Գլխավոր Նորություններ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

484
Տարածել

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2017-ի սեպտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները սեպտեմբեր ամսին իրականացրել են 2743 ելք, 766-ով ավելի, քան 2016-ի սեպտեմբերին: 1606 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 746` կենցաղային կանչ, 93` կեղծ ահազանգ, 298-ը` այլ դեպքեր: Արտակարգ դեպքերից զոհվել է 29 (այդ թվում` 4 կին, 4 երեխա) մարդ, տուժել` 1090 մարդ (այդ թվում` 240 կին և 130 երեխա): Փրկարարները 37 մարդու կյանք են փրկել (2016 թվականի սեպտեմբերին` 13 մարդու): 2016 թվականի սեպտեմբերի համեմատ զոհերի քանակը նվազել է 8-ով, տուժածներինը աճել 276-ով:

 

Հրդեհ

Գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 1289 ահազանգ (2016 թվականի սեպտեմբերին` 809 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 1103 դեպքում (2016 թվականի սեպտեմբերին` 687 դեպք): 79 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ, 70-ում` հրդեհի բռնկման սպառնալիք և ծխապատ գոտի, 37-ում` հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել և ահազանգել փրկարարներին: Հրդեհներից զոհվել է մեկ, տուժել 8 մարդ (2016 թվականի սեպտեմբերին` 0 զոհ, 7 տուժած): Նյութական վնասը` 176,96 միլիոն դրամ` 138 միլիոնով ավելի, քան 2016-ի սեպտեմբերին: Հրդեհների մեծ մասը` 721 դեպք, գրանցվել է բուսածածկ տարածքներում: Սրանից բացի կրակի բաժին են դարձել. աղբ` 103, առանձնատուն` 85, բնակելի շենք` 45, կրպակ, տնակ, ավտոտնակ` 37, տրանսպորտային միջոց` 22, անասնակեր` 9 և այլն: Քաղաքներում գրանցվել է 631 հրդեհ, գյուղերում` 472: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է թե քաղաքային, թե գյուղական հրդեհների քանակը: Երևանում գրանցվել է 272 հրդեհ: Մարզերից ամենաշատ հրդեհ գրանցվել է Կոտայքի քաղաքներում և գյուղերում` համապատասխանաբար` 127 և 130: Ամենաքիչ հրդեհներ եղել են Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի քաղաքներում` 11-ական և Արմավիրի գյուղերում` 10:

 

Ճանապարհատրանսպորտային պատահար` ՃՏՊ

2017 թվականի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 375 ՃՏՊ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 47-ով ավելի: ՃՏՊ-ներից զոհվել է 25, տուժել 525 մարդ: 2016 թվականի սեպտեմբերի համեմատ տուժածների թվաքանակն աճել է 76-ով, զոհվածներինը` նվազել 7-ով: ՃՏՊ-ների մոտ կեսը` 175 դեպք, բախումներն են, 112 դեպք` վրաերթ, 42 դեպք` տրանսպորտային միջոցների շրջում, 46 դեպք` այլ բնույթի ՃՏՊ:

 

Փլուզում

Սեպտեմբեր ամսին հանրապետությունում գրանցվել է 9 փլուզում` 6-ով կամ երեք անգամ ավելի, քան 2016-ի սեպտեմբերին: Փլուզումների կեսից ավելին` 5 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում, 1-ական դեպք Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում: Փլուզումներից 6-ը տեղի է ունեցել բնակելի շենքերում, շինություններում, 1-ն արտադրական օբյեկտում, 2-ը` այլ վայրերում:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 455 թունավորում, զոհվել է 1, տուժել` 462 մարդ: 2016 թվականի սեպտեմբերի համեմատ թունավորումների և դրանցից տուժածների թվաքանակներն աճել են, զոհերի թվաքանակը` նվազել: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ` 141 դեպք, քիմիական նյութեր` 79 դեպք, դեղորայք` 78 դեպք, կարիճի և սարդի խայթոց` 49 դեպք, մեղվի խայթոց` դեպք, սննդամթերք` 25 դեպք և այլն: Թունավորումների մեծ մասը գրանցվել է մայրաքաղաքում` 322 դեպք: Մարզերից ամենաշատ թունավորումներ եղել են Արմավիրում` 46 դեպք, ամենաքիչը` Սյունիքում` մեկ դեպք:

 

Այլ դեպքեր

2017-ի սեպտեմբերին գրանցվել է 3 պայթյուն, կենսաապահովման կոմունալ համակարգերի և մայրուղային խողովակաշարերի 2 վթար, 2 ուժեղ քամի, 2 համաճարակ, զենքի, զինամթերքի հայտնաբերման 2 դեպք, 1 կարկուտ և այլն:

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ