Գլխավոր Նորություններ ԱՂԵՏՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՂԵՏՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1310
Տարածել

Փրկարարի հոգեբանական կայունությունը

Մարդկության զարգացմանը զուգահեռ աճում են մարդուն սպառնացող ռիսկերի և արտակարգ իրավիճակների քանակն ու տեսակները, բնապահպանական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, քաղաքական վտանգները: Դրանց ծագման և ազդեցության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժամանակակից մարդը խոցելի է թե բնության, թե իր իսկ ստեղծած միջոցների ու միջավայրի կողմից: Ժամանակակից մարդն ունի մշակութային, սոցիալ-տնտեսական լայն հնարավորություններ և միաժամանակ մեծապես կախված է բնական երևույթների, մարդածին ճգնաժամերի բերած փոփոխություններից: Այս ամենը մեկ անուն ունի՝ արտակարգ իրավիճակ առաջացնող գործոններ, և ազդում է մարդու մտածողության, ապագայի հանդեպ վստահության և այլ զգացումների վրա: Իսկ նման իրավիճակում առաջնային է փրկարարի գործը:

Արտակարգ իրավիճակներում փրկարարներն աշխատում են բարձր ռիսկի, անսպասելի ծագող ու աստիճանաբար բարդացող, վտանգներով հագեցած և անկանխատեսելի զարգացումներով լի, նյարդահոգեկան լարվածության պայմաններում: Փրկարարներն ու փրկարարական ուժերի կազմում ընդգրկված անձինք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում մշտապես ենթարկվում են հոգեբանական վնասակար գործոնների ազդեցության և սթրեսի: Փրկարարի մասնագիտությունն այլ մասնագիտություններից առանձնանում է ինքնահաղթահարման նպատակով մարդկային ունակությունների ու հնարավորությունների բացառիկ դրսևորումներով, անհրաժեշտության դեպքում ինքն իրեն գերազանցելու, արագ կողմնորոշվելու, իրավիճակը գնահատելու և արդյունավետ որոշում կայացնելու ունակությամբ:

Արտակարգ իրավիճակներում փրկարարին սպառնացող գործոններն են.

գ ֆիզիկական (փլուզվող կամ անկայուն կառուցատարրեր, տեղաշարժվող իրեր, փլուզվող լեռնային ապարներ, oդի աղտոտվածություն, բարձր փոշոտվածություն, oդի բարձր և ցածր ջերմաստիճանն, աղմուկ, մթնոլորտային ճնշման կտրուկ բարձրացում կամ նվազում, օդի խոնավության ավելացում ու նվազում, պայծառ լույսի առկայություն, սուր, կտրող, ծակող առարկաների առկայություն, վտանգավոր բարձրությունների վրա կատարվող աշխատանք և այլն),

գ քիմիական (թունավոր, գրգռիչ, քաղցկեղածին, վերարտադրողական ֆունկցիայի վրա ազդող նյութերի առկայություն),

գ կենսաբանական (վիրուսների, մանրէների, սնկերի առկայություն),

գ հոգեֆիզիոլոգիական (ֆիզիկական,  նյարդահոգեբանական գերծանրաբեռնվածություն):

Վնասակար և վտանգավոր գործոնները  բացասաբար են ազդում փրկարարական աշխատանքների անվտանգության և արդյունավետության վրա, իսկ արտակարգ իրավիճակներում իրականացվող փրկարարական գործողություններում յուրաքանչյուր սխալ կամ փոքր-ինչ ուշացած որոշում, հապաղում, վրիպում, անուշադրություն, իրավիճակի սխալ գնահատում կարող է դառնալ անդառնալի կորուստների պատճառ: Այդ իսկ պատճառով նման աշխատանքներում ընդգրկվող փրկարարն իր գործնական, ֆիզիկական հմտություններով, մտածելակերպով ու հոգեբանաֆիզիոլոգիական հատկություններով խիստ տարբերվում է այլ բնագավառներում աշխատող մասնագետներրից: Սա փրկարարից պահանջում է լուրջ հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածություն: Փրկարարի հոգեբանական պատրաստության կառուցվածքում անձնակազմերի գործունեության արդյունավետության ապահովման համար առանձնահատուկ կարևորություն ունի փրկարարի բարոյահոգեբանական կերտվածքը: Փրկարարը բնական պայմաններում պետք է հաղթահարի այնպիսի սուբյեկտիվ և օբյեկտիվ իրավիճակներ, խոչընդոտներ և դժվարություններ, անսպասելի իրադրություններ և վտանգներ, որոնք նախապես հայտնի չեն: Երբեմն այդ դժվարություններն ու իրավիճակներն իրենց ազդեցության ուժգնությամբ գերազանցում են անձի ֆիզիկական և հոգեբանական հնարավորությունների սահմանը:

Փրկարարի հոգեբանական անվտանգության պահպանման հիմնախնդիրը կարևոր հիմնահարց է՝ իրավիճակի ճիշտ գնահատման և դրանում արդյունավետ պաշտպանական գործունեության կազմակերպման երաշխիք,  որը մշտապես գտնվում է փրկարարի գիտակցական վերահսկողության ներքո: Փրկարարի հոգեբանական անվտանգությունը պայմանավորված է նաև փրկարարական թիմի անդամների միջև համագործակցությամբ, արդյունավետ փոխօգնությամբ, համատեղելիությամբ, փոխադարձ փոխարինելիությամբ, ամեն փրկարարի թիմում իր լիարժեք տեղն ու դերն ունենալու համոզմամբ:

Փրկարարների համար հոգեկան կայունությունը կարևորվում է, քանի որ այն հնարավորություն է տալիս դիմակայելու առկա դժվարություններին, հանգամանքների անբարենպաստ ճնշումներին, պահպանելու հոգեկան և ֆիզիկական առողջությունը տարբեր փորձություններում:

 

Հրապարակումը պատրաստվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հայցորդներ Հայկ Ղազարյանի և Հարություն Ղազարյանի «Փրկարարների հոգեբանական կայունության պահպանման կարևորությունը աղետների արձագանքման ժամանակ» զեկույցի հիման վրա: Զեկույցը ներկայացվել է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացված «Աղետների հոգեբանություն» գիտաժողովում: