Գլխավոր Նորություններ ՎԱՂԱՐՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ

ՎԱՂԱՐՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ

569
Տարածել

ԿԱՏԱԿԱՍԵՐ, ԳՈՐԾԻ ՄԵՋ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՐԿԱՐԱՐԸ

Վաղարշակ Սիմոնյանը կամ ինչպես մտերիմներն ու գործընկերներն են դիմում՝ Վաղիկը, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի ամենաերկար ծառայողական ուղի անցած փրկարարն է: 2001-ին է ոտք դրել ոլորտ, իսկ մինչ այդ ծառայել բանակում՝ Վայոց ձորի մարզի Նախիջևանի սահմանագծում: «1997-1999 թվականներն էին, բանակը նոր-նոր էր կազմավորվել, դիրքերում դեռ կրակոցները չէին դադարել: Առաջնագծում ծառայելով՝ շատ բան եմ սովորել, կոփվել, ինչը շատ է օգնել փրկարարական աշխատանքներում»,- ասում է օղակի հրամանատար, փ/ծ ավագը: Առաջին աշխատավայրը Գավառի հրշեջ-մասն է եղել, որտեղ ժամանակին արձագանքում էր միայն հրդեհների վերաբերյալ ստացվող կանչերին: Առաջին կանչը Նորատուս գյուղից էր, որտեղ խոշոր հրդեհ էր բռնկվել. այրվում էր տունը, ավտոտնակն ու խանութը: Հիշում է, թե ինչ մեծ դժվարությամբ ու երկարատև հրդեհաշիջման արդյունքում ի վերջո հաջողվեց մարել կրակը:

Հարյուրավոր կանչերն ուրվագծում են երկարամյա փրկարարի անցած դժվարին ու կարևոր ուղին: Այս տարիների ընթացքում բազմաթիվ ահազանգերի է արձագանքել. հրդեհների մարումից, կենցաղային տարատեսակ կանչերից մինչև ձյան մեջ արգելափակված մեքենաների դուրսբերում:

Տարիների կուտակած փորձն այժմ բանեցնում է կրտսեր գործընկերներին մասնագիտացնելու հարցում: «Առաջին խորհուրդը, որ տալիս եմ նորեկներին, «դուխով» գործին կպնելն է, եթե վախեցան, գործը գլուխ չեն բերի»: Գործընկերները պատմում են, թե ինչ տեսակ մեթոդների ասես չի դիմել, իրենց սրտից վախը հանելու ու խիզախություն ներշնչելու համար: «Իրեն հարազատ հումորով, նույնիսկ «դաժան» կատակներով մեզ սովորեցրել է, որ դեպքի վայրում անելանելի վիճակում չհայտնվելու համար փրկարարը պետք է սառնասիրտ լինի»,- պատմում են ջոկատի տղաներն ու ընդգծում, որ Վաղիկի աշխատանքային առօրյայից ոչ միայն հումորը, այլև զվարճալի դեպքերն անպակաս են եղել: «Մի օր մեզ պատահաբար կողպեց բեռնարկղի մեջ և միայն 4 ժամ հետո կարողացանք ազատվել, երբ հրամանատարը եկավ ու տեսավ, որ խումբը չկա»,- ծիծաղում են Գավառի ՀՓՋ-ի տղաները:

Կատակասեր, գործի մեջ պատասխանատու լավագույն փրկարարն իր աշխատանքի մասին շատ խոսել չի սիրում, ասում է՝ մարդկանց նեղությանը հասնելն ու ձեռք մեկնելն իր ամենօրյա գործն է:

Նա հասնում է այնտեղ, որտեղ իր օգնության կարիքը կա՝ ինչպես Գեղարքունիքում, այնպես էլ մարզի սահմաններից դուրս: 2011-ին շատ փրկարարների հետ օրեր շարունակ մասնակցել է Այրումի սողանքի ժամանակ տարվող որոնողափրկարարական աշխատանքներին, բահերով հողի հաստ շերտը փորելով՝ գտել անհետ կորածներին՝ միաժամանակ պահապան աչքը չկտրելով սողանքի վայրում աշխատող իր ջոկատի տղաներից: Փ/ծ ավագը մեծ աշխատանք է տարել նաև 2007-ին, երբ Գեղարքունիքի մարզում ձյան հալոցքից ու առատ տեղումներից Գավառագետն ու սնուցող վտակները հեղեղել էին ափամերձ տներն ու հողատարածքները: Վաղիկն իր գործընկերների հետ տևական ժամանակ առանց հանգստանալու լծվել էր մարդկանց տարհանելու, տան ունեցվածքը, կենդանիները ջրից դուրս բերելու և ապահով վայր տեղափոխելու պատասխանատու գործին:

«Գործին նվիրված փրկարար է: Աշխատանքները կազմակերպելիս միշտ անհատական մոտեցում է ցուցաբերում, գիտի որտեղից սկսի գործը, որ կարողանա հաղթահարել իր առջև դրված խնդիրը: Անմիջական է, ուշադիր բոլորի հանդեպ, դժվարին իրավիճակներում էլ գործընկերոջ պարտականությունն իր ուսերին է վերցնում: Եթե Վաղիկը դեպքի վայր մեկնած խմբի հետ է, գիտենք՝ գործը չի ձախողվի: Նրա համար հանգստյան օր գոյություն չունի, երբ զանգում ենք, վայրկենապես կանգնում է մեր կողքին: Ջոկատի տղաները՝ հանձին Վաղիկի, առանց տրտնջալու ու նվիրվածությամբ են աշխատում, ինչը շատ կարևոր է»,- Գավառի ՀՓՋ-ի օղակի հրամանատարին օրինակելի աշխատող է համարում Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանը:

Առջևում ձմեռ է, իսկ այդ սեզոնին Գավառում հրշեջ-փրկարարները հիմնականում արձագանքում են ձյան ու ձնաբքի հետևանքով ճանապարհներին արգելափակված մեքենաների ու մարդկանց դուրսբերման կանչերին: 2015-ի սաստիկ ձմեռը լավ է պահպանվել նրանց հիշողության մեջ: «Օրերով տուն չէինք գնում, ձյան շերտը տեղ-տեղ 1-2 մ էր, ձնաբքից ճանապարհային նշանները ձյան տակ էին մնացել: Նոր տարվա օրերն էին, բոլորը շտապում էին բարեկամներին շնորհավորելու, 100-ից ավելի մեքենաներ խցանվել էին Գավառ-Մարտունի ավտոճանապարհին: Մարդկանց տեղափոխում էինք վրանային հենակետեր, ուտելիք, տաք թեյ հյուրասիրում, նույնիսկ ոմանց մեր տուն հյուր եմ տարել: «Ուրալ» ամենագնացով հեռավոր գյուղերից ենք հղի ու հիվանդ մարդկանց հիվանդանոց հասցրել»,- պատմում է Վաղարշակ Սիմոնյանը:

Ծառայության տարիներին մարդկանցից բազմիցս է շնորհակալական խոսքեր լսել, մարզային և համայնքային իշխանությունների կողմից շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացել, ԱԻ նախկին ու ներկա նախարարներ Արմեն Երիցյանի ու Դավիթ Տոնոյանի կողմից երկարամյա ծառայության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար արժանացել «10 տարի անբասիր ծառայության համար» հուշամեդալի, շնորհակալագրի և այլն: Անկեղծանում է՝ ոգեշնչվում է, երբ իրեն գնահատված է զգում: Նրա ամեն մի հաջողությամբ հպարտանում են նաև ընտանիքի անդամները: 16 տարի առաջ է ամուսնացել, կինը՝ Արևը, նույնպես Գավառի Արծվաքար թաղամասից է: Դեռ դպրոցական տարիներից են իրար հավանել, ավարտելուց հետո ամուսնացել, այժմ երկու երեխա ունեն՝ 15-ամյա Անին և 12-ամյա Վովան, որը պատանի երկրապահ է և սիրում է ոչ միայն փրկարար հոր, այլև զինվորականի համազգեստը:

Վաղարշակն ընտանիքի միակ փրկարարը չէ, նրա ավագ եղբայրը՝ Արմենը, նույնպես փրկարար ծառայության աշխատակից է: Մի քանի տարի հետո Գավառի ՀՓՋ-ի օղակի հրամանատար, փ/ծ ավագ Վաղիկը կանցնի վաստակած հանգստի, թեև այդ մտքի հետ ո՛չ ինքը, ո՛չ էլ ջոկատի անձնակազմն է ուզում հաշտվել:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ