Գլխավոր Նորություններ Դժբախտ պատահար Ախթալայի հանքում

Դժբախտ պատահար Ախթալայի հանքում

599
Տարածել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 10:03-ին, փլուզում է տեղի ունեցալ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ընկերության Շամլուղ տեղամասի ստորգետնյա հանքի 140 հորիզոնի 22-րդ երակում: Փլուզման հետևանքով զոհվել է հանքի 38-ամյա աշխատակից Վրեժ Սահակյանը:

Վրեժ Սահակյանի հետ փլուզված հանքախորշում հորատման աշխատանքներ էին կատարում ևս երկու աշխատակից, բարեբախտաբար, նրանք չեն վնասվել:

Առավոտյան ժամը 10:10-ին փլուզման վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը:

«Րոպեներ անց դեպքի վայրում էինք: Հանքափորի դին ընկերներն արդեն դուրս էին բերել հանքի մուտքի մոտ, դրեցինք պատգարակի վրա և տեղափոխեցինք շտապօգնության մեքենա: Փլուզման վայրում ջոկի հրամանատար Արտակ Ասլանյանի, վարորդ, շնչադիմակավոր Համլետ Դալլաքյանի հետ ամրացման աշխատանքներ ենք իրականացրել՝ հետագա փլուզումներից խուսափելու համար: Մենք պարբերաբար՝ ըստ գրաֆիկի, շրջայց ենք կատարում հանքում, վերացնում վտանգավոր հատվածները, մաքրման և ամրակայման աշխատանքներ իրականացնում: Փլուզումը, հնարավոր է, աննկատ ճաքից առաջացած լինի: Հանքափորներն օրական մի քանի մետր փորելով առաջ են գնում, թուլացած ապարները հնարավոր չէ ամեն պահ արձանագրել, զգուշանալ»,- նշեց Ախթալայի ջոկատի հրամանատար Արշալույս Սիմոնյանը և տեղեկացրեց, որ հանքափորի վրա ընկած քարը չափերով այնքան մեծ էր, որ ձեռքով հնարավոր չէր հեռացնել:

Նշենք, որ հանքում զոհված Վրեժ Սահակյանն ապրում էր Ախթալայում, կոմբինատում աշխատում էր երկար տարիներ, երեք անչափահաս երեխաների հայր էր: Ընտանիքով ապրում էր ծնողների հետ և տան  միակ եկամուտ ապահովողն էր:

Սա 2017-ին լեռնահարստացման կոմբինատի հանքում գրանցված  մահացու ելքով առաջին դժբախտ պատահարն էր: Այս տարվա ապրիլի 17-ին Շամլուղի փակ հանքում փլուզված ապարների տակ էր մնացել 41-ամյա Աղբալ Առաքելյանը և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Ալավերդու բուժկենտրոն, որտեղից ժամեր անց Երևանի «Էրեբունի» բուժկենտրոն:

 

Մ.Ս.