Գլխավոր Նորություններ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԳՈՏՈՒ ՍՏԵՆԴԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԳՈՏՈՒ ՍՏԵՆԴԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ

685
Տարածել

Փրկարարները հաստատեցին ամրագոտու կարևորությունը

Օրերս ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հյուրընկալել էր ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: Նրանք ակադեմիայի սպայական կազմին և ուսանողներին ներկայացրեցին անվտանգության ամրագոտու ստենդը, որը հնարավորություն է տալիս անձամբ համոզվելու ամրագոտիով երթևեկելու անվտանգության մեջ: Այն, թե ինչ տեղի կունենա վարորդի և ուղևորների հետ մինչև 30 կմ/ժ արագությամբ ընթացող մեքենան վթարվելու դեպքում, եթե ամրագոտին կապված չլինի: Ստենդով փորձարկմանը մասնակցեցին «Փրկարարական գործ, ուղեբեռի պաշտպանություն» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, դասախոս սպաները և վերապատրաստման դասընթացներին մասնակցող փրկարարները:

Փորձարկմանը ներկա Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը ներկայացրեց ճանապարհային ոստիկանության վերջին երկու տարվա կատարած աշխատանքների վիճակագրությունը. «Այն տարվանից, երբ մենք խստացրեցինք պահանջը, որ վարորդները երթևեկեն անվտանգության գոտիով ամրակապված՝ և՛ նրանք, և՛ ուղևորները, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ 83 զոհ պակաս ունեցանք՝ տարեվերջի տվյալները համեմատելով նախորդ տարվա հետ, երբ անտեսվել էր ամրագոտին: Յուրաքանչյուրս, որպես վարորդ, ուղևոր կամ հետիոտն, երթևեկության մասնակից ենք, ուստի կոչ եմ անում միշտ զգոն լինել և պահպանել անվտանգության կանոնները, երթևեկել ամրագոտիով»:

Ակադեմիայի Փրկարարական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանը նշեց, որ կարևոր են նման միջոցառումները, որպեսզի ապագա փրկարարներն իրենց մարմնով զգան, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ անտեսվում են անվտանգություն կանոնները. «Սարքը փորձարկեցին մեր ուսանողները: Բոլորն էլ հասկացան, որ նույնիսկ մինչև 30 կմ/ժ արագության դեպքում հարվածը կարող է մեքենայում գտնվող մարդուն նստասեղից պոկել և զգալի մարմնական վնասվածքներ հասցնել, եթե կապված չէ ամրագոտին: Արդեն պարզ է, թե ինչ տեղի կունենա ավելի բարձր արագության դեպքում: Ոստիկանության հետ այս գործակցությունը շատ ուսանելի էր, և մեր ապագա փրկարարներն իմացան, որ ամրագոտու առկայությունն անհրաժեշտ է առաջին հերթին սեփական անձի անվտանգության համար»:

Ակադեմիայի ուսումնական գծով պրոռեկտոր Հայկուհի Ղարիբյանն էլ շնորհակալություն հայտնեց ոստիկանության աշխատակիցներին ստենդի փորձարկան հնարավորության համար՝ հույս հայտնելով, որ ոստիկանության հետ գործակցությունը շարունակական կլինի. «Եթե յուրաքանչյուրն իր շրջապատում երկու հոգու էլ ներկայացնի անվտանգության ամրագոտու կարևորությունը, շատ մեծ արդյունք կունենանք անվտանգության կանոնները պահպանելու առումով»:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ