Գլխավոր Նորություններ ԱՌԱՆՑ ՉՈՐՍ ՊԱՏԻ

ԱՌԱՆՑ ՉՈՐՍ ՊԱՏԻ

584
Տարածել

Հրդեհից տուժած արմավիրցիները կորցրել են ամեն ինչ

Հոկտեմբերի 22-ի երեկոյան խոշոր հրդեհ էր բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղում։ Րոպեների ընթացքում կրակն ընդգրկել էր եռահարկ շենքը։ Հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա, սակայն մարդկանց հայացքներն անորոշ են. 11 ընտանիք՝ առանց տանիքի ու փաստաթղթերի, իսկ առջևում ձմեռ է։

Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանը մանրամասնում է՝ դեպքի վայր հասնելուն պես հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան։ Օգնության են հասել մարտական հաշվարկներ Բաղրամյանի, Վաղարշապատի, Մասիսի, Արտաշատի և Երևանի ջոկատներից, ինչպես նաև մեկ ավտոսանդուղք, թվով՝ 8 մեքենա։ Հրդեհաշիջման աշխատանքներին միացել է հերթափոխից ազատ 19 փրկարար։ «Շենքը չորրորդ կարգի վթարային էր,  փլուզման վտանգ կար։ Հնարավոր չէր փողրակները սանդուղքով մոտեցնել։ Հրդեհաշիջումը կատարել ենք որոշակի հեռավորությունից՝ ջուրն ուղղերով տանիքից ներս»,- նշում է գնդապետը։

Ականատեսների խոսքով՝ շենքի միջանցքում կուտակված վառելանյութ է եղել, որտեղից կրակը տարածվել է դեպի բնակելի հատված և առաջացրել գազի պայթյուն։ Չնայած երեկոյան ժամին՝ բարեբախտաբար բոլոր 26 բնակիչներն անվտանգ տարհանվել են։

Մեծածավալ հրդեհին նպաստել են փայտյա կառուցատարրերը, որոնք տեղ-տեղ պատված էին մազութով։ Բաղդադե տանիքի մեծ մասը փլուզված է, որոշ հատվածներում երկաթյա թիթեղներ են կախված։

Քաղաքապետարանն ապահովել է հրշեջ տեխնիկայի ջրամատակարարումը։ Դեպքի վայրում  հերթապահել են ոստիկանությունն ու շտապօգնությունը։

Հովհաննես Մարգարյանի հաղորդմամբ՝ չնայած անվտանգություն պահպանելու իր հորդորներին, այնուամենայնիվ հերթապահող փրկարարներն ընդառաջել են տուժածների խնդրանքներին և այրվող շենքից դուրս բերել չվնասված գույքը։ Նորապատցի Խուդետա Ղասոյանն այս հարցում ամենահաջողակն է. նրան վերադարձրել են սառնարանը, լվացքի մեքենան, սպասքը, հագուստեղենն ու անկողնային պարագաները։ Մեկ այլ տիկնոջ հանձնվել է իր ոսկեղենը։ «Բոլոր ջոկատները, վտանգելով իրենց, հերոսական աշխատանք կատարեցին։ Ներկա դրությամբ դեռ 3 ծխացող օջախ կա, իրականացվում է հերթապահություն։ Ըստ իս՝ հարցի միակ լուծումը սեփականատիրոջ համաձայնությամբ շենքի հարկադիր փլուզումն է»,- հավելում է վարչության պետը։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Մերի Գևորգյանն ի սկզբանե դեպքի վայրում է եղել, անհատական զրույցներ ունեցել բոլոր տուժածների հետ։ «Մարդիկ խուճապահար էին, զարմացած։ Մեծահասակները սրտնեղում էին, որ դժվար ապրուստով իրենց վաստակածից ոչինչ չի մնացել։ Նրանց շարքում վարձու բանվորներ կան։ Տուժողներից մեկը հուսահատությունից նույնիսկ սպառնում էր իրեն կրակի մեջ նետել։ Նման մարդկանց համար իսկական աղետ է չորս պատը կորցնելը»,- ասում է Մերին։

Հարցի առնչությամբ հոկտեմբերի 23-ին Արմավիր համայնքում գումարվել է ավագանու արտահերթ նիստ, որոշում է կայացվել փողոցում հայտնված քաղաքացիներին ցուցաբերել դրամական աջակցություն՝ մեկ շնչի դիմաց 60 հազար դրամի չափով։ Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սարգիս Մովսիսյանի խոսքով՝ գումարը նախատեսված է առաջին անհրաժեշտության  կարիքները հոգալու համար. «Մինչ կառավարության կողմից բնակարանի հարցը լուծելը ժամանակավոր կացության մի քանի տեղ ենք առաջարկել, ինչպես, օրինակ, տեղի մարզադպրոցը՝ ապահովված սանհանգույցով, տաք և սառը ջրով։

Դիմել ենք նաև հանրությանը, ներկայումս ճշտում ենք աջակցության ձևաչափը։ Մարզպետարանը խոստացել է տաք հագուստ տրամադրել»։

Նշենք, որ տուժածները հրաժարվել են ժամանակավոր կացարան տեղափոխվելու առաջարկից՝ գիշերելով հարազատների տանը։ Նրանք լիահույս են, որ մի առավոտ բարի լուր կլսեն։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Հովհաննես ՀՈՎՀԱԿՅԱՆԻ, Արմավիր