Գլխավոր Նորություններ ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿԱԿԱՐԿՏԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

549
Տարածել

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Արտաշավան համայնքում տեղակայված ռադիոլոկացիոն կայանում ծանոթացավ պիլոտային ծրագրով իրականացվող հրթիռային կայանների տեղադրման աշխատանքներին: ՀՀ կառավարության որոշմամբ՝ երկրի տարածքում հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով ռուսական «Անտիգրադ» ընկերությունից ձեռք է բերվել «Էլիյա-3» տիպի երկու հակակարկտային հրթիռային կայան (ևս մեկը՝ որպես նվիրատվություն): Երկու կայան գործելու է Արագածոտնի մարզում՝ Արտաշավան և Ոսկեհատ համայնքներում, իսկ մյուսը՝ Արմավիրի Ակնալիճ համայնքում: Դրանք նորագույն արտադրության և բարձր արդյունավետություն ապահովող հրթիռային կայաններ են:

Հրթիռային կայանների տեղադրման վայրի ընտրությունը կատարել են մասնագետները՝ շղթայական պաշտպանական գոտի ապահովելու նպատակով:

Նշենք, որ ԱԻ նախարարության ֆինանսավորմամբ՝ ՌԴ առաջատար «Անտիգրադ» գիտաարտադրական կենտրոնը նախապես ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի տարածքում (1մլն 134 հազար հա): Հետազոտության արդյունքներով՝  նշվել են առավել կարկտավտանգ գոտիները, ստեղծվել՝ ռադիոլոկացիոն կայանների և հրթիռային կայանքների տեղակայման քարտեզ, կատարվել ծախսերի գնահատում:

«Կայաններն արդեն տեղադրվել և փորձարկվել են, գարնանը հրթիռները ստանալուց հետո մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքներ կիրականացվեն: Այսուհետ հնարավոր կլինի երկու մարզերի 59 համայնքի մոտ 45 հազար հա հողատարածքում իրականացնել հակակարկտային առավել հուսալի պաշտպանություն: Մասնագետները շարունակում են տեխնիկական միջոցների շահագործման կարգին ծանոթանալ: Ավտոմատացման արդյունքում հրետանավորի և մարտիկի հաստիքի անհրաժեշտություն չկա, այդ աշխատանքները կիրականացվեն էլելկտրոնային ղեկավարման համակարգի միջոցով»,- փոխանցեց «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, «ՄԵՎԱՆ» կենտրոնի պետ Սուրեն Հովսեփյանը: Իսկ թիրախավորված կրակոցների ճշգրտությունը հնարավոր է լինելու ապահովել ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալներով:

Արտաշավանի ռադիոլոկացիոն կայանը հիմնանորոգվել, արդիականացվել է՝  համալրվել նորագույն թվային սարքավորումներով, որոնք թույլ կտան կարկտաբեր ամպերի պարամետրերը չափելիս առավել ճշգրիտ պատկեր ունենալ և հեռահար հսկողություն իրականացնել: Բացի դրանից՝ կնվազեն սպասարկման ծախսերը:

Արդիականացման արդյունքում Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է ավելի քան 10 տարով: Ծրագիրը շարունակական է լինելու, հաջորդ տարիներին ՀՀ մյուս մարզերի գյուղատնտեսական նշանակության մշակովի հողատարածքները ևս առավել հուսալի պաշտպանության տակ կառնվեն:

Ընդհանուր առմամբ՝ ծրագրով առաջարկվում է 1 մլն 100 հազար հա գյուղնշանակության տարածք պաշտպանելու համար ևս 4 ռադիոլոկացիոն կայանների, 68 հրթիռային արձակիչ կայանների ձեռքբերում և տեղադրում երկրի կարկտավտանգ բնակավայրերում:

Ներկայումս մեր երկրի տարածքում գործում է գազով լիցքավորվող 496 հակակարկտային կայան, որոնց միջոցով պաշտպանվում է մշակվող հողատարածքների ընդամենը 10 տոկոսը: Կիրառվող այս մեթոդի արդյունավետությունը 50 տոկոս է կազմում: Ըստ մասնագետների՝ 5000 դոլար արժողությամբ գազագեներատորային կայանը պաշտպանում է ընդամենը 80 հա, իսկ 18 000 դոլար արժեցող հրթիռային կայանը՝ ավելի քան 200 անգամ մեծ տարածք՝ մոտ 18 000 հա: Ռուսական հակակարկտային պաշտպանության ավտոմատացված հրթիռային կայանքները կարկտի վնասները կրճատում են միջինը 80-90 տոկոսով:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ