետ, թեև հանգիստ քնում են ահազանգի մեկնած փրկարարի տուն վերադառնալուց հետո միայն: Խոստովանում են՝ միշտ հպարտացել են փրկարար հոր ու որդու կերպարով: Հերթափոխի պետն էլ հիշում է, որ երեխաները դպրոցական տարիներին իրեն խնդրում էին ժողովներին ներկայանալ փրկարարի համազգեստով:

Ծառայողի լարված ու մշտազբաղ գործն ունենալով հանդերձ, հնարավոր առիթի դեպքում ընտանիքի հետ բնության գրկում հանգսիտը վայելելու պահը փորձում է բաց չթողնել, թեև հեռախոսը միացրած և ամեն պահի ականջը հրշեջ-փրկարարական ջոկատից զանգի սպասելով: Այդպես՝ 18 տարեկանից սկսած, երբ առաջին անգամ ոտք դրեց փրկարար ծառայության ոլորտ:

Աշխատանքային սկզբնական տարիներն անցկացրեց Դիլիջանի հրշեջ-մասում՝ որպես հրշեջ, այնուհետև համակարգային փոփոխությունից հետո դեպքերին սկսեց արձագանքել արդեն որպես հրշեջ-փրկարար: Փ/ծ սերժանտի կոչումը ստացել է 2001-ին, իսկ 2013-ից փ/ծ ենթասպա է և ղեկավարում է Դիլիջանի ՀՓՋ-ի երկրորդ հերթափոխը: Մինչ այդ էլ շուրջ 10 տարի օղակի հրամանատար է եղել: «Սիրելով եմ ընտրել փրկարարական գործը: Իմ տունը ջոկատի մասնաշենքից ընդամենը 200 մ է հեռու, միշտ հետևում էի հրշեջների աշխատանքին, բացի դրանից, իմ հոր կերպարն աչքիս առաջ ունենալով, որոշեցի ընտրել այս ուղին: Տարիների ընթացքում ավելի փորձառու դարձանք, պարբերաբար մասնագիտական դասընթացների մասնակցեցինք ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում: Այժմ նաև հեռակա սովորում եմ «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի վերջին կուրսում»:

Յոթ հոգանոց հերթափոխի պետը ցանկացած բարդ իրադրությունում դժվար գործն իր վրա է վերցնում, իրավիճակն ուսումնասիրելուց ու տարածքը հետախուզելուց հետո միայն հերթափոխի տղաներին հրահանգում գործի անցնել: Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի տղաները տարբեր ահազանգերի են արձագանքում. փակ դռան կանչ, հրդեհ, կենցաղային այլ կանչեր, բայց ավելի շատ մեկնում են ավտովթարների կանչերի հետքերով, որոնք մեծապես տեղի են ունենում Դիլիջանի ոլորաններին և Հաղարծին վանք տանող նեղ ճանապարհին: Ընթացիկ տարում ջոկատը 50-ից ավելի ավտովթարի կանչ է սպասարկել:

Դիլիջանի ՀՓՋ-ի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Արտակ Ղազարյանը դժվարանում է հաշվել, թե իր ծառայության տարիներին քանի կանչի է արձագանքել, բայց հիշողության մեջ դրոշմվել են ազդեցիկ դեպքերը: «2006-ին էր, երբ արդեն մի քանի ամիս է որպես հրշեջ-փրկարար էինք ծառայում և նոր էինք ՀՀ ԱԻՆ ակադեմիայի Ստեփանավանի մասնաճյուղում առաջին բուժօգնության դասընթացներն ավարտել, զանգ ստացանք, որ սարերում հունգարացի զբոսաշրջիկները շրջվել են կվադրացիկլով: Մոտ 4 ժամ որոնողափրկարարական աշխատանքներ կատարելուց հետո գտանք ընկերոջ հետ սար բարձրացած հունգարացուն: Ամենաբարդ ու պատասխանատու փրկարարական աշխատանքն էր: Առաջին բուժօգնության կարևորագույն կանոններին հետևելով՝ պատգարակով վթարված հունգարացուն 3 կմ իջեցրեցինք սարից ու հանձնեցինք բժիշկներին: Ողնաշարն էր ջարդվել, մինչև հիմա կապ կա նրա հետ, ցավոք, նա հաշմանդամ մնաց»,- պատմում է Արտակը:

Փ/ծ ենթասպան ծառայության օրերին բախվում է նաև զավեշտալի դեպքերի: Վերջերս ահազանգ էր ստացվել, որ մայրն իր երեխայի հետ դրսում է մնացել, տան դուռը չեն կարողանում բացել: 10 կմ ճանապարհ անցնելուց հետո, փրկարարները հեշտությամբ բացում են դուռը և պարզում, որ կինն ընդամենը բանալին կողպեքի մեջ սխալ էր դրել:

«Արտակը կազմակերպված, փորձառու, հոգով իր գործին նվիրված հրշեջ-փրկարար է: Ցանկացած պահի, հերթափոխը հանձնելուց հետո լինի կամ արձակուրդի մեջ, երբ նրա անհրաժեշտությունը զգացվում է, բոլոր գործերը մի կողմ է թողնում և արագ միանում ջոկատի տղաներին: Պատրաստ է օրվա 24 ժամը նվիրելու իր գործին»,- հերթափոխի պետի անձնվեր աշխատանքով հպարտանում է Դիլիջանի ՀՓՋ-ի հրամանատար Կորյուն Փիրումյանը: Նա երկարամյա ծառայության տարիներին բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի է արժանացել, մի քանի տարի առաջ էլ Դիլիջանի լավագույն հրշեջ-փրկարարն է ճանաչվել: «Ծառայել եմ խղճով ու սրտացավ: Հաճելի է, երբ գնահատում են քո արածը: Շնորհակալ եմ, որ «911. Արտակարգ թերթի» էջերում լուսաբանվում է փրկարարների աշխատանքը և ներկայացվում, թե ինչ դժվարությունների են բախվում ծառայության ժամանակ: Նախկինում մեր աշխատանքի մասին հանրությունն այդքան տեղյակ չէր: Փրկարարը ծառայում է նույն «կռվի դաշտում», չգիտենք հաջորդ րոպեին ինչ ահազանգ ենք ստանալու, դեպքի վայր մեկնելիս ինչպիսի խնդրի ենք բախվելու, ինչ  պայմաններում ենք աշխատելու: Բոլոր հրշեջ-փրկարարներին բարի ծառայություն եմ մաղթում»,- զրույցը եզրափակում է Արտակ Ղազարյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ