Գլխավոր Նորություններ Ե՛Վ ԱՐՏԱԿԱՐԳ, Ե՛Վ ՀԵՐԹԱԿԱՆ

Ե՛Վ ԱՐՏԱԿԱՐԳ, Ե՛Վ ՀԵՐԹԱԿԱՆ

666
Տարածել

Նոյեմբերի 1-17-ը Հայաստանում կլինի Ճապոնայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) պատվիրակությունը՝ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչների հետ «Ճգնաժամային և աղետների ռիսկի կառավարման հանրային իրազեկման ցանց» ծրագրով համագործակցության ուղղությունները քննարկելու նպատակով: Ճապոնական պատվիրակության ղեկավարն է Ուզբեկստանում ՃՄՀԳ գլխավոր ներկայացուցիչ Կացուտոշի Ֆուշիմին:

Ճապոնացիները հանդիպումներ կունենան փրկարար ծառայության, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության, աղետների ռիսկի կառավարման ոլորտում ծրագրեր իրականացնող միջագային կառույցների ներկայացուցիչների հետ՝ ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակ, զարգացման ծրագրեր:

Հայ-ճապոնական «արտակարգ» համագործակցությունը 12 տարվա պատմություն ունի: 2005 թվականի հունիսի 8-ին ստորագրված «Հայ-ճապոնական տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում Ճապոնիան Հայաստանին է տրամադրել մոտ 3 տասնյակ հրշեջ-փրկարարական մեքենա, վեց մեքենայից բաղկացած շարժական կառավարման կայան:

Ճապոնացի մասնագետների օգնությամբ և մասնակցությամբ ծրագրեր են իրականացվել սեյսմիկ անվտանգության, սողանքների դեմ պայքարի, աղետների ռիսկի նվազեցման-կառավարման ոլորտներում, բազմաթիվ հայաստանցի փրկարարներ վերապատրաստման, որակի բարձրացման դասընթացներ են անցել Ճապոնիայում:

Այս տարվա սեպտեմբերի 7-ին՝ Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 25-ամյակին, արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնայի միջազգային համագործակցության գործակալության միջև կնքվեց հերթական պայմանագիրը. «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագիր» դրամաշնորհի համաձայնագիր՝ 14 մլն դոլար արժեքով:

Ըստ համաձայնագրի, Ճապոնիան Հայաստանին կտրամադրի հրշեջ-փրկարարական նոր մեքենաներ, որոնք կհատկացվեն Լոռու, Սյունիքի և Շիրակի փրկարարական կազմավորումներին: Այս մարզերում կան համայնքներ, որոնք սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատներից հեռու են 32-48 կմ, իսկ այսօր փրկարարների տրամադրության տակ եղած հին և մաշված մեքենաները և բարձրլեռնային ճանապարհները դանդաղեցնում են արձագանքման արագությունը: